Երեւան: Մեդիամաքս: "Ժառանգություն” կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն այսօր հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, մարտի 18-ին հրապարակված “Ժառանգության” եւ “Ազատ Դեմոկրատների” միացյալ համամասնական ցուցակը Կարինե Հակոբյանն անվանել է “անտրամաբանական” եւ “անարդար”:
Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին՝ նա պարզաբանել է, որ ընտրապայքարից դուրս գալու որոշումը կայացրել էր մինչեւ ցուցակի հրապարակումը, իսկ այսօր հայտարարում է կուսակցությունից դուրս գալու մասին:
Կարինե Հակոբյանի հիմնական դժգոհությունը հարուցել են ցուցակում առկա “անծանոթ ազգանունները”: Ցուցակի վերջնական տարբերակը, նրա կարծիքով, նվազեցրել է ապագա խորհրդարանում ներկայացված լինելու “ժառանգության” շանսերը:
Կարինե Հակոբյանը հավելել է, որ ցուցակի վերջնական տեսքի հետ կապված որոշումը կայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանն` իր “մտերիմ թիմակիցներով”:
Նրա խոսքով, “Ժառանգության” նման ցուցակն անակնկալ էր ոչ միայն իր, այլեւ կուսակցության այլ անդամների համար: Մասնավորապես, նա նշել է Լարիսա Ալավերդյանի անունը, ով հայտարարել էր, թե դուրս է գալիս ընտրապայքարից, սակայն հետո որոշել է «սիմվոլիկ աջակցություն» ցուցաբերել կուսակցությանը:
Լարիսա Ալավերդյանը զբաղեցնում է “Ժառանգության” համամասնական ցուցակի 41 տեղը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: