ԵՄ-ն Հայաստանից «կոնկրետ գաղափարներ» է ակնկալում - Mediamax.am

7263 դիտում

ԵՄ-ն Հայաստանից «կոնկրետ գաղափարներ» է ակնկալում


Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ «Եվրամիությունը հայ գործընկերներից կոնկրետ գաղափարներ է ակնկալում, թե նրանք ինչ ձեւով եւ ինչ ճանապարհով են ակնկալում ԵՄ աջակցությունը»:

«Իմ՝ որպես ԵՄ դեսպանի պարտականությունն է տեսնել, թե ինչպես կարող ենք կոնկրետ գործողությունների միջոցով աջակցել հայաստանյան բարեփոխումներին: Մենք շատ բաց ենք՝ լսելու ՀՀ կառավարության ակնկալիքները: Ես հանդիպումներ եմ ունեցել նոր կառավարության տարբեր ներկայացուցիչների հետ, եւ ամեն անգամ մենք պարզ հարց ենք տալիս՝ ինչպե՞ս կարող ենք օգնել, ի՞նչ եք ակնկալում մեզանից»,- ասել է Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «ժողովրդավարական Հայաստանն ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում Եվրամիությունից»:

 

 

Դեսպանն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի շրջանակում ԵՄ պաշտոնյաների ուղերձները «հզոր էին եւ բարեկամական»՝ նրանք ողջունել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցել բարեփոխումների ընթացքին:

 

«Որոշ նախարարություններից արդեն ստացել ենք ԵՄ աջակցության վերաբերյալ գաղափարներ: Այժմ ցանկանում ենք, որպեսզի պատկերն ավելի ընդգրկուն լինի»,- ասել է դեսպանը:

 

 

Նա հստակեցրել է, որ ակնկալվող աջակցության բնույթը հիմնականում ինստիտուցիոնալ է, տեխնիկական եւ ֆինանսական:

 

«Շատ նախարարներ նոր են կառավարության կազմում, նրանք դեռ պետք  է հասկանան՝ ինչն է լավ Հայաստանի համար, եւ մենք հասկանում ենք, որ դա ժամանակ է պահանջում»,- նկատել է դեսպանը:

 

 

 

Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ շաբաթվա վերջին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան: Նա հանդիպումներ կունենա նախարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այլ դոնորների հետ եւ կքննարկի աջակցությանը վերաբերող բոլոր հարցերը:

 

«Գնահատված կարիքները պետք է շատ հստակ լինեն՝ կոնկրետ ծրագրեր, վերջնաժամկետներ: Երբ դրանք սեղանին ունենանք, կկարողանանք քննարկել հետագա անելիքները»,- նշել է ԵՄ դեսպանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին