Ճիշտն ասած, մինչեւ աղջկաս ծնվելը ես բացառապես տղայի մասին էի երազում, սակայն բախտս ավելի շատ բերեց ու ծնվեց աղջիկս՝ առաջին իսկ օրվանից գերակտիվ, ճղճղան, ճվճվան այդ խտացրած երջանկությունը: Բոլորի մոտ բարձրաձայն հայտարարեցի, որ ինքը հայրիկի կողմից դաստիարակվելու է որպես տղամարդ աղջիկ ու առարկություններին բանատեղ չէի դնում: Արտաքինից իմ փոքրիկ Նարեն քնքշության, կանացիության կատարյալ մարմնացումն է, սակայն նախընտրած խաղալիքները միայն բավական են կարծիքը մի քիչ ուրիշ ուղղությամբ փոխելու համար՝ թուր, ատրճանակ, զինվորիկներ, մեքենաներ: Իսկ Նարեի ամենասիրելի հագուստը ”Սուպեր աղջկա” հագուստն է, որը վերջերս նվեր ստացավ 5 տարեկան դառնալու կապակցությամբ: Որպեսզի դուք հասկանաք, թե ինչ է նշանակում երջանիկ հայրիկ, թե ինչ պարգեւ եմ ես ստացել չգիտեմ թե որ արժանիքներիս համար, թույլ տվեք Ձեզ պատմել իմ Նարեի կյանքի բազմաթիվ դեպքերից մի քանիսը միայն:
Վերջերս նստած հաց էր ուտում, մեկ էլ սկսեց հանգիստ տոնով պլանավորել մոտագա ապագան.
- Ուրբաթ գնալու եմ կռվի, շաբաթ բասկետբոլի, մյուս օրն էլ թենիս, չէէէ, ֆուտբոլ:
Մեկ շաբաթ առաջ աղջիկս իմ փոխարեն մարդկանց բացատրում էր, թե ինչ է իրենից ներկայացնում սնոուբորդը.
- Էդ դահուկի մի հատիկն է, երկու ոտքդ կպցնում ես վրան ու սահում ես:
Նարեն մի քիչ խնդիր ունի Ռ տառը արտաբերելու հետ կապված եւ հայտնեց իր կարծիքը դրա մասին.
- Ես չեմ կարողանում ասեմ մալոլ, ու դրա փոխարեն ասում եմ մալոլ, բայց Շուշանն ասեց հենց դառնամ 5 տարեկան կկարողանամ ասեմ մալոլ:
Իմ ու աղջկաս խոսակցություններից մի փոքրիկ հատված.
-Նար, մամա-ն ի՞նչ տառով է սկսվում:
-Մ:
-Բա պապա՞ն:
-Պ:
-Բա փիլաքյա՞նը:
- Փիլաքյան չի պապա, աստիճան է:
Աղջիկս դեռ 2 տարեկանում որոշել էր, որ ինձ նման լեռնագնաց պիտի դառնա ու արդեն հասցրել է լինել Հայաստանի գրեթե բոլոր հայտնի գագաթներին: Իհարկե առայժմն գագաթներին հայտնվել է մեծամասամբ իմ ուսապարկի մեջ նստած կամ քնած, բայց Աստված չանի, եթե հանկարծ իմանա, որ որեւէ մի տեղ առանց նրան եմ գնացել: Երեւի թե հենց դրանից է, որ Նարեն ամենինչն ասոցացնում է սարերի հետ: Մի անգամ հաց ուտելուց չէր ցանկանում ամանը լրիվ դատարկել, բայց մայրիկը պայման էր դրել, որ եթե չվերջացնի, ուրեմն մուլտֆիլմ չի դիտի: Նարեն մտածեց, ժպտաց ու խոսեց.
- Մամա, արի էս կարտոֆիլները բաժանենք 2 մասի: Մի մասը կլինի չար սարը, մյուս մասը՝ բարին: Ես բարիներին կուտեմ, իսկ չարերը թող մնան, որովհետեւ եթե չարերին կուլ տամ, ես էլ դրանց նման չար կդառնամ:
Այս տարվա ամառվա կեսերին բարձրանում էինք Արտանիշ լեռը եւ Նարեն ուսապարկից մեջից հարցախեղդ էր անում.
- Պապա, որ մեծանամ, դու ինձ կտանե՞ս աշխարհի ամենաբարձր ու սիրուն սարը:
- Նարե ջան, էդ սարը շատ դժվար ա, ես մենակ էլ չեմ կարող էնտեղ գնալ:
- Դե ուրեմն, որ մեծանամ, ես քեզ կտանեմ: Համ էլ դու գիտե՞ս, որ ես հիվանդացել էի, մաման ինձ նուռոֆեն տվեց: Դու գիտե՞ս որ նուռոֆենը նուռից են սարքում: Համ էլ գիտե՞ս, որ նուռի գլխին թագ կա, որովհետեւ ինքը հայկական միրգ ա ու մնացած մրգերի թագավորն ա: Պապա, որ գնանք տուն, հեռադիտակդ կտա՞ս, մի հատ բան եմ ուզում անել:
- Ի՞նչ ես ուզում անել Նարե ջան:
- Ուզում եմ մաման բերանը բացի, ես էլ հեռադիտակով նայեմ՝ իրա փորիկի մեջի բալիկը քուրիկ ա, թե՞ ապերիկ: Համ էլ գիտե՞ս, թե ինչի են ասում ՍՈՍՈ:
- Ինչի՞:
- Որովհետեւ դնում ես բալիկի բերանը ու ինքը սուսա մնում: Պապա, այ պապա, էսենց նայում եմ. Հայաստանում լիքը խոտ կա, էդ դինոզավրները ինչի՞ մեռան, թող գային ուտեին:
Մի ժամ հետո, երբ մի քանի հարյուր մետր էր մնացել գագաթ հասնեինք, Նարեն հանդիսավոր կերպով հայտարարեց, որ մնացած մասը իր ոտքով է անցնելու ու հետո շատ լուրջ դեմքով նայեց ինձ, հայացքով տրամադրեց լրջագույն խոսակցության ու ականջիս փսփսաց.
- Պապա ջան, արի պայնավորվենք (պայՆավորվենքը Նարեի պայմանավորվել բառն է):
Հետո խորը շունչ քաշեց ու շարունակեց.
- Արի պայնավորվենք, որ եթե ես ընկնեմ ու ոտքս ցավա, չպիտի լացեմ:
Վերջաբան
Ցանկացած ծնող իր զավակների հետ մեծ հույսեր է կապում, որոնք, իհարկե, երեխաները պարտավոր չեն իրականացնել, բայց ծնողները պարտավորությունների մի մեծ շարան ունեն նրանց նկատմամբ: Իմ աղջկա շնորհիվ այդ պարտավորությունները դարձել են դրախտի վայելքներ: Մեկ տարի առաջ, երբ ես մտածում էի, որ ունեմ ամեն ինչ կատարյալ երջանիկ լինելու համար, որ սրանից ավելիին հաստատ արժանի էլ չեմ, հանկարծ իմացա, որ շուտով ծնվելու է իմ երկրորդ աղջիկը: Երկրորդս՝ Մանեն, հենց այսօր դարձավ 6 ամսական: Կարճ ասած, ամեն ինչ դեռ առջեւում է, եւ եթե նույնիսկ նման մրցույթներ դուք այլեւս չկրկնեք էլ, մեծ սիրով կգրեմ ու կուղարկեմ հետագա զարգացումները, որովհետեւ նման երջանկությունը, նման զգացմունքները անպայման կիսել է պետք:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: