Մնացականյանը կայցելի Իսրայել եւ լավատես է կապերի գարգացման հարցում - Mediamax.am

3982 դիտում

Մնացականյանը կայցելի Իսրայել եւ լավատես է կապերի գարգացման հարցում


Լուսանկարը` Armenpress


Երեւան: Մեդիամաքս: Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ շուտով Իսրայելը դեսպանություն կունենա Հայաստանում, իսկ Հայաստանը՝ Իսրայելում:

Զոհրաբ Մնացականյանի խոսքերը մեջբերում է The Jerusalem Post պարբերականը «Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունները ջերմանո՞ւմ են» հոդվածում:

 

«Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ կարծում եմ, որ դա շուտով տեղի կունենա: Մենք ավելի քան ուրախ կլինենք նոր որակ հաղորդել Իսրայելի հետ մեր հարաբերություններին», - ասել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը:

 

Հայ-իսրայելական կապերի զարգացման համար մեծ ներուժ կա

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ կլինի դեսպանություն բացել Երուսաղեմում (ոչ թե Թել Ավիվում-Մեդիամաքս), Զոհրաբ Մնացականյանն ասել է.

 

«Մենք գիտակցում ենք այս հարցի զգայունությունը եւ ամեն ջանք կգործադրենք, որպեսզի դրական քայլ կատարենք»:

 

Առաջիկա այց

 

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ Հայաստանը կարող է շատ բան առաջարկել Իսրայելին գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների, ինչպես նաեւ ինովացիոն կրթական ծրագրերի ոլորտներում: Նա նկատել է, որ Հայաստանում ստեղծվում են բջջային հավելվածներ, որոնք միլիոնավոր օգտատերեր ունեն:

 

Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը

«Նախատեսում եմ առաջիկայում այցելել Իսրայել՝ համատեղ ձեռնարկությունների գաղափարը առաջ մղելու նպատակով», - ասել է Զոհրաբ Մնացականյանը:

 

Ցեղասպանության ճանաչման խնդիրը

 

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը մեկնաբանել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ քվեարկության չեղարկումը Իսրայելի Քնեսեթում.

 

«Այդ քվեարկությունը լինելու էր ոչ միայն Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին: Այն բարոյական դիրքորոշում որդեգրելու մասին էր: Իմ նախնիները փրկվել էին Ցեղասպանությունից եւ ապաստարան գտել Թբիլիսիում: Իմ շատ ազգականներ սպանվել էին Ցեղասպանության ժամանակ: Բայց մենք մեզ զոհ չենք համարում: Մենք հաղթողներ ենք, քանի որ չպիտի մնայինք երկրագնդի երեսին: Չեմ կարող ասել, որ մենք հիասթափված չէինք այն փաստից, որ այդ քվեարկությունն ի վերջո չկայացավ: Մենք գիտենք, որ այս հարցը առեւտրի առարկա է դարձել Թուրքիայի հետ ձեր հարաբերություններում, ինչը շատ տհաճ է»:

 

Հնարավոր ռազմական համագործակցությունը

 

Խոսելով երկկողմ ռազմական համագործակցության հնարավորությունների մասին, Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ «Իսրայելի կողմից սպառազինությունների վաճառքը Ադրբեջանին չի նշանակում, որ մենք չենք ցանկանա հարաբերություններ զարգացնել Իսրայելի հետ, այդ թվում՝ ռազմական ոլորտում»:

 

Մեկնաբանելով Ավիգդոր Լիբերմանի հրաժարականը Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնից, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն ասել է.

 

«Չեմ կարծում, որ պիտի քունս կորցնեմ այդ պատճառով: Նա մի մարդ էր, ով զենք էր վաճառում մեր հակառակորդին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին