Երեւան: Մեդիամաքս: Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ կոնֆերանսների կառավարման վարչության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ։
ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ 2016-ից մինչ օրս նա զբաղեցրել է Գլխավոր ասամբլեայի եւ կոնֆերանսների կառավարման վարչության հարցերով գլխավոր քարտուղարի փոխտեղակալի պաշտոնը։
Մովսես Աբելյանն ունի խաղաղության, անվտանգության, հակամարտությունների կարգավորման բնագավառներում գործունեության 25-ամյա փորձ, ղեկավարել է Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի եւ ծրագրերի ու հիմնադրամների Գործադիր խորհուրդների շրջանակներում մի շարք գործընթացներ:
2011թ. ապրիլից մինչեւ 2016թ. մարտը, զբաղեցնելով ՄԱԿ-ի ԱԽ հարցերով բաժանմունքի տնօրենի պաշտոնը, Մովսես Աբելյանը խորհրդատվություն է տրամադրել ԱԽ նախագահին, անդամներին, ինչպես նաեւ ԱԽ օժանդակ մարմիններին՝ ԱԽ աշխատանքներին, պրակտիկային ու ընթացակարգերին առնչվող հարցերի վերաբերյալ:
Ավելի վաղ զբաղեցրել է ԳԱ Վարչական ու բյուջետային հարցերով կոմիտեի (5-րդ կոմիտե) եւ Ծրագրերի ու համակարգման հարցերով կոմիտեի քարտուղարի պաշտոնները։
1998-2003թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, իսկ մինչ այդ` մշտական ներկայացուցչի տեղակալը։
Դիվանագիտական ծառայության ընթացքում նախագահել է ՄԱԿ-ի ԳԱ 5-րդ կոմիտեն եւ Մանկական հիմնադրամը, ինչպես նաեւ հանդիսացել է Զինաթափման հանձնաժողովի փոխնախագահ, խաղաղապահ գործողությունների ֆինանսավորման բարեփոխումների հատուկ բանակցող եւ ԳԱ 57-րդ նստաշրջանի կազմակերպության բարեփոխումների հարցերով համակարգող։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: