Երեւան: Մեդիամաքս: Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան, Giuliani Security and Safety ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուդի Ջուլիանին չեղարկել է իր այցը Երեւան, որտեղ նա պետք է մասնակցեր Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ռուդի Ջուլիանին The Washington Post-ին հաստատել էր իր մասնակցությունը կոնֆերանսին, սակայն ավելի ուշ հայտնել էր, որ Երեւան չի մեկնի:
«Ես չգիտեի, որ Պուտինն էլ է գնում», - ասել է Ջուլիանին The Washington Post-ին տված հարցազրույցում եւ ավելացրել է. «Խելամտությունը խիզախության լավագույն մասն է»:
The Washington Post-ը գրում է, որ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին մասնակցելու Ռուդի Ջուլիանիի որոշումը «ապշեցրել էր» ազգային անվտանգության փորձագետներին:
Ռուդի Ջուլիանին հաստատել էր The Washington Post-ին, որ վարձատրվելու է կոնֆերանսին մասնակցելու համար, սակայն չէր նշել գումարի չափը, ասելով միայն, որ այն փոխանցվելու իր ընկերությանը:
Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի կայքում ներկայացված ծրագրում նշված է, որ հոկտեմբերի 1-ին Ջուլիանին պետք է մասնակցեր «Ֆինանսական թվային տեխնոլոգիաներ-Եվրասիա մայրցամաքում տրանսպորտային փոխադրումների վճարային համակարգերի ինտեգրացիան եւ նոր հնարավորությունները» թեմայով քննարկմանը, որը վարելու է Ռուսաստանի նախագհի խորհրդական Սերգեյ Գլազեւը:
Համաժողովի առիթը հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստն է, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Համաժողովի կայքում նշվում է, որ նրանք մասնակցելու են միջոցառման փակմանը:
Ռուդի Ջուլիանին The Washington Post-ին ասել է, որ համաժողովի ծրագրին ծանոթ չի եղել: «Ես կարծում էի, որ պետք է խոսեմ անվտանգության հարցերով հայկական կոնֆերանսին», - ասել է նա:
Համաժողովի նախաձեռնողն ու համակարգող խորհրդի նախագահը Արա Աբրահամյանն է՝ Ռուսաստանի հայերի միության նախագահը:
Մեդիամաքսը նշում է, որ Ռուդի Ջուլիանին 2018 թվականի հոկտեմբերին մասնավոր այցով եղել էր Հայաստանում: Մասնավորապես, նա հանդիպել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: