Վրաստանի հետ թեւակոխում ենք նորագույն շրջան, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

Փետրվար 25, 2026
3738 դիտում

Վրաստանի հետ թեւակոխում ենք նորագույն շրջան, ասել է ՀՀ նախագահը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ «Հայաստանն ու Վրաստանը թեւակոխում են նորագույն պատմության մի շրջան, որն առանց վարանելու կարելի է բնութագրել որպես եղբայրական եւ գործընկերային»:

Այս մասին նախագահը նշել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմանը:

 

«Իհարկե, այս լուրջ պատմական հարստությունը նախադրյալներ է ստեղծում գործընկերության նոր ուղղություններ նախանշելու եւ իրականացնելու համար: Ներկայումս մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն առկա է չիրացված մեծ ներուժ, հատկապես՝ տնտեսության ոլորտում: Վստահ եմ, որ Ձեր այս այցելությունը նոր խթան է հանդիսանալու մեր երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,- նշել է Արմեն Սարգսյանը:

 

Մամուկա Բախտաձեն էլ նշել է, որ առանձնահատուկ պատիվ է վարչապետի կարգավիճակով հյուրընկալվել Հայաստանում:

 

«Մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նշեցիք, բարձր մակարդակի վրա են գտնվում, սակայն տնտեսական բնագավառում իսկապես ունենք չօգտագործված ներուժ: Այսօր իմ գործընկերների հետ մանրամասնորեն խոսել ենք համագործակցության ուղղությունների մասին»,- ասել է Վրաստանի վարչապետը:




Մեր ընտրանին