Երեւան: Մեդիամաքս: ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի՝ Հայաստանի մասով համազեկուցողներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ի կոչի վերաբերյալ։
«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է ձեռնպահ մնան գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա»,- ասել են ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան եւ Անդրեյ Շիրցելը։
«Առանց այս որոշման սկզբունքների վերաբերյալ կանխակալ կարծիք հայտնելու՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայմանն է, եւ որ օրենքի գերակայությունը լավագույնս արտահայտվում է քաղաքական ուժի կողմից որեւէ միջամտության բացակայության դեպքում։ Գոյություն ունեն օրինական գործընթացներ, ինչպիսիք են բարձրագույն դատական համակարգին դիմելը, դատարանի կողմից կայացված կասկածելի թվացող որոշումները բողոքարկելը։ Օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ենթադրում է հարգանք այն գործընթացների նկատմամբ, որոնք գոյություն ունեն բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք»,- հավելել են ԵԽԽՎ համազեկուցողները:
Մյուս կողմից, նրանք ընդգծել են, որ «տվյալ դատական որոշման (Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին-խմբ.) վերաբերյալ հանրության արձագանքն ընդգծում է, որ դատական համակարգի հանդեպ վստահությունը դեռեւս ցածր է»:
«Դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնային լինել եւ մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոլորտի բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաեւ դրանք Եվրոպայի խորհրդի հետ իրականացնելու նրա ցանկությունը»,- ասել են համազեկուցողները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: