Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները փայլուն են, եւ խնդիր կա այդ կապերի տնտեսական բաղադրիչը բովանդակային մակարդակին համապատասխանեցնելու»:
Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երեւանում՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման արդյունքներով:
«Իմ կարծիքով՝ այս այցի արդյունքներով նոր խթան կհաղորդվի Հայաստանի եւ Վրաստանի քաղաքական, հումանիտար եւ տնտեսական հարաբերություններին: Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել եւ մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Կոնկրետ խնդիր է ձեւակերպվել՝ առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առեւտրաշրջանառությունը հասցնել $1 մլրդ-ի մակարդակին»,- ասել է Հայաստանի վարչապետը:
Նրա խոսքով՝ այս հավակնոտ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ:
Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ փոխադարձ ամեն այցից հետո հայ-վրացական կապերը դառնում են ավելի բարեկամական:
















