Սասուն. Անդադարության ու ամենականգուն «սյան» մասին - Mediamax.am

exclusive
3093 դիտում

Սասուն. Անդադարության ու ամենականգուն «սյան» մասին


Իշխանձորը
Իշխանձորը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Անդոկը
Անդոկը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Թարխուշ լեռը
Թարխուշ լեռը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Անդոկը
Անդոկը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Բսանաց գավառը
Բսանաց գավառը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Գոմոց վանքը
Գոմոց վանքը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Ջրթնիկ գյուղում
Ջրթնիկ գյուղում

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Գոմոց վանքը
Գոմոց վանքը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Գոմոց վանքը
Գոմոց վանքը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Գոմոց վանքը
Գոմոց վանքը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Գոմոց վանքը
Գոմոց վանքը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Հին Փասուր
Հին Փասուր

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Սասնա բերդը
Սասնա բերդը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


«Հսկայ լեռների, խորունկ ձորերի, միմեանց վրայ հեծած, միմեանց փոր մտած պոռթկումների եւ պատռուացքների մի խառնարան է Սասունը, որը որպէս մի վիթխարի զանգուած, բարձրանում է Մուշի դաշտի հարաւային կողմում, կազմելով Տաւրօսեան լեռնաշղթայի միջին բարձրութիւնը: Մուշից սկսած լեռ լեռի վրայ, կատար կատարի թեւակոխելով, մի ոլորապտոյտ ճանապարհ ձեզ տանում է դէպի վեր, դեպի կապուտակը, դեպի Ծիրնկատարը, ապա իջնելով մի մեծ ձորի մէջ, նորից ձեզ տանում է դէպի նորանոր բարձունքներ եւ նորանոր կատարներ, ամեն անգամ ձեր առաջ բացելով նորանոր խորխորատների տեսարաններ. նորից լեռներ, նորից ձորեր, եւ այսպես շարունակ ու անվերջ»:

 

Ա-Դօ-ի՝ Սասունին տված այս նկարագրին մեզ մնում է միայն հավելել՝ Սասունի ճանապարհը ամեն անգամ նորից ձեզ տանում է դեպի նորանոր պատմություններ ու նորանոր մարդիկ, ամեն անգամ ձեր առաջ բացելով մարդկային ճակատագրերի, անհավատալի դիմադրությունների ու երբեմն անպատմելի թվացող դեմքերի ու դեպքերի ճանապարհը: Այնպես որ՝ երբեմն կարող է թվալ, որ գիտեք, տեսել ու հասկացել եք Սասունը, բայց ոչ՝ նորից լեռներ, նորից ձորեր, էլի մի նոր ու աներեւեակայելի դեպքեր ու դեմքեր, եւ այսպես շարունակ ու անվերջ...

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Ինչպիսի՞ն է Սասունը. այս հարցին բարդ է պատասխան գտնել նույնիսկ (եւ հատկապես) Սասուն բազմիցս այցելած մարդու համար: Չափից դուրս պարզ եւ չափից դուրս բարդ, հարավում՝ չոր, «խարտյաշ», տոկուն ու խոսքաշատ, հյուսիսում՝ կանաչ, վսեմ, անհաս, բայց սրտաբաց, տեղ-տեղ քրդախոս, տեղ-տեղ՝ արաբախոս, տեղ-տեղ՝ մինչ օրս հայախոս, տեղ-տեղ էլ՝ իսպառ լուռ: Անդոկից մինչեւ Ծովասար, Սիմ լեռից մինչեւ Մարաթուկ՝ իր պատմական հիշողության պատառիկները խոր ձորերում պահած Սասունն անվերջ պատմելիք ունի:  

Անդոկը Անդոկը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Սասունի լեռնային անառիկ դիրքը, զինված ինքնապաշտպանության՝ մեզանում անտեսված գործոնն ու ցեղասպանությունից հետո փրկված սասունցիների շրջանում միմիայն ներհամայնական ամուսնություններ իրականացնելու խիստ սկզբունքը այն հիմնական առանցքային կետերն են, որոնցով կարելի է բացատրել, թե ինչու է Սասունը շարունակում մնալ Արեւմտյան Հայաստանի՝ իսլամացված հայերի ամենալուրջ թիվն ունեցող գավառներից մեկը:  

 

Թուրքիայի հանրապետության հռչակումից հետո Սասունը տրոհվել է Դիարբեքիրի, Բիթլիսի, Մուշի ու նորաստեղծ Բաթմանի նահանգների միջեւ՝ իրարից զատելով նաեւ փրկված սասունցիներին ու նույնիսկ այստեղ կիսելով նրանց տարբեր լեզուների ու քաղաքական հոսանքների միջեւ:

Հին Փասուր Հին Փասուր

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

«Այս ծառերի միրգը քանի տարի չէինք ուտում, թուրքական բանակի ու քուրդ զինյալների բախումների ժամանակ ֆոսֆոր էր թափվել, թունավորվել: Էս տեղերը նոր-նոր են հանգստացել, չնայած՝ դիմացն ընտրություններ են, չգիտես՝ ինչ կլինի», - ժպիտով պատմում է սասունցի Արետը՝ բացելով Խուլբի շրջկենտրոնում գործող իրենց պապական արհեստանոցի դուռը: Երկաթագործությունը այս ընտանիքի համար փրկության դուռ էր, նաեւ՝ անցյալից մնացած առանցքային հիշողությունը, որն անմահացրել են յուրաքանչյուր արտադրանքի վրա դրոշմվող իրենց տոհմական կնիքի վրա: Պատմական Սասունի՝ այժմ Դիարբեքիրի նահանգին կցված արեւմտյան այս հատվածում՝ քրդախոս Խուլբում բոլորի պատմություններն են սկսվում մոտ անցյալի այս կետից, հետո նոր գնում առաջ կամ հետ:

 

«7 եկեղեցի է եղել միայն մեր գյուղում, Փարկան գիտե՞ս ինչ էր, Խուլբի ու Խիյանքի սիրտն էր, այսինքն՝ Արեւմտյան Սասունի կենտրոնը: Հիմա կենտրոնն իջեցրին Փասուր, անունն էլ դրեցին Քուլփ, բայց մենք դա չենք ընդունում, բոլորն էլ ասում են Փասուր: Դա հին հայկական գյուղ էր, մինչեւ հիմա էլ բոլոր արհեստները մերն են, մեր ձեռքում», - ավանդական սասունյան ցասումով, արդարամտությամբ ու սիրով է համեմում մեր բոլոր զրույցները տան մեծը՝ Արետի հայրը: Անասելի դիմադրությամբ իր պահածն անթաքույց գոհունակությամբ ցուցադրող երեխայի պես աչքերը փայլատակում, իսկ հոգնածությունը տարեց տարի է՛լ ավելի զգալի է դառնում տարեց սասունցու կնճռոտ երեսին:  

 

Սրտնեղել է՝ այդ ինչպե՞ս է, որ իրենց հարազատ գյուղում Հայաստանից եկած հյուրերին փորձել են խանգարել կիսավեր եկեղեցին նկարելուն:

Բսանաց գավառը Բսանաց գավառը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

«Ասա՝ հե՞րդ է էդ եկեղեցին սարքել, այ անպետք, դու տես… Էդ լակոտը պատասխանը տալու է, ես դա քեզ խոստանում եմ, հաշված ժամերի ընթացքում, էդ հարցով ով որ պետք է՝ կզբաղվի: Բայց դու հիմա հասկացա՞ր՝ մենք էսքանի տարի ոնց ենք ապրել: Բա որ ասում եմ՝ շատ երեխաներ ունեցեք, որ կողքի գյուղից, էստեղից էնտեղից կռիվ գան, շատվոր լինենք: Ես իմ տղաներին ասել եմ՝ 4-ից պակաս ունենաք՝ աչքիս չերեւաք: Տես, մի սար այն կողմ Տալվորիկն է, իմ մայրն էլ է տալվորիկցի եղել: Քեռիներիս տունը, հարյուրավոր մարդիկ, իրենք հիմա Ստամբուլում են: Իրենք քրիստոնյա են, մինչեւ հիմա: Էստեղ, էս անտերության մեջ ես քեզ որտեղի՞ց քրիստոնյա ու քրիստոնեություն գտնեմ: Մարդիկ դեռ 20 տարի առաջ ամաչում էին ասեին, թե քուրդ են, ուր մնաց՝ հայ»:

 

Երկու տարբեր Սասուն

 

Քրդական շարժումն ու դրա բերած ծանր հետեւանքները պատճառ դարձան Թուրքիայում ինքնության ճգնաժամի նոր փուլի ու անխուսափելիորեն իր հոսանքի մեջ առավ ծպտյալ հայերին, ովքեր մնալով «երկու քարի արանքը» այլեւս պիտի ավելի շատ հարցեր տային, ավելի խորը «փորեին», ավելի շատ բան իմանային: Ի տարբերություն քրդախոս Արեւմտյան Սասունի, պատմական այս գավառի հարավային ու արեւելյան շրջաններում, որտեղ թե՛ հայ, թե՛ այլազգի բնակչությունն ավելի շատ արաբախոս է, այս ճգնաժամը մարդկանց կյանք մտավ կարծես «ետնաբեմից»: Դեռեւս 1937-ին Սասունի հերթական ապստամբությունից հետո նույնիսկ քրդական որոշ ցեղախմբերի աքսորից ու գավառի «արաբացումից» հետո ձախակողմյան շարժումներն այստեղ ժողովրդականություն չեն վայելում, քրդականը՝ առավել եւս:

 

Քրդական շարժման դեմ զինված գյուղական պահակախմբերի կազմավորման ժամանակ առաջին զենք վերցնողը, ասում են, իսլամացված հայ էր, Ռշնիկ գյուղից:

Գոմոց վանքը Գոմոց վանքը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

«Մերոնց ասացին՝ միշտ ճնշվողների շարքում ենք եղել, հիմա ճնշողները պիտի դառնանք: Դու պիտի լինես ուժեղ կողմը, զինված կողմը: Քրդերն էլ մեզ քիչ վնաս չեն տվել», - առաջին հայացքից խիստ տարօրինակ դիրքորոշումը ժպիտով բացատրեց ռշնիկցի Թունջայը՝ մեքենայի պատուհանից հատիկ-հատիկ ցուցադրելով մեր ճանապարհին ընկած բոլոր գյուղերում մնացած հայերի տներն ու անունները եւ մեկընդմեջ պատմելով Սասունի նախկին հոգեւոր կենտրոնի՝ Գոմոց վանքի դիմադրության ու անկման պատմությունները: Թունջայը նույնպես, ինչպես Սասունում ապրող ամեն իրեն հարգող հայ, ազգականներ ունի թե՛ Հայաստանում, թե՛ Պոլսում: Ի դեպ՝ Պոլսի քրիստոնյա համայնքի ներսում շուրջ երկու տասնյակ հազարի հասնող սասունցի քրիստոնյա հայերը, որոնք գյուղերը լքեցին հիմնականում 1970-80-ականներին, գլխավորապես հենց այս՝ Սասունի արաբախոս, հարավային ու արեւելյան շրջաններից են:

 

Այդպիսին է Սասունը. մեկ լեռ այս կողմ, կես ձոր այն կողմ՝ եւ լրիվ զուգահեռ իրականություններ:

 

***

 

Իրարից խիստ տարբեր այս երկու Սասունների, բոլոր ինքնությունների, կրոնների ու լեզուների միջեւ, Սասունի հենց սրտում է կանգնած Սասնա բերդը:

Սասնա բերդը Սասնա բերդը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Նույն ինքը՝ Սյան Սյունը կամ Սանասունքը: Սասնաջրի վտակներ Կուս եւ Բոսկան գետերի միախառնման կետում կոնաձեւ բարձունքի վրա վեր խոյացող, առասպելական ու վսեմ իր դիրքով բերդը եւ դրա ներքեւում տարածվող դամբարանադաշտը կարծես օդում սառեցնում, կանգնեցնում են ժամանակը: Քիչ հեռվում բազմած Ծովասարը, մի քիչ հյուսիս՝ ժայռերի մեջ կորած Ժռենց վանքը, հարավում՝ Գոմոց վանքը, ավելի ներքեւ՝ Կոմեկը, ուր երեք տարի է չենք գնում, որովհետեւ այստեղ ապրած աշխարհի ամենաբարի ու ամենահայ պապը՝ Ջեբիլ Ճոբոն, ով ամեն անգամ մեզ տեսնելուց պիտի ասեր՝ «Հըզար բարի էգաք, լաո, իմա՞լ իս, սա՞ղ իս», այլեւս չկա:

Ջրթնիկ գյուղում Ջրթնիկ գյուղում

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

«Գիտե՞ս, սասունցի Դավիթն այնպիսի ձի ուներ, որ մեկ րոպեում Հազզոյից Դիարբեքիր էր հասնում: Այնտեղ՝ բերդի վրայից, Խանդութ խաթունն իրեն վայր նետեց, Դավիթի կինը: Բոսրկանում, Մուշում, Ստամբուլում դեռ ապրում են Դավթի հետնորդները: Չնայած՝ մենք բոլորս ենք նրա ցեղի մի մասը: Բա, այ էդպիսի բաներ, լաո», - ասում էր նա անցնելով արաբերենի ու ներողություն խնդրելով տկար հայերենի համար, ինչպես նաեւ սրբորեն հավատում, որ Փոքր Մհերը ոչ մի ժայռում էլ չի փակվել: Առհասարակ՝ Սասունում աշխարհից խռոված Մհերի մասին դեռ չեն լսել:

 

Ինքնությունների խառնարան ժամանակակից Սասունում, ուր իր վերջին շունչն է փչում միջնադարյան ֆեոդալիզմը, քրդերն ու արաբները դեռեւս շարունակում են միմյանց ճանաչել աշիրեթների (ցեղախմբերի) անուններով: Ընդ որում՝ 1915-ին փրկված հայ որբերը, որոնց այս աշիրեթները սեփականաշնորհել ու ստրկացրել/փրկել են, հետագայում սեփական տնտեսություն հիմնելու դեպքում էլ «աշիրեթական» կարգով չէին ապրում եւ առանձնանում էին այս ցեղերից: Նույնիսկ լիովին իսլամացված հայ ընտանիքները փաստացի այս աշիրեթների ներսում, բայց միաժամանակ դրանցից դուրս էին եւ չէին համարվում դրանց մի մասնիկը:

Թարխուշ լեռը Թարխուշ լեռը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Բըդրի, Քենդո, Քորամի, Շեկո, Դաղանի, Շերվենի... Նրանցից ոմանք արաբախոս քուրդ, ոմանք քրդախոս արաբ, ոմանք էլ՝ դեռեւս աբդուլհամիդյան շրջանում իսլամացված ու իրենց ինքնությունը մոռացած հայեր են: Թերեւս միայն մեկ աշիրեթ է, որն իրեն ո՛չ քրդական, ո՛չ արաբական ինքնություն ամրագրելու գործում այդպես էլ չի հաջողում, իսկ վերջիններիս ծագման մասին խոսելիս ոչ ոք ոչ մի պնդում անել չի կարողանում եւ սովորաբար՝ ուսերը թափահարում ու անցնում են առաջ: Դրանք Սանասունք բերդի տակ տարածվող գյուղերում մինչ օրս ապրող Սանսունիներն են:

 

- Վերջը դուք ի՞նչ եք: Քո՞ւրդ եք, արա՞բ եք, կրոնափոխ հա՞յ եք:

 

- Մենք Սանսունի ենք… , - ասում են ու հազարամյա հանգստությամբ ու արտաքին աշխարհի հանդեպ իսպառ անտարբերությամբ շարունակում դեպի Սյան Սյուն բերդի բարձունք քշել այծերի հոտերը, պատմել Կուսգետը նետված Խանդութ խաթունի, քաջ Դավիթի մասին, օգոստոսին մեղր քամել, հոկտեմբերին խաղողի օշարակով քաղցր սուջուխ, իսկ Մարաթուկի հովիտներում չորթան եփել՝ մերժելով ժամանակի ու նոր աշխարհի տարօրինակ, ոչ սասունյան օրենքները...

 

Կարդացեք նաեւ. Թաքնված Սասուն շարքի նյութերը

 

Սոֆիա Հակոբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին