Պյոտր Սվիտալսկի. Հայաստանում իրական շրջադարձի հնարավորություն կա - Mediamax.am

exclusive
27827 դիտում

Պյոտր Սվիտալսկի. Հայաստանում իրական շրջադարձի հնարավորություն կա

Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ

 

-Պարոն Սվիտալսկի,  հունիսի 22-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի արդյունքներով հրապարակված համատեղ մամուլի հայտարարությունում Եվրամիությունը «ողջունել էր Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը պայքարել կոռուպցիայի դեմ եւ այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները»: Սա նշանակու՞մ է արդյոք, որ ՀՀ նախորդ կառավարություններն այս ուղղությամբ հստակ քայլեր չէին ձեռնարկում։

 

- Բրյուսելում վերջերս տեղի ունեցած քննարկումների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի թեման գլխավորներից մեկն էր։ Գործընկերության խորհրդի նիստում հայկական կողմն իսկապես հայտնել է կոռուպցիայի դեմ պայքարելու իր վճռականության մասին՝ այն նշելով որպես նոր կառավարության ամենակարեւոր առաջնահերթություններից մեկը: Եվրոպական միությունն էլ հայտարարել է, որ այդ հավակնոտ նպատակները կյանքի կոչելու համար պատրաստ է Հայաստանի կառավարությանը եւ Հայաստանին տրամադրել ամեն անհրաժեշտ աջակցություն։ Սա շատ նշանակալի է։ 

 

Քաղաքական կամքը առանցքային է եւ այսօր մենք կարող ենք ասել, որ Հայաստանը ձեւավորել է այդ անհրաժեշտ քաղաքական կամքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարն այլեւս անշրջելի է Հայաստանում, ինչը կրկին ոգեւորում է մեզ ավելի հակված լինել աջակցելուն։ Կարծում ենք՝ այսօր հնարավորություն կա իրական շրջադարձ կատարելու համար։ 

 

Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար կան նաեւ այլ անհրաժեշտ տարրեր՝ լավ օրենքները, օրենսդրությունը, ինստիտուտները,  հանրային աջակցությունը եւ իրազեկումը։ Այս բոլոր տարրերի պարագայում ԵՄ-ն փորձել է անել առավելագույնը՝ օգնելու Հայաստանին արդյունքների հասնելու համար։ Շատ հետաքրքիր է, որ վերջին զարգացումների՝ ներառյալ որոշ մարդկանց ձերբակալումների հիմքում գործող օրենսդրությունն է, ինչը նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար արդեն այսօր կան ուժեղ օրենսդրական հիմքեր։  

 

Այդուհանդերձ, մենք կարծում ենք, որ այն հնարավոր է ավելի ամրագրել։ Մենք կոնկրետ առաջարկներ ունենք այն մասին, թե օրենսդրական փոփոխությունները որ ուղղությամբ կարող են ընթանալ եւ պատրաստ ենք աջակցություն տրամադրել։ Սեպտեմբերին Եվրոպական միությունը Հայաստանում կոռուպցիայի թեմայով գործընկերային վերանայում (peer review) է կազմակերպելու, որի շրջանակում եվրոպական երկրներից փորձագետներ կգան եւ կներկայացնեն եվրոպական փորձը, մասնավորապես, օրենսդրական եւ ինստիտուցիոնալ լուծումները։

 

Նոր կառավարությունը հայտարարել է ընդգրկուն հակակոռուպցիոն մարմին ստեղծելու իր մտադրության մասին։ Եվրոպական միությունը ողջունում է դա, քանի որ դա այն է, ինչի օգտին մենք երկար տարիներ հանդես ենք եկել։ Կարծում ենք, որ այս հաստատությունը արժանի է աջակցության եւ մենք կառավարության հետ կքննարկենք, թե ինչ չափով կարող ենք աջակցել, եթե, իհարկե, հետարքրքություն լինի։ 

 

-Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ կոռուպցիայի դեմ ուղղված վերջին քայլերը եւ ձերբակալությունները «քաղաքական ենթատեքստ» ունեն։ Ի՞նչ կարծիքի եք Դուք։

 

- Անհրաժեշտը դատական համակարգի անկախությունն է, քանի որ, երբ գործ ունես կոռուպցիայի հետ, անկախ եւ ուժեղ դատարաններն են երաշխիքը, որ ընտրողական արդարություն կամ «վենդետաներ» տեղի չեն ունենում։ Ես պատճառ չունեմ մտածելու, որ վերջին գործուղությունները քաղաքական ենթատեքստ ունեն: Բոլոր գործողությունները իրականացվել են թափանցիկ եւ հիմնավոր։ Այդուհանդերձ, քաղաքական գործոնը բացառելու համար Հայաստանում պետք է լինեն անկախ դատարաններ եւ դատավորներ։ Կարծում եմ, որ Հայաստանը դա եւս կարող է անել։ 

Պյոտր Սվիտալսկին Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

-ԵՄ-ն ինչպիսի՞ դեր կարող է ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար այլեւս որեւէ դրամաշնորհ միջազգային կառույցից չեն վերցնելու, քանի որ գտնում են, որ կոռուպցիան վերացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք, իսկ այդ կամքը նոր կառավարությունն ունի։

 

-Համաձայն եմ, որ քաղաքական կամքի ձեւավորման կամ դրսեւորման պարագայում փողի գործոնը դեր չի խաղում։ Երբ քաղաքական կամքի առկայությունը վերածվում է կոնկրետ գործողությունների, մենք պատրաստ ենք աջակցել։ Հայաստանի կառավարությունը պետք է որոշի, թե ինչ ծավալի համագործակցություն է ցանկանում իր արտաքին գործընկերների հետ։ Մենք կարծում ենք, որ նման համագործակցությունը օգտակար է ինստիտուտների աշխատանքի վերաբերյալ եվրոպական երկրների փորձի ներկայացման եւ լավ օրենքներ ստեղծելու առումով։ Հայաստանը պետք է ընտրի իր սեփական ուղին կամ մոդելը, եւ մենք պատրաստ ենք կիսվել փորձառությամբ։ 

 

-Կարո՞ղ ենք ասել, որ այսօր եվրոպական ներդրողները ավելի հետաքրքրված են քննարկել կոնկրետ ծրագրեր Հայաստանում։

 

- Մենք նշել ենք, որ եթե դուք հաջողեք կոռուպցիայի դեմ պայքարում, ապա վաղ թե ուշ դա կխրախուսի արտաքին ներդրողներին։ Մենք եվրոպացի ներդրողներից ազդակներ էինք ստանում, որ դա շատ կարեւոր է։ 

 

Կարող եմ մեկ օրինակ բերել։ Նախկինում մենք տեղեկություններ էինք ստանում արեւմտյան սուպերմարկետների ցանցից, որ նրանք հավասար վերաբերմունքի չեն արժանանում, եւ նոր կառավարությունը անմիջապես լուծեց այդ խնդիրը։ Այս անարդար վերաբերմունքը մի գործոն էր, որը հավանական ներդրողներին հետ էր պահում, որովհետեւ բոլորը գիտեին խնդրի մասին, բայց ոչինչ չէր արվում։ Ես շատ վստահ եմ, որ ներդրողները կգան այստեղ, երբ դուք ունենաք իսկապես բաց դռների քաղաքականություն, երբ իսկապես ապացուցեք, որ այդ ներդրողները արդար վերաբերմունքի կարժանանան։

 

- Հայաստանում քննարկում են, թե ո՞րն է լավագույն ժամկետը արտահերթ ընտրությունների անցկացման համար։ Ի՞նչ եք կարծում, դրանք կարո՞ղ են կայանալ աշնանը, թե դա իրատեսական չէ՝ հաշվի առնելով, որ Ընտրական օրենսգիրքը բարեփոխման կարիք ունի։

 

-Մենք պատրաստ ենք աջակցել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում։ Կարծում եմ՝ լավ է, որ խորհրդարանում քննարկումներ են սկսվել, քանի որ ապագա ընտրությունների վերաբերյալ բոլոր քաղաքական ուժերի միջեւ իրական երկխոսությունը շատ կարեւոր է։ Հայաստանի կառավարությունը արդեն իսկ սերտ կապ է հաստատել պոտենցիալ դոնորների, այդ թվում՝ ԵՄ-ի հետ։ Այսպիսով՝ մենք տեղյակ ենք, որ գործընթացն ընթանում է։ Երբ կտեսնենք նոր Ընտրական օրենսգիրքը եւ դրանով նախատեսվող տեխնիկական միջոցները, կարող ենք քննարկել, թե ինչով կարող ենք օգնել։

 

-Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսին Բրյուսելում հանդիպումներ է ունենալու ԵՄ ղեկավարների հետ։ Կասե՞ք, թե ում հետ է նա հանդիպելու։ 

 

- Միայն կարող եմ ասել, որ վարչապետին Բրյուսելում ջերմ են ընդունելու։ ԵՄ-ն ողջունում է եւ պատրաստ է աջակցել նրա նախաձեռնություններին՝ կապված կոռուպցիայի դեմ պայքարին, անկախ դատական համակարգին, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հավասար վերաբերմունքին։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը հիմա լավ ծրագիր ունի, որը կարող է լավ արդյունքներ ապահովել:

 

Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է կարեւոր խողովակ լինել Հայաստանին տրամադրվող աջակցության համար։ 

 

Պյոտր Սվիտալսկու հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին