«Ձմեռը հայ են, ամառը՝ տաճիկ» կամ Կոմմագենեի արեւորդիները՝ Նեմրութի ստորոտին - Mediamax.am

exclusive
5542 դիտում

«Ձմեռը հայ են, ամառը՝ տաճիկ» կամ Կոմմագենեի արեւորդիները՝ Նեմրութի ստորոտին


Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Յըլմազ Քոշքար

Լուսանկարը` Յըլմազ Քոշքար

Լուսանկարը` Յըլմազ Քոշքար

Լուսանկարը` Յըլմազ Քոշքար


Փոքր Հայքի բազմագույն ու շքեղ հովիտներից մի փոքր էլ հարավ՝ եդեմական Եփրատի աջակողմյան վտակ Կախթայի (այժմ՝ Քյահթա) ափին է վեր խոյանում Նեմրութը, նույն ինքը՝ Անտիոքոս Երվանդունու «Աստվածների դամբարանի» բարձունքը:

 

Ներկայիս Թուրքիայի Ադըյամանի նահանգի Քյահթայի շրջանում գտնվող եւ ամեն տարի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ ընդունող այս վայրը առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում այդ երկրի անթիվ զբոսաշրջային ուղղություններից, որտեղ կա շատ մարդ, շատ աղմուկ ու երկվություն:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Նեմրութի բարձունք տանող բարեկարգ ու ոլորապտույտ ճանապարհով դեպի վեր սլանալիս երբեք մտքովդ չի անցնի, որ այդ ամբողջ ճանապարհի երկայնքով քեզ ուղեկցող եւ առաջին հայացքից Թուրքիայի հարավ-արեւելյան տիպիկ «քրդաբնակ» գյուղերն իրականում ավելի մեծ գաղտնիք են պարունակում իրենց մեջ, քան նույնիսկ Նեմրութի խորհրդավոր բարձունքը, ուր հանգչում են «աստվածները»:

 

«Այ այ էս ներքեւի նռան այգիներն էլ Մկրտիչինն են, իրենք էլ են ձեր պես», - հաճախ կլսես Քյահթայի ճանապարհներին հանդիպող ամենատարբեր մարդկանցից, որոնք Հայաստանից կամ Սփյուռքից եկած լինելդ լսելուն պես Քյահթայի հայտնի նուռը հյուրասիրելուց բացի զրույցը պարտադիր սիրում են համեմել «մերոնք-ձերոնք»-ով, իսկ քեզ մնում է գուշակել՝ դիմացինը վերջը ո՞ր խմբից էր: Ի վերջո՝ այստեղ «ձերոնք» ասելը դեռ ցուցիչ չէ, որ խոսողը հակառակ կողմից է, երբեմն՝ «ձերոնքը» միայն ինքնապաշտպանողական բնազդի, երբեմն էլ՝ կրկին «մերոնքական» դառնալու անհագ ձգտման արտահայտումն է:

 

Ռամադանի պահքին զուգահեռ Զատկի պահքը պահողների, մինչեւ անգամ իմամ դարձած իսլամացված հայերի թոռների ու նրանց ետեւում նամազ անել հրաժարվող «իրական» կամ «շուռտված» մուսուլմանների մասին բավականին հետաքրքրական, տեղ-տեղ՝ հակասական պատմությունները այստեղ նույնպես բազմաթիվ են, ինչպես Թուրքիայի յուրաքանչյուր եւ հատկապես նախկին հայաշատ շրջաններում:

Լուսանկարը` Յըլմազ Քոշքար

Որքա՞ն հայ կա Քյահթայում՝ հստակ թվեր նշելը բարդ է: Տարիներ առաջ Կիլիկիայում մեզ հանդիպած քյահթացի մի պաշտոնյա, ում անունը օբյեկտիվ պատճառներով բացահայտել չենք կարող, նշել էր, թե իրենց շրջանում 5000-8000 հայեր են շարունակում ապրել:

 

«Էս թեմայով որ սկսում եմ խոսել՝ մարդիկ ասում են՝ էս ինչ լցված ես: Բա ի՞նչ անեմ: Պոլսահայերի համար «գավառացի» եմ, հայաստանցիների համար՝ «շուռ տված», միայն մեզ ցեղասպանողների համար է, որ հայ ենք: Դեռ մինչեւ Արցախյան պատերազմը դիմել էի Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար: Սահմանված ժամկետում պատասխանս չեկավ, հետո իմացանք, որ դիմումս մերժվել է: Պահանջվող բոլոր թղթերը ունեի, Պոլսո պատրիարքարանի կնիքով հաստատված մկրտության թուղթն էլ: Թե ինչ է ինձ համար արժեցել այդ մկրտությունը, ետում թողնելով հասարակության ճնշման հետ դեմ առ դեմ գյուղում մնացած մորս, միայն Աստված գիտե: Նորից եմ դիմել: Եթե մեղք եմ գործել՝ թող ասեն, թե ինչումն է թերացումս: Ես Հայաստանը շատ եմ սիրել, այնտեղի մարդկանց ջերմությունը ոչ մի տեղ չեմ տեսել: Մարդկանց որ ասում ես, թե որտեղից ես եկել՝ գալիս, հարազատի պես փաթաթվում են: Ես այդ զգացողությունն ուրիշ ոչ մի տեղ չեմ ապրել», - տարիներ առաջ Քյահթայից Դիարբեքիր տեղափոխված 39-ամյա Մ.-ն «մերոնք-ձերոնք»-ից, ինչպես ասում են, մինչեւ կոկորդը կուշտ է:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Հայաստանը տեսնել ու սիրել հասցրել է նաեւ քյահթացի Արետը, բայց քաղաքացիության համար դեռ չի դիմել: Ինքն իրեն վաղն էլ, տարիներ անց էլ հարազատ Քյահթայում, Եփրատի ափերին է պատկերացնում:

 

«Եթե հարցնես որքան հայ կա Քյահթայում՝ շատ-շատ են: Բայց, իհարկե, կեսից քիչն է վերադարձել քրիստոնեության: Եղածներն էլ ստիպված գնում են ասորական եկեղեցի, ինչպես ես: Ընտանիքների մեծ մասին ժամանակին քուրդ աղաներն են փրկել, որբերին սեփականաշնորհել, աշխատեցրել են: Սա է այստեղ բոլորի պատմության մեկնարկային կետը: Ստամբուլում հիմա էլ սովորող երկու զարմուհի ունեմ, գիշերօթիկում են մնում: Դա, իհարկե, շատ լավ բան է, իրենց լեզվին, իրենց մշակույթին տեր կլինեն: Իմ աղջիկն էլ երբ մեծանա՝ նույն կերպ կվարվեմ»:

 

Արետի երկու զարմուհիների պես եւս մոտ երկու տասնյակ դեռահաս աղջիկներ Քյահթայից տեղափոխվել են Պոլսի Կալֆայան վարժարան՝ հայերեն ուսում ստանալու նպատակով: Իսկ ամառը կրկին վերադառնում են գյուղ՝ նույն հաջողությամբ ընկղմվելով մեկ այլ աշխարհում իրենց սպասող մեկ այլ ինքնության մեջ: «Ձմեռը հայ են, ամառը՝ տաճիկ».  այսպես են սովորաբար քչփչոցով, երբեմն էլ թեթեւ հեգնանքով խոսում գավառահայ երեխաների մասին պոլսահայերը՝ մեկնաբանելով ինքնությունների միջեւ դեգերող ու դրանց դեմ կամ դրանց համար պայքարող գավառահայության վերջին բեկորների մերօրյա ոդիսականը:

 

Արետը նույնպես, ինչպես Քյահթայի քրիստոնյա հայերի մի մասը, ամուսնացել է ասորու հետ: Խրթին այս թեմայով այստեղ հայ երիտասարդները շատ չեն սիրում խոսել, միայն ժպիտով հավելում են. «Հայերը քիչ են մնացել, եղածներն էլ ազգական են, որտեղի՞ց աղջիկ գտնենք»:

 

Հին Ադըյամանը, որն այլեւս չկա

 

Ադըյամանի նահանգի անունը հայկական մեդիայում սկսեց առավել ակտիվ արծարծվել վերջերս՝ Թուրքիայի ավերիչ երկրաշարժից հետո հայ փրկարարների այնտեղ մեկնման հետ կապված: Ինչպես գիտենք՝ վերջիններս աշխատել են հենց Ադըյամանում:

 

Ի՞նչ է Ադըյամանն ու ինչի՞ մասին է այն:

Լուսանկարը` Յըլմազ Քոշքար

Նահանգի համանուն կենտրոն քաղաքի անունը թուրքերեն բառացի թարգմանությամբ նշանակում է «Անունը դժվար»: Արաբական շրջանում քաղաքը կոչվել է «Հիսն ի Մանսուր», այսինքն՝ Մանսուրի բերդ: Իսկ տեղաբնիկները՝ հայերն ու ասորիները այն կոչում էին «Հասանմանսուր»: Արաբներից հետո այստեղ հայտնված քրդերը խեղաթյուրեցին արաբական անվանումն ու կոչեցին վայրը Սեմսուր, իսկ թուրքերն նախընտրեցին չմտնել այս խճճված պատմության մեջ: Այստեղից էլ առաջացավ դժվար անունով Ադըյամանը:  

 

2023թ. փետրվարի 6-ի ուժգին երկրաշարժից հետո, սակայն, հին Ադըյամանի պատմությունը մոտեցավ իր ավարտին: Արդեն հայտնի է, որ մեծամասամբ ավերված Ադըյամանը նույն տեղում չեն վերականգնի, այլ կտեղափոխեն քաղաքը մոտակա այլ վայր եւ զրոյից կկառուցեն: Հողին կհավասարեցվի ու նորից կկառուցվի նաեւ տեղի ասորական եկեղեցին, որը սպասարկում էր նաեւ հայ համայնքին:

Լուսանկարը` Յըլմազ Քոշքար

Ըստ մասնագետների՝ եկեղեցու նորոգումն անհնար է: Ադըյամանի նահանգում քրիստոնյա հայերից երկուսը զոհ են գնացել ավերիչ երկրաշարժին, իսլամացված ընտանիքների զոհերը մի քանի անգամ ավելի են: Իսլամացված հայերի կորուստները, իհարկե, հաշվելը գործնականում բարդ է, քանի որ նրանք, չլինելով կրոնական փոքրամասնություն, պետության կողմից չեն հաշվարկվում հայ համայնքի կազմում եւ նրանց թե՛ ընդհանուր թվաքանակի, թե՛ այս դեպքում երկրաշարժից կորուստների տվյալները Պոլսո Հայոց պատրիարքարանի ցուցակներից բացակայում են:

Լուսանկարը` Յըլմազ Քոշքար

Երկրաշարժից օրեր անց Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Պոլսի հայկական լրատվամիջոցներին հայտնել էր, որ Ադըյաման քաղաքի բնակչության շուրջ 80 տոկոսն արդեն լքել է բնակավայրը, իսկ մյուսները սպասում են հարազատների մարմինների գտնվելուն, որպեսզի դրանք հողին հանձնելուն պես նույնպես լքեն քաղաքը: Ըստ Փայլանի՝ բնակֆոնդի բացակայության ու անհրաժեշտ վրանների՝ այդպես էլ Ադըյաման չհասնելու հետեւանքով մարդկանց այդտեղ մնալը գործնականում անհնար է: Ադըյամանցիների պնդմամբ՝ որոնողափրկարարական աշխատանքները քաղաքում սկսվել են միայն երրորդ օրը, երբ փլատակների տակ մնացած շատերի ապրելու շանսերն արդեն խիստ նվազ էին:

 

Մեդիամաքսի տվյալներով՝ Ադըյամանի Քյահթա շրջանի սահմաններում գտնվող Նեմրութի հուշարձանախումբը երկրաշարժից չի տուժել:

 

Արեւորդիները՝ Նեմրութի ստորոտին

 

2150 մ բարձրություն ունեցող Նեմրութը պատմական Կոմմագենեի ամենաբարձր գագաթն է։ Կոմմագենեն հինավուրց այս երկրի հունարեն անվանումն է, իսկ հայերեն, խեթերեն ու ասորերեն արձանագրություններում երկիրը կոչել է Կամախ։ Հայոց պատմագրության մեջ հանդիպում ենք Կամախ անունով երեք սրբավայր․Կոմմագենեի Նեմրութի վրա, Բարձր Հայքում եւ Եփրատի արեւմտյան ափին։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Կոմմագենեի Նեմրութի նշանավոր սրբավայրը կառուցել է Անտիոք Առաջինը, որը Երվանդունիների կրտսեր, Կոմմագենեի ճյուղի ներկայացուցիչն էր։ Վերջինս թագադրվել է Ք․ա․ 70 թվականին եւ կրել Տիգրանյան թագ։ Եթե գիտեք, թե ինչպիսի տեսք ուներ Տիգրանյան թագը՝ հեշտությամբ կտարբերեք Նեմրութի բարձունքում արեւմտյան եւ արեւելյան արձանախմբերում պահպանված Անտիոք Առաջինի գլուխը՝ այդ նույն Տիգրանյան թագով: Իհարկե, այն ոչինչ չի նշանակում այստեղ ամեն օր այցելող բազմահազար զբոսաշրջիկների համար, որոնք վստահ են՝ եկել են տեսնելու Թուրքիայի սահմաններում պահպանված բացառիկ հռոմեական մշակութային ժառանգության հերթական կարեւոր վկայություն:

 

Արձանախմբի ուղիղ կենտրոնում եղել է Արամազդը՝ հայերի գերագույն դիցը։ Նրա աջ կողքին մայր դիցուհի Անահիտն է, մյուս կողմում՝ Միհրը։ Անահիտի կողքին Անտիոք արքան է, իսկ մյուս կողմից շարքը եզրափակում է Վահագնը։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Անտիոք արքան դամբարանաբլրի արեւմտյան մասում արձանախմբի երկու կողմերում թողել է հուշաքարեր իր նախնիների մասին՝ նշելով, թե մորական կողմից կապ ունի Ալեքսանդր Մակեդոնացու, իսկ հորական՝ Դարեհ արքայի հետ։ Հայ պատմաբանները պնդում են՝ սա հին աշխարհում տարածված երեւույթ էր, երբ որոշ արքաներ փորձում էին իրենց վերագրել հռչակ վայելող աշխարհակալների հետ ընդհանուր ծագում՝ լեգիտիմացնելու համար իրենց իշխանությունը։ Բացի այդ՝ Անտիոք արքային արձանագրություններում նրա նախնիների թվում մի քանի անգամ հանդիպում են Երվանդունի տոհմի ներկայացուցիչների անուններ։

 

Դարեր շարունակ հաստ հողածածկույթի տակ «քնած» 50 մետր երկարությամբ դամբարանն ու 9 մետրանոց արձանները հայտնաբերվեցին ու կրկին աշխարհին ցուցադրվեցին արդեն 1890 թ-ին: Նեմրութ այցելած գերմանացի հնագետների՝ սրբավայրի մասին պատրաստած հոդվածն էլ կրկին հռչակ բերեց Անտիոքոսի դամբարանին, որն իր բացառիկությամբ ու տեխնիկական ճշտությամբ հաճախ համեմատում են նույնիսկ եգիպտական բուրգերի հետ ու անվանում աշխարհի 8-րդ հրաշալիքը: Հայտնի է, որ դամբարանի ու արձանախմբերի կառուցման մեջ օգտագործված բոլոր քարերը բերված են այլ տարածքից:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Հատկապես վերջին տարիներին Թուրքիայում պետական մակարդակով Կոմմագենեի Նեմրութը ձգտում են դարձնել զբոսաշրջային առաջնային երթուղիներից մեկը: Պետական հովանավորչությամբ խորհրդավոր սրբավայրի մասին նկարահանվում են թե՛ թուրքերեն, թե՛ օտարալեզու ֆիլմեր, անցկացվում են գովազդային լուրջ արշավներ, իսկ այդ ընթացքում Ադըյամանի եւ հարեւան Մալաթիայի նահանգի ղեկավարությունները դատական քաշքշուքների մեջ են ընկել Նեմրութը գովազդելու իրավունքի շուրջ: Բանն այն է, որ դեպի Նեմրութի «աստվածները» հնարավոր է բարձրանալ Նեմրութի՝ թե՛ Ադըյամանին հարող կողմից, թե՛ Մալաթիայի, թեեւ լեռան զգալի մասն, ամեն դեպքում, Ադըյամանի նահանգի տարածքում է: Արդարության համար, իհարկե, նշենք, որ Քյահթայի շրջանը ժամանակին նույնպես հարում էր Մալաթիային՝ հարեւան Կարկառի շրջանի հետ միասին, որն, ի դեպ, հայկական աղբյուրներում նույնականանում է Կախթայի հետ եւ հիշատակվում հայ ու ասորի բնակչություն ունեցող իր առանձնակի խոշոր ու զարգացած գյուղերով: Դեռեւս 1878-ի ռուս-թուրքական պատերազմից ի վեր առաջին անգամ կոտորածի ու բռնագաղթի ենթարկված Կարկառի հայության մի մասը, սակայն, մինչ օրս էլ որպես իր վերջին ապաստան տեսնում է հարազատ Եփրատի ափերը՝ շարունակելով ապրել Կարկառի մի քանի գյուղերում:

 

Սոֆիա Հակոբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին