Մարդին. Արեւի քաղաքում կորսված հայկական անցյալը - Mediamax.am

exclusive
4888 դիտում

Մարդին. Արեւի քաղաքում կորսված հայկական անցյալը


Լուսանկարը` Nathalie Ritzmann

Լուսանկարը` Համլետ Հովսեփյան

Մարդինցի հայերը
Մարդինցի հայերը
Սուրբ Հովսեփը
Սուրբ Հովսեփը

Լուսանկարը` Nathalie Ritzmann

Լուսանկարը` Nathalie Ritzmann

Սուրբ Հովսեփը
Սուրբ Հովսեփը

Լուսանկարը` Nathalie Ritzmann


Վերին Միջագետքի, անկասկած, ամենատպավորիչ քաղաքներից է հրաշալի Մարդինը, նույն ինքը՝ արեւի քաղաքը: Ու թեեւ մենք չենք դիտում թուրքական սերիալներ՝ նույնպես սիրում ենք Մարդինը, քանի որ գիտենք, որ այստեղ կարելի է անսպառ վայելել միջագետքյան խորհրդավոր ու հարուստ ճարտարապետության շքեղությունը, Մարդինի շուկայում շարված հարյուրավոր համեմունքների ու Մարդինի նշանավոր օճառի հոտն ու, իհարկե, քաղաքի՝ լաբիրինթոսի նմանվող փողոցների խորքում ծվարած հայկական տները, գինեգործական մառաններն ու եկեղեցիները:

Մարդինում ցեղասպանությունից հետո բավականին մեծ հայկական համայնքի պահպանման պատճառներից մեկը, թերեւս, 1915-ին Մարդինի՝ դեպի Դեր Զոր ճանապարհին հայերի քարավանների հիմնական կանգառներից մեկը լինելն ու  տարբեր գավառներից բազմաթիվ մանկահասակ հայ որբերի համար «միջանկյալ» ապաստան դառնալն էր։ Մարդինի Սուրբ Հովսեփ հայկական եկեղեցին այդ տարիներին ծառայել է հայ որբերի համար որպես մանկատուն:

Սուրբ Հովսեփը Սուրբ Հովսեփը

Լուսանկարը` Nathalie Ritzmann


Տասնամյակներ անց նույն եկեղեցին ցեղասպանությունից հետո առաջին վերաբացված հայկական եկեղեցին էր այս տարածքներում: 1949-ին Մարդինի հայ համայնքը հաջողացրեց հետ ստանալ եկեղեցու սեփականության փաստաթղթերը, իսկ արդեն հաջորդ տարի՝ ծննդով մարդինցի եպիսկոպոս Ներսես Թայրոյանի առաջնորդությամբ հայ քահանա Գեւորգ Չանդըրյանը համախմբում է Մարդինի հայ համայնքին եւ առնվազն 4 տարի գործուն պահում Սուրբ Հովսեփը: Ըստ որոշ տվյալների՝ այդ շրջանում հաջողվել է հայերեն կրթություն տալ Մարդինում մինչեւ 170 երեխայի: Կարճ ժամանակ անց, սակայն, եկեղեցին կրկին փակվեց: Ըստ չհաստատված որոշ տեղեկությունների՝ դրանում նաեւ դեր խաղացին տեղի ասորի հոգեւորականները, որոնք հայ համայնքին վերաբերվում էին որպես լուրջ մրցակից:
Մարդինցի հայերը Մարդինցի հայերը


Մարդինցիների շրջանում քիչ չեն պատմությունները 1915-ին հենց ասորի ընտանիքների կողմից որդեգրված հայ որբերի, ասել է թե՝ ասորացած հայերի մասին, որոնց մի մասն իրենց հայկական ինքնությանը վերադառնալու հնարավորություն ստացավ տեղի հայկական եկեղեցու վերաբացմամբ:

Այսօր Սուրբ Հովսեփը շարունակում է հավասարապես ծառայել տեղի, թե՛ ասորի, թե՛ հայ համայնքին, որը բաղկացած է Մարդինում ապրել շարունակող 12 քրիստոնյա հայ ընտանիքներից:

Լուսանկարը` Nathalie Ritzmann


Առանձին ուշադրության է արժանի Մարդինի Դերիկի շրջանի հայությունը, որոնց դեպքում գործ ունենք Թուրքիայում հայերի հետցեղասպանական ամենահետաքրքիր համայնքային մոդելներից մեկի հետ, որոնք հատուկ են հիմնականում լեռնային անառիկ գավառներին, ինչպիսիք են Սասունը, Դերսիմը, Մուսալեռը: Դերիկցի հայերը նույնպես առանձնանում են ինքնագիտակցության բավականին բարձր մակարդակով, բավականին ուշ են արտագաղթել Պոլիս ու սովորաբար ամուր են պահում կապը հայրենի գյուղերի հետ՝ պահպանելով նաեւ հարազատ գավառին հատուկ մի շարք մշակութային առանձնահատկությունները: Բացառությամբ հարեւան ասորիների հետ տեղի ունեցած որոշ խառն ամուսնություններից՝ դերիկցիները հիմնականում խստությամբ շարունակում են ներհամայնական ամուսնությունների ավանդույթը մինչ օրս:

Լուսանկարը` Համլետ Հովսեփյան


1960-ականների առաջին կեսին Մարդին այցելած Շավարշ քահանա Բալըմյանի վկայությամբ՝ Դերիկի հայերը նույնիսկ ներքին համաձայնությամբ ստեղծել էին ներհամայնական ամուսնությունների հատուկ կանոնագիր, ըստ որի նվազեցվում էր հարսի օժիտի եւ փեսայի կողմից հարսի հորը տրվելիք ոսկու չափաբաժինը՝ հայ երիտասարդների ամուսնությունները դյուրացնելու համար: Բացի այդ՝ կանոնագիրը թույլ էր տալիս հայերին այստեղ ամուսնանալ առանց քահանայի ներկայության:

Ինչպես իր հուշերում նշում էր եպիսկոպոսը.

«Եվ այս խեղճ ժողովուրդը եկեղեցի ունի՝ տեր չունի, հավատք ունի՝ պահապան չունի, հոտ է՝ հովիվ չունի, մենք էլ ասենք՝ Աստված ողորմի»:


Դերիկի գլխավոր սրբատեղին՝ 4-րդ դարում հիմնադրված Սուրբ Գեւորգը Բալըմյանի նշած ժամանակներից մինչ օրս էլ շարունակում է կանգուն մնալ նույն պայմաններում՝ առանց տեր ու քահանա: 1954-ին տեղի հայերը գումար հավաքելով պետությունից հետ «գնեցին» սեփական եկեղեցին, որը, սակայն, գրանցվեց տեղի հայերից մեկի անունով եւ մինչ օրս էլ մնում է մասնավոր սեփականության կարգավիճակով, ինչը խոչընդոտում է դրա վերանորոգման վերաբերյալ որեւէ լուրջ նախագծի ստեղծմանն ու իրականացմանը: Թեեւ, ինչպես վերջերս մեր հանդիպումներից մեկի ժամանակ նկատեց պոլսահայ ճարտարապետ Զաքարյա Միլդանօղլուն՝ եկեղեցին նորոգելը մի խնդիր է, այն հետագայում պահպանող ու օգտագործող համայնքի այլեւս չլինելը՝ այլ:

Անժել Դեմիրջի, 66 տարեկան, Ստամբուլ

«Ցեղասպանության ժամանակ պապիկս՝ Կիրակոսը հաջողացրել է փրկվել, 12 տարեկան է եղել: Գյուղում մեր ընտանիքի հետ մոտ մուսուլման մի աղա է լինում, պապիկիս հորն ասում է՝ «Եկեք, ես ձեզ կթաքցնեմ»: Նույն պահին էլ զինվորներին մերոնց տեղն ասում է: Տեսնում ես, չէ՞, սա էլ իբրեւ թե ընտանիքի ընկեր է, ախր սրանց վստահել չի լինի երբեք: Պապիկիս հորն այնտեղ սպանում են, պապիկս փախչում է: Փոքր երեխա էր, կանանց բազմության մեջ է թաքնվում, փրկվում, հետո էլ որպես ստրուկ վերցնում աշխատացնում են: Ես հիշում եմ պապիկիս, տեսել եմ նրան: Մի անգամ հողագործության մի գործիք են ձեռքը տալիս, ասում են՝ «Տար երկաթագործ Գեւորգի մոտ, թող սարքի»: Գեւորգն էլ մորական պապիկիս հայրն է: Վերցնում է գործիքը, ասում է՝ «Լավ, այս ինչ օրը կգաս տանելու»: Տեսնում են՝ չէ, չի գնում պապիկս, հենվել է դռանը, չի ուզում գնալ... Մոտենում են, տեսնում են՝ լաց է լինում... Նոր են հասկանում, որ Կիրակոսն է, իրենց ծանոթի տղան: Ասում են՝ «Վերջ, էլ չենք թողնի քեզ վերադառնաս քրդերի մոտ»: Իհարկե, սրանք էլ աղմուկ են բարձրացնում, թե բա՝ «Իմ ստրուկին պահել են, չեն տալիս»: Մեկ այլ քուրդ աղայի են խառնում, ասում են՝ «Եթե այս երեխային չպաշտպանեք՝ մենք կլքենք այս տարածքը, այլ երկաթագործ չեք ունենա»: Այդպես էլ պաշտպանում են պապիկիս, պահում իրենց մոտ, հետո էլ երեխաներին ամուսնացնում իրար հետ որպես հայ:

Մորական տատիս անունը Աղավնի էր, Դիարբեքիրի Լիջեից էին, եկել են Մարդինի Դերիկ: Պատմում էր, որ մի օր դպրոցի իրենց ուսուցիչն իրենց հավաքեց, ասաց՝ «Հնարավոր է վատ բան պատահի: Ինչ էլ որ պատահի՝ ձեր կրոնից, ձեր ինքնությունից չհրաժարվեք եւ չվախենաք»: Հետո սկսեցին տղամարդկանց հավաքել, տատիկիս հորն էլ բանտարկեցին: Տատիկս 7 տարեկան, գնացել է բանտ հորը տեսնելու: Տեսնում է, որ կտտանքների է ենթարկվել: Տատիս մայրը ամբողջ տան թանկարժեք իրերը հավաքում է, դուրս նետում, կոտրում, որ ուրիշ ոչ ոք չօգտագործի իրենցից հետո: Գաղթի ճանապարհին տատիկիս մորը բարձրաստիճան մի զինվորական ցանկանում է տանել, խոստանալով, որ իր ու իր երեխաների կյանքը կխնայի: Չի ընդունում: Ասում է՝ «Ամուսինս մահացավ, ես ու երեխաներս էլ իր ետեւից ենք գնալու»: Զինվորը ձեռքից քաշում է, բռնի ուժով տանում տատիս մորը: Միշտ հիշում էր, որ իրար ետեւից լացելով են բաժանվել: Ի վերջո տատս հասնում է մոտակայքի մի գյուղ, գիշերվա կեսին միայնակ ճանապարհ ընկնելով... Հասնում է նորից Դերիկ: Մի մարդ է տեսնում տատիս, հարցուփորձ է անում, թե ով է, որտեղից է եկել: Տատս էլ քրդերեն չգիտի, միայն լաց է լինում: Այս մարդը վերցնում է տատիս, բերում Գեւորգ մեծ պապիս մոտ, դե բոլորը ճանաչում են: Ասում է՝ «Երեւի սա էլ է ձերոնցից»: Այդպես էլ փրկվում են, բոլորը գալիս իրար կողք, ընտանիք կազմում:

«Կարող ես ասել՝ «հայ եմ», բայց հայության համար ի՞նչ ես անում»

Մինչեւ մոտ 6 տարեկանս հիշում եմ, որ տատիկներս տանը հայերեն խոսում էին: Նույնիսկ ես հայերենից բացի այլ լեզու չգիտեի: Հետո դպրոց գնացի, այնտեղ թուրքերեն էր խոսվում, դասընկերներն էլ բոլորը քուրդ: Այնպես ստացվեց, որ մայրենիս մոռացա: Հետո եկանք Պոլիս, որ երեխաներիս հայկական վարժարանում գրանցենք: Ընթացքում երեխաներիս հետ դաս պարապելիս ես էլ վերականգնեցի հայերենս, հետո էլ Հայաստանից հարսներ բերեցինք, է՛լ ավելի շատ սովորեցինք: Ցանկության դեպքում ամեն բան էլ հնարավոր է, ես միշտ էլ ձգտել եմ լեզուս լավ իմանալ:
Սուրբ Հովսեփը Սուրբ Հովսեփը

Լուսանկարը` Nathalie Ritzmann


Մարդիկ կան, որ թաքուն են այստեղ խաչ կրում: Ես երբեք չեմ թաքցրել վզիս խաչը: Ես հայ եմ: Այսքանը: Ինչ ուզում են՝ թող անեն: Մեր ապրածից ավելի վատ ի՞նչ կարող են անել որ... Ի՞նչ պիտի անեն, սպանե՞ն, շատ լավ, թող սպանեն: Մարդիկ կան, որ ասում են, թե՝«Վախենում ենք դրսում հայերեն խոսենք, չիմանան, որ հայ ենք»: Ես սա չեմ ընդունում:

Հիմա շատ կան այս խոսակցությունները, թե մահմեդականություն ընդունած հային հայ կարող ենք համարել, թե ոչ: Մարդ կարող է ասել՝ «հայ եմ», շատ լավ, բայց հայության համար որեւէ բան անու՞մ է, սա է խնդիրը: Գուցե մահմեդական լինի, բայց որ այդ ջանքը տեսնեմ՝ գոնե կհամոզվեմ, որ մարդն իսկապես անկեղծ է:

Լուսանկարը` Nathalie Ritzmann


Մենք էլ էինք կարծում, որ մեզանից բացի հայ չի մնացել որեւէ տեղ: Մենք 1987-ին եկանք Պոլիս: 1991-ին գնացինք Հայաստան առաջին անգամ, հարս ուզելու: Մեր գնացած ժամանակ Հայաստանի ամենածանր տարիներն էին, գազ չկար, լույս չկար, խանութները փակ... Ես մենակ գնացի, չվախեցա: Ինչի՞ց վախենամ: Մեր ազգականների մոտ էինք գնացել, նրանք ժամանակին Մարդինից Սիրիա էին գաղթել, հետո Հայաստան էին տեղափոխվել: Մենք էլ Հայաստան տեղափոխվելու մասին միշտ մտածում ենք, միշտ: Միակ մտահոգությունս, թե արդյոք երեխաներս այնտեղ կկարողանա՞ն աշխատանք գտնել, իրենք իրենց ապահովել»…

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին