Ջոն Փադըֆութ. «UWC Dilijan-ում աշակերտները կսիրեն ուսումը եւ զերծ կլինեն վախերից» - Mediamax.am

3576 դիտում

Ջոն Փադըֆութ. «UWC Dilijan-ում աշակերտները կսիրեն ուսումը եւ զերծ կլինեն վախերից»


Ջոն Փադըֆութը
Ջոն Փադըֆութը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Փադըֆութը
Ջոն Փադըֆութը

Լուսանկարը` Մեդիամաքս


UWC Dilijan միջազգային դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ  Վերոնիկա Զոնաբենդն այսօր Երեւանում ներկայացրել է դպրոցի տնօրեն Ջոն Փադըֆութին:

 

Նա Մեծ Բրիտանիայի հեղինակավոր Իթըն քոլեջի (Eton College) նախկին փոխտնօրենն է եւ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքի Աղա Խան ակադեմիայի հիմնադիր-տնօրենը:

 

«Շատ ենք խոսել դպրոցի մասին` ներկայացնելով, թե ինչպիսին է լինելու կառույցը, սակայն դպրոցն, առաջին հերթին, մարդիկ են` ուսուցիչներն ու աշակերտները: Ամենակարեւորն այն է, թե ինչպիսի մարդիկ են աշխատելու այստեղ, եւ ով է լինելու նրանց առաջնորդը: Ուրախ ենք հայտարարել, որ դպրոցի տնօրեն է նշանակվել Ջոն Փադըֆութը, ով կրթության բնագավառում լուրջ փորձառություն ունի»,-նշել է Վերոնիկա Զոնաբենդը:

 

Ջոն Փադըֆութը ներկայացրել է UWC Դիլիջան քոլեջի տեսլականը, որից մի քանի հատված ներկայացնում ենք ստորեւ:

 

UWC Dilijan քոլեջի մասին

 

Անչափ հուզված եմ դառնալ մի նախագծի մասնիկը, որը երկար տարիներ իրականացման փուլում էր եւ որին ինձ բախտ վիճակվեց միանալ նախորդ տարվա կեսերից, երբ դեռ Հնդկաստանի դպրոցն էի ղեկավարում: Մոտենում է այն պահը, երբ աշակերտները եւ անձնակազմը կժամանեն դպրոցի հոյակապ շենքը եւ կսկսեն ուսումնառությունը:

 

Կառուցելով այս դպրոցը, մենք Հայաստանում շատ կենսական գործընթաց ենք սկսել: Ես անչափ ուրախ եմ, որ ինձ է վստահվել միջազգային բարձր չափանիշների թիմի հավաքագրման պատասխանատվությունը: Պատրաստ եմ այդ թիմն այնպես կառուցել, որ այն UWC Դիլիջան քոլեջը դարձնի աշխարհի առաջավոր դպրոցներից մեկը:

 

Այլեւս չենք օգտագործում «Դիլիջան միջազգային դպրոց» անվանումը, քանի որ նախորդ տարվա աշնանը դպրոցը միացել է աշխարհում դպրոցների թերեւս ամենահեղինակավոր ցանցին` Միացյալ աշխարհի քոլեջներին (United World Colleges-UWC): Մենք այլեւս ոչ միայն ոգեշնչող տեսլականի եւ մեծ հավակնությունների վրա կառուցված դպրոց ենք, այլ աշխարհի տարբեր երկրներում տեղակայված 14 քոլեջների մաս ենք:

 

Ինչպե՞ս են ընտրվելու UWC Dilijan-ի աշակերտները

 

Լուրեր են շրջանառվում, որ դպրոցը միայն շատ հարուստ մարդկանց համար է: Ուզում եմ ընդգծել, որ դպրոցի դռները բաց են բոլոր ցանկացողների համար` անկախ նրանց սոցիալ-տնտեսական, ազգային, կրոնական եւ ռասայական պատկանելիությունից: «Հետեւի մուտք» չի լինելու ոչ մեկի համար: Բոլոր աշակերտները գնահատվելու են նույն չափանիշներով, իսկ աշակերտներն ընտրվելու են ըստ իրենց ունակությունների:

 

Մենք առաջնահերթություն ենք տալու այն երիտասարդներին, ովքեր իսկապես նպատակամիտված են փոխել իրենց շրջապատող միջավայրը եւ այն ավելի լավը դարձնել, ովքեր նպատակ ունեն իրենց ստացած կրթությունը ոչ միայն ուղղել  անձնական ձեռքբերումներին, այլ նաեւ ի սպաս դնել աշխարհին:

 

Որպես դպրոցի տնօրեն, ընդունելության գործընթացին առնչվելու եմ միայն գործընթացի ամենավերջին փուլում` ծանոթանալով UWC-ի ազգային հանձնաժողովների ներկայացրած ցուցակին:

 

Ինչո՞ւ է այն առանձնահատուկ

 

Դպրոցն առաջին հերթին հատուկ է, քանի որ այն միջազգային է: Մենք աշակերտներ ենք սպասում նվազագույնը 50 երկրներից: Այսինքն` տարբեր ազգությունների աշակերտները կապրեն եւ կրթություն կստանան միասին:

 

Շատերը դպրոցական տարիները համարում են ամենաերջանիկը իրենց կյանքում, սակայն կան մարդիկ, ովքեր պակաս դրական զգացումներ են ունեցել դպրոցում: Մեր դպրոցը առանձնահատուկ է դարձնում այն հանգամանքը, որ դպրոցում բոլորն են համարվելու ուսուցիչներ եւ սովորողներ: Ուսուցիչը չի կանգնելու աշակերտների գլխավերեւում, որպեսզի վերջիններս անխոս գրառումներ կատարեն: Մեզ համար դասասենյակը «ուսումնառության լաբորատորիա» է. մի վայր, որտեղ մարդիկ համատեղ ուժերով ուսումնասիրում են նյութը:

 

Սա նշանակում է, որ բոլորս ուսուցիչներ եւ աշակերտներ ենք: Հեղինակության կառույցը հորիզոնական բնույթ ունի մեր դպրոցում: Չեն լինելու ուսուցիչներ, որոնք իրենց խիստ տեսքով եւ խիստ պահանջներով կվախեցնեն աշակերտներին: Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ աշակերտները կսիրեն ուսումը եւ զերծ կլինեն տարբեր տեսակի վախերից, ինչը որոշ դպրոցներում կիրառվում է աշակերտներին սովորել ստիպելու համար:

 

Մենք ամբողջ հոգով հավատում ենք, որ եթե տուրք տանք երիտասարդների ներքին հետաքրքրասիրությանը եւ էնտուզիազմին, ապա նրանք հաճույքով կսովորեն: Սա է փաստել իմ երկար տարիների փորձը: Լավագույն դպրոցները պարզապես բոցավառում են այն կայծը, որ կա աշակերտների հոգում:

 

UWC ցանցը առաջարկում է կրթություն` միավորելով մարդկանց, ազգությունները եւ մշակույթները` հանուն խաղաղության եւ կայուն ապագայի:

 

Որքա՞ն է տեւելու ուսումը

 

Ուսումնառությունը տեւելու է երկու տարի: Ավարտելով դպրոցը` աշակերտները ստանալու են IB (Միջազգային Բակալավրիատ) դիպլոմ, որը միջազգայնորեն ճանաչելի է աշխարհի լավագույն համալսարանների կողմից:

 

Ովքե՞ր են լինելու ուսուցիչները

 

Մենք ուսուցիչներ ենք ընտրել աշխարհի բոլոր ծայրերից: Այսօր նրանք դեռ աշխատում են Կոստա Ռիկայում, Հնդկաստանում, Իտալիայում, Հարավային Կորեայում եւ այլն: Նրանց մի մասը UWC ցանցից է, բայց բոլորն էլ բարձր որակի փորձառություն ունեցող մասնագետներ են:

 

Դպրոցում դասավանդելու են նաեւ հայաստանցի ուսուցիչներ, քանի որ դասավանդվող առարկաների ցուցակում են նաեւ հայոց լեզուն, հայ մշակույթը եւ պատմությունը: 2015թ.-ից ուսուցիչների թիվը նշանակալիորեն կավելանա աշակերտների քանակի ավելացմանը զուգընթաց:

 

Մինչեւ այսօր ինչքա՞ն դիմումներ են ընդունվել

 

Չեմ ուզում նշել դիմողների կոնկրետ թիվը, քանի որ նրանք շատ են: Բացի այդ, չեմ ուզում վհատեցնել այն աշակերտներին, ովքեր դեռ պատրաստվում են դիմել: Չեմ ուզում , որ նրանք մտածեն, թե մեծաքանակ դիմումների պարագայում ընդունվելու նրանց հավանականությունը նվազում է: Խրախուսում եմ դիմել բոլորին, քանի որ յուրաքանչյուր դիմող հավասար հնարավորություններ ունի արդար մրցակցության պայմաններում:

 

Բաց դռների օր

 

Հունվարի 25-ին, ժամը 11:00-ին բոլոր ցանկացողները կարող են գալ Հայաստանի Ամերիկյան Համալսարան (Բաղրամյան 40), որտեղ կանցկացվի Բաց դռների օր UWC Dilijan-ում սովորել ցանկացողների համար: Պատրաստ կլինեմ պատասխանել ձեր բոլոր հարցերին:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին