Հովիկ Աբրահամյանը Իրանի նախագահին է փոխանցել 2015թ. ապրիլի 24-ին Երեւան այցելելու ՀՀ նախագահի հրավերը - Mediamax.am

Հոկտեմբեր 10, 2025
4009 դիտում

Հովիկ Աբրահամյանը Իրանի նախագահին է փոխանցել 2015թ. ապրիլի 24-ին Երեւան այցելելու ՀՀ նախագահի հրավերը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015թ. ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Հովիկ Աբրահամյանը հրավերը փոխանցել է ԻԻՀ նախագահի նստավայրում կայացած հանդիպման ժամանակ:

 

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Իրան կատարած պաշտոնական այցը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:

 

«Հայաստանում բարձր են գնահատում Իրանի հետ ձեւավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք խարսխված են մեր ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության հիմքերի վրա: Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում իրականացվում են, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական եւ գործնական կապերն ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

 

Հասան Ռոհանին նշել է, որ Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական կողմի նախաձեռնություններին, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը:

 

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է ընձեռում ստանձնել այդ կառույցի անդամների եւ օտարերկրյա գործարար համայնքների համար կապող օղակի դերակատարություն: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ներդրումների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին