Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ Ադրբեջանի եւ Եվրոպական միության ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը պետք է համապատասխանի երկու կողմերի շահերին, եւ Բաքուն ԵՄ-ից «ավելի կառուցողական» մոտեցում է ակնկալում:
«Բանակցությունները շարունակվում են: Համաձայնեցված է փաստաթղթի 90 տոկոսը, սակայն կան որոշակի առեւտրային եւ էներգետիկ հարցեր, որոնց վերաբերյալ մենք ավելի կառուցողական մոտեցում ենք ակնկալում ԵՄ կողմից: Մենք կարծում ենք, որ համաձայնագիրը պետք է փոխշահավետ լինի», - ասել է նա:
2019թ. դեկտեմբերի 23-ին Իլհամ Ալիեւն ասել էր, որ կողմերը տարաձայնություններ ունեն երկու առանցքային հարցերի շուրջ: Առաջինը վերաբերում է առեւտրի ոլորտին, իսկ երկրորդը էներգետիկան է:
«Խոսքը հիմնականում էներգակիրների գնի մասին է: Մեզ առաջարկում են գազն արտահանել ներքին գնով: Ի՞նչ է դա նշանակում: Այսօր Ադրբեջանում բնակչության 85 տոկոսը գազի համար վճարում է արտոնյալ գին. մոտ $58՝ հազար խորանարդի համար: Եվրոպայում գները կազմում են $300-500՝ հազար խորանարդի դիմաց: Ստացվում է, որ մենք պետք է կամ կտրուկ բարձրացնենք ներքին գինը, ինչն անընդունելի է, կամ արտահանենք գազը $58-ով, ինչն անհնար է», - ասել էր Ադրբեջանի նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: