Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվայում կայացած հանդիպմանը արձանագրել են, որ հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները չեն պահպանվում:
Հայաստանի արտգործնախարարն այսօր ժամանել է Մոսկվա նախապես ծրագրված պաշտոնական այցով:
Հանդիպման սկզբում Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ հոկտեմբերի 9-ից 10-ը Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ բանակցություններ էին կայացել, որոնց արդյունքը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հայտարարությունն էր:
«Սակայն հրադադարը լիովին չի պահպանվում, ռազմական գործողությունները շարունակվում են», - ասել է Լավրովը՝ նշելով, որ ռուսական կողմը կշարունակի աշխատանքը կողմերի հետ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը հասնելու նպատակով:
Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, «իրական սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը» եւ դարձել է «մեր հայրենակիցների կյանքին սպառնացող գոյաբանական սպառնալիքի մարմնացումը, որը հասունանում էր տասնամյակների ընթացքում եւ որի մասին մենք անընդհատ խոսում էինք»:
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին եւ արտաքին գործերի նախարարին հոկտեմբերի 9-ից 10-ը կայացած բանակցություններում արդյունքի հասնելու գործում իրենց անձնական ներդրման համար:
«Այսօր կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ շարունակում է լայնածավալ ագրեսիան», - ասել է Զոհրաբ Մնացականյանը: Նա շեշտել է, որ Ադրբեջանը նպատակաուղղված թիրախավորում է Արցախի խաղաղ բնակիչներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում օգտագործելով արգելված զինատեսակներ:
Նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմը Թուրքիայի եւ վերջինիս կողմից ներգրավված արմատական զինյալների անմիջական մասնակցությամբ, ինչի վկայություններն ունի միջազգային հանրությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: