Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանին չի հաջողվել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գործադիր խորհրդի նստաշրջանում հակահայկական բանաձեւ անցկացնել:
2014թ. աշնանը Սամարղանդում տեղի ունեցած՝ ՄԱԿ-ի ԶՀԿ ԳԽ 99-րդ նստաշրջանում Ադրբեջանը հանդես էր եկել կազմակերպության նպատակներին հակասող քաղաքականացված բանաձեւի նախագծով, որը հայկական պատվիրակության ջանքերով հանվել էր օրակարգից առանց քննարկվելու եւ փոխանցվել Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային կոմիտե:
Գործադիր խորհրդի անդամներն այդ ժամանակ արձանագրել էին, որ հարցը հակասում է կազմակերպության առաքելությանը եւ նպատակներին:
Օրերս ադրբեջանական մամուլն ապատեղեկատվություն է տարածել՝ հաղորդելով, թե իբր ս.թ. մայիսի 27-29-ը Խորվաթիայի Ռովին քաղաքում տեղի ունեցած՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գործադիր խորհրդի 100-րդ նստաշրջանում ընդունվել է նշված բանաձեւը:
Մեդիամաքսի աղբյուրների հաղորդմամբ, իրականում Գործադիր խորհուրդը միայն քննարկել է Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային կոմիտեի խորհրդատվական բնույթի առաջարկությունը՝ առանց անդրադառնալու Ադրբեջանի կողմից երկրորդ անգամ ներկայացված բանաձեւի նախագծին՝ չնայած ադրբեջանական կողմի ապարդյուն դիմադրությանը:
Արդյունքում Գործադիր խորհուրդը ի գիտություն է ընդունել Էթիկայի կոմիտեի խորհրդատվական առաջարկությունը՝ նշելով, որ տվյալ թեմայով ցանկացած այլ հարցի դեպքում միակ հղումը կարող է լինել ի գիտություն ընդունված այդ առաջարկությունը:
Առաջարկությունում նշված է, որ զբոսաշրջությունը նպաստում է «միջազգային հակամարտությունների եւ պետությունների միջեւ հակասությունների մեղմացմանը, աշխարհում խաղաղության հաստատմանը»:
Խորհրդի նիստում հանդես եկած պատվիրակություններն իրենց գրավոր եւ բանավոր ելույթներում խստորեն դատապարտել են կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու ադրբեջանական հերթական փորձը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: