Արամ Ասատրյան. Իմ աղջիկը - Mediamax.am

10623 դիտում

Արամ Ասատրյան. Իմ աղջիկը


Լուսանկարը`


Նորից առավոտ, բայց այսօր այն իմ կյանքի նույնօրինակ ու սովորական առավոտներից մեկը չէ: Շնորհավորանքների տեղատարափը, խենթացնող երջանկությունն ու ներսումս եռացող  ուրախությունը, հույզերի փոթորիկ էին առաջացրել իմ հոգում: Ես հայր եմ …

 

Լույս աշխարհ եկար դու, իմ փոքրիկ աղջնակ, իմ սիրուց արարված ու աստվածային կամքով շունչ առած էակ: Եկար ու քո առաջին ճիչով կյանքիս նոր երանգ պարգեւեցիր,իմ մեջ խարսխելով իրական երջանկության զգացումն ու հայր դառնալու բերկրանքը; Որքան երկար եմ սպասել այս երանելի օրվան, իմ կյանքի մեծագույն հրաշք, իմ արեւաշող ու վառ գարուն, արեւից պոկված լուսավոր շող, աստվածային պարգեւ, իմ փոքրիկ, դու ծնվեցիր ու քո արարմամբ վերաիմաստավորեցիր կյանքս: Երբ առաջին անգամ քեզ, իմ նորածին աղջնակ իմ հայրական գիրկն առա, սեղմեցի քեզ կրծքիս ու զգացի որքան ես դու թույլ ու անօգնական այդ պահից սկսած իմ ուսերին դրվեց հայրական պարտականություն քո կողքին լինելու, քեզ իմ խորհուրդներով այս բարդ կյանքին պատրաստելու եւ քեզ երջանկացնելու  համար:

 

Սիրում եմ քեզ աղջիկս, դու իմ մասնիկն ես, սիրտս ես ու արեւս, քո ջերմությունից իմ ներսում ծվարած սերը ծոր է տալիս դեպի քեզ, դու իմ շարունակությունն ես, իմ ամեն առավոտը քեզնով է բացվում…իմ փոքրիկ, բարի ու քնքուշ ժպիտ:

 

Դու իմ սպասված ուրախություն, քո մանկական  թոթովանքով, ջերմ գգվանքներով, չարաճճի աշխույժ անցուդարցով ուրախության փոթորիկ ես առաջացնում ու պարգեւում անբացատրելի սիրո գոհունակություն:Որքան մաքրություն կա քո թովիչ աչքերի երկնային ջինջ անհունում,ուզում եմ մնաս այսքան պարզ ու շիտակ, անչար ու բարի, հոգիդ լինի նույնչափ անաղարտ ու հրեշտակային, ինչպիսին բարձրյալն է քեզ արարել:

 

Գիտես հաճախ ինքս ինձ հարցնում եմ, արդյոք ես ու մայրդ քեզ կյանք պարգեւեցինք, թե՞ դու մեզ: Սիրելիս, իմ նուրբ ու դյութական, արեւն արդեն բարեւել է քեզ իր լույս ճառագայթներով ողողած, իսկ դու դեռ խաղաղ քնած ես եւ այս լռության մեջ լսվող շնչառությունդ լցնում է հոգիս անսահման երջանկությամբ ու  կարծես արյունն ալիքվում է երակներումս: Աղջիկս, իմ Կարոլինա, չգիտեմ արդյոք ի զորու եղա քեզ այս տողերով արտահայտել սրտումիս եղածն ու հոգովս զգացածը :

 

Դու իմ կես, իմ ես … Ես կյանքիցս շուտ սիրում եմ ՔԵԶ:

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին