Ամենակարեւորը Հայաստան-Հունաստան-Կիպրոս հարթակի մասին - Mediamax.am

Հունվար 26, 2026
4120 դիտում

Ամենակարեւորը Հայաստան-Հունաստան-Կիպրոս հարթակի մասին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 4-ին Նիկոսիայում կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձեւաչափով առաջին եռակողմ հանդիպումը՝ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Յորգոս Կատրուգալոսի եւ Նիկոս Քրիստոդուլիդեսի մասնակցությամբ:

Ներկայացնում ենք ամենակարեւորը նոր ձեւաչափի մասին:

 

Խաղաղության խթանում

 

Արտգործնախարարները համաձայնության եկան Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործընկերության հաստատման շուրջ, որի նպատակն ընդլայնված քաղաքական երկխոսության եւ համագործակցության միջոցով երեք երկրների միջեւ խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանումն է։

 

Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունն ընդլայնելու եւ խորացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առեւտուրը, ներդրումները, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ նորարարությունը, զբոսաշրջությունը եւ մշակույթը:

 

Հետագա քայլերը

 

Մասնակիցներն ուրվագծեցին եռակողմ ձեւաչափով ձեռնարկվելիք հետագա քայլերը: Մասնավորապես, որոշում կայացվեց է Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի ղեկավարների եռակողմ ձեւաչափով առաջին հանդիպումն անցկացնել Հայաստանում 2020թ. հունվարին։

 

Հակամարտություններ

 

«Նախարարները մտքեր փոխանակեցին Կիպրոսի հիմնախնդրի եւ Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու խախտումների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի եւ Պրեսպայի համաձայնագրի կիրարկման շուրջ», - ասված է նախարարների համատեղ հայտարարության մեջ:

 

«Շատ կարեւոր հարթակ»

 

Հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է.

 

«Սա շատ կարեւոր հարթակ է մեր երեք երկրների միջեւ գոյություն ունեցող ավանդական բարեկամությունն ամրապնդելու տեսանկյունից: Սա պատմական բարեկամություն է, սա քաղաքակրթական, արժեքների վրա հիմնված բարեկամություն է, որը մենք՝ որպես ինքնիշխան պետություններ, որպես ազգ-պետություններ պետք է վերածենք գործնական համագործակցության՝ ի շահ մեր ազգերի եւ ժողովուրդների»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին