2013թ., 31-ը մայիսի
Բարև պապուլ ջան,
Ես դեռ գրել-կարդալ չգիտեմ, դրա համար մաման է գրում իմ անունից:
Ես դեռ չգիտեմ ով եմ, բայց արդեն կամ: Ես դեռ չգիտեմ ուր եմ գալիս, բայց համոզված եմ, որ բոլորդ անհամբեր ինձ եք սպասում:
Պապուլ ջան, հիմա բոլորս միասին պետք է աղոթենք Աստծուն, որ իմ ճանապարհը լինի հարթ՝ առանց խոչնդոտների, որ ես առողջ բալիկ լինեմ:
Դե ձեզ համբուրում եմ․ լցվում ենք համբերությամբ, որ շուտով հանդիպենք:
Հա, մի բան էլ, պապուլ ջան, մամային չնեղացնես, լա՞վ, որովհետև ես ամեն բան զգում եմ արդեն:
Դե գալիս եմ՝ ձեր հրաշք ու սպասված փոքրիկ՝
Էռնա Գոռի Հարությունյան
2013թ., 1-ը հունիսի
Բարև Աղջիկս,
Բյուրավոր ողջո՛ւյն Քեզ՝ դեռ լիարժեք մարդկային կերպարանք չառած իմ հավերժության գրավական ու երաշխավոր: Իմ սպասված, իմ փափագած, իմ երազած… Դուստր, Դու արդեն բռնել ես հավերժությունից եկող ու հավերժություն տանող ճամփան. գիտեմ, երկար ու խոտոր է անցնելիքդ՝ Զավակս, զգույշ եղիր, ոտքդ չդիպչի խութ ու քարի, տե՛ս, հանկարծ փուշ ու տատասկ չմտնի դեռ ոչ լիարյուն մատիկդ, թե չէ ես անդարձ կթշնամանամ քար ու խութերի, փուշ ու տատասկի հետ:
Դու պիտի գաս ու Քո պայծառ լինելիությամբ սրբագրես իմ անցյալն ու ներկան՝ Խաղաղության որթատունկը լինես իմ խոպանված հողում, հաշտեցնես սերմնացանին Հողի հետ՝ ինձ ու Աշխարհին, ինձ ու ինձ: Քո գալուստը պիտի սփոփի իմ կորուստները՝ ինձ Շնորհված Աղջիկս, բերածդ Լույսը պիտի հավասարակշռի իմ ներսի մութը՝ իմ անդրանիկ Բալա։ Լսի՛ր ու անսա դեռ չհայրացած հորդ հորդորին՝ Լույս ու Օրհնություն սփռիր գալիք ճանապարհիդ, որ քեզնից հետո եկողները չմոլորվեն, չխարխափեն․․․ ետ չդառնան, քանզի Նրանք էլ գալու են՝ մեղմելու Քո՛ վաստակած Հոգնությունը, բորբոքելու Լույսն ու Հույսը, թերակշռելու մութն իմ ներսի, մտերմացնելու ինձ ու աշխարհին, հարազատացնելու ինձ ու ինձ․․․
․․․ Ճի՛շտ է՝ Դու գրել-կարդալ չգիտես, ի՞նչ փույթ՝ ես ու մայրդ կսովորեցնենք, ճի՛շտ է՝ Դու դեռ չգիտես, թե ով ես Դու, հոգ չէ՝ ես ու մայրդ գիտենք Քո արմատն ու սաղարթը, ճի՛շտ է՝ չգիտես, թե ուր ես գալիս, ոչինչ՝ ես ու մայրդ գիտենք այս մոլորակում Քեզ դիմավորելու հավուր պատշաճը․․․
Իսկապես, հիմա մենք բոլորս միասին պետք է աղոթենք Տիրոջը, որ Դու բարեհաջող թիավարես միանձն ու հասնենս Ընտանեկան ափ։ Սակայն, Աղջիկս, Քո աղոթքն ամենազուլալն ու անմեղն է, ամենամոտն Աստծուն, Դո՛ւ աղոթիր սկզբում, Դո՛ւ աղոթիր և վերջում՝ սրբությամբ սկսելու և սրբորեն ավարտելու մեր միջնառաք աղոթքներն առ Բարձյալ։
․․․ Տե՛ս, ինձ չնեղացնես, թե չէ մայրդ արդեն ամեն բան զգում է․․․
․․․ Համբուրում եմ իմ հրեշտակ Բալա։ Ողջունի՛ր Աստծուն իր անառակ որդուց։
Հպարտությամբ Քո և խոնարհումով Աստծո առաջ հայրդ՝
Գոռ Շահենի Հարությունյան
Հ․Գ․
2015թ․, 17-ը սեպտեմբերի
․․․Աղջիկս – Պապո՛ւլ։
Պապուլ – Ջա՜ն։
Աղջիկս – Էս Խաչապուր Աբովանա՞։
Պապուլ – Հա Բալա, Խաչատուր Աբովյանն է։
Աղջիկս – Էկու հատ Խաչապուր Աբովա՞ն։
Պապուլ – Չէ Բալա, Խաչատուր Աբովյանը մեկն է, մեր ազգի մեծ, իմաստուն «պապիկներից» մեկը, ուղղակի դու ամեն օր մեր տանից տեսնում ես իր տուն-թանգարանի արձանը, իսկ սա Աբովյան պուրակինն է։
․․․Աղջիկս – Պապա՛։
Պապա – Ջանա՜։
Աղջիկս – Էս Հայատան Մամանա՞։
Պապա – Սա Մայր Հայաստանի արձանն է, Թանկս։
Աղջիկս – Ինք էլ մեյ մեծ տատանա՞։
Պապա – Ինքը․․․մեր բոլորի․․․ բոլոր ՀԱՅԵՐԻ մեծ, շաա՜տ մեծ Մամանա։
Աղջիկս – Աբուբենից մե՞ծ։
Պապա – Հա, գանձս, հավատա, այբուբենից էլ մեծ՝ ճիշտ մեր շքեղ Հայոց լեզվի չափ․․․
Աղջիկս – Մամա՞։
Մամա – Հա ջան։
Աղջիկս – Էնան վաղնա ծնվելո՞ւ։
Մամա – Ոչ թե վաղն ես ծնվելու, այլ վաղը քո ծննդյան օրն է, դառնում ես երկու տարեկան բալիկ։
Աղջիկս – Տոթիկ ե՞մ փցելու․․․ Կայուս էլ ե՞մ գնայու․․․ Իսկ սոկիկ խմեյու ե՞մ․․․
Պապա – Կանգառում կանգնեք։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: