Երեւան: Մեդիամաքս: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանն այսօր Մեդիամաքս-ին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ փաստաբան Ամալ Ալամուդին Քլունին կպաշտպանի Հայաստանի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի շրջանակներում:
Ամալ Ալամուդինը ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինն է:
Քրիստինե Մելքոնյանը Մեդիամաքս-ին հայտնել է, որ Ամալ Ալամուդինն ի թիվս այլ փաստաբանների ընդգրկվել է մասնագետների այն խմբի կազմում, որը ներկայացնելու է ՀՀ շահերը ՄԻԵԴ-ում: Խմբում ընդգրկված է նաեւ հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը, որը գիրք է հեղինակել Հայոց Ցեղասպանության մասին:
Ամալ Ալամուդինը մասնագիտացած է մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի, արտահանձման հարցերում: Նրա փաստաբանական ծառայություններից օգտվել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
Այս տարվա սեպտեմբերին ՄԻԵԴ-ը հաստատեց Հայաստանի Հանրապետության՝ երրորդ կողմ «Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով մասնակցությունը:
2007թ. մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը դարձավ առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Ցեղասպանության մերժման համար: Նա հայերի ցեղասպանությունն անվանում էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի տվեց ռասայական խտրականության հոդվածով:
«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիա» գործը քննվում է շուրջ 9 տարի:
Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ՄԻԵԴ էր դիմել այս տարվա օգոստոսին:
Նիստը նախատեսված է 2015թ հունվարի 28-ին:
Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով որպես երրորդ կողմ ներգրավված է նաեւ Թուրքիան:
Ս.թ. մարտին Մեդիամաքս-ը հանգամանորեն անդրադարձել էր «Փերինչեք v. Շվեյցարիա» գործին դրա եւ հնարավոր հետեւանքներին Հայաստանի համար: Այդ հոդվածը կարող եք կարդալ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: