Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 22-ին Դավոսում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ոչ պաշտոնական հանդիպումը:
«Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիեւի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տեւեց մոտ ժամուկես», - գրել էր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում:
Մեդիամաքսը նշում է, որ սա Փաշինյանի եւ Ալիեւի երրրոդ շփումն էր:
Առաջինը կայացել էր 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում: Այդ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել էին կողմերի միջեւ ուղիղ կապի հաստատման եւ շփման գծում լարվածության նվազեցման մասին:
2018թ. հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում՝ Արեւելյան Գործընկերության նախարարական հանդիպմանը, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր.
«Լավ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ, որը նպաստել է դրական դինամիկային, եւ մենք նպատակադրված ենք ամրապնդել այն»:
2018թ. դեկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրուցել էր Իլհամ Ալիեւի հետ:
«Խոսել ենք գերիների փոխանակման մասին, ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք։ Գիտեք, որ իրենք առաջարկել են բոլորը բոլորի դիմաց սկզբունքը, բայց մենք այդտեղ խնդիր ունենք: Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք»,- ասել էր Փաշինյանը:
2018թ. դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղի հարցում նոր բան չկա, ակտիվությունն այնքանով է, որքանով տեսնում է հանրությունը»։
«Այսօրվա ակտիվությունը կարող ենք համարել ցածր կամ վերջին 25 տարում եղած ցածրից մի քիչ բարձր»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: