Վերոնիկա Զոնաբենդ. Ռուբենն անշեղորեն հավատում է ավելի լավ աշխարհին - Mediamax.am

247 դիտում

Վերոնիկա Զոնաբենդ. Ռուբենն անշեղորեն հավատում է ավելի լավ աշխարհին


Վերոնիկա Զոնաբենդն ու Ալիս Պետրոսյանը
Վերոնիկա Զոնաբենդն ու Ալիս Պետրոսյանը

Լուսանկարը` Armenian Educational Foundation

Վերոնիկա Զոնաբենդը
Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Armenian Educational Foundation


«Եթե ուզում եք աշխարհը ավելի լավը դարձնել, պետք է պատրաստ լինեք դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնեք դրանց համար, չվախենաք բախվել անհաջողությունների եւ կարողանաք վերականգնվել դրանցից հետո»: 

 

Ռուբեն Վարդանյանի այս խոսքերն է մեջբերել Հայ կրթական հիմնարկության (Armenian Educational Foundation) նվիրատու, կրթության հարցերով միջազգային խորհրդատու Ալիս Պետրոսյանը՝ Լոս Անջելեսում կայացած Հայ կրթական հիմնարկության 75 -ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: 

 

Նա Ռուբեն Վարդանյանի տիկնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին է հանձնել Հայ կրթական հիմնարկության Educational Visionaries Award մրցանակը: 

 

«Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդն իրենց կյանքը նվիրել  են աշխարհն ավելի լավը դարձնելու գործին: Ցավով պետք է նշեմ, որ սեպտեմբերը նշանավորվում է Ռուբենի Վարդանյանի անարդար բանտարկությամբ՝ նա արդեն երկու տարի Ադրբեջանի բռնապետ Ալիեւի կողմից պահվում է Բաքվի բանտում: 

 

Աղոթում ենք, որ Ռուբենը շուտ ազատ արձակվի»,-ասել է Ալիս Պետրոսյանը:

 

Վերոնիկա Զոնաբենդն ասել է, որ թեեւ ծնվել է ռուս-հրեական ընտանիքում, «ինքս ինձ իմ ընտրությամբ հայ եմ համարում (Armenian by choice)»:

 

 

«Հայաստանում փոփոխության հասնելու Ռուբենի կիրքն ու սերը ոգեշնչեցին ինձ նույնը անել: Աշխարհը մեծ փոփոխություններ է ապրում, եւ այն համակարգերը, որոնց ապավինում էինք ժամանակին, փլուզվում են: Ռուբենն ու ես աշխարհի այն մասից ենք, որտեղ կայունությունը միշտ էլ հազվագյուտ է եղել, ուստի մեր սերունդը նման պահեր ապրել է նաեւ անցյալում: Բայց մենք հստակ գիտենք, որ կրթությունը անհատական հզորացման խթան է: Ես օդատիեզերական ճարտարագիտություն եմ ուսանել, իսկ Ռուբենը՝ տնտեսագիտություն, եւ երկուսիս կիրքը կրթության գործած ազդեցությունն է: Մեր ծնողներից սովորել ենք կրթության իսկական արժեքը եւ գիտենք, որ այն միակ ունեցվածքն է, որը ոչ ոք երբեք չի կարող մեզանից խլել: 

Վերոնիկա Զոնաբենդը Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Armenian Educational Foundation

Թեեւ հայերը երկար ժամանակ է ցրված են ամբողջ աշխարհում, միասնության եւ գիտելիքների փոխանցման միջոցով՝ մի սերնդից մյուսին, մենք մնում ենք միմյանց կապված: Կրթությունն ու ընդհանուր արժեքները անտեսանելի թելեր են, որոնք մեզ միացնում են՝ անկախ նրանից, թե որքան հեռու ենք ապրում:

 

Այսօր մենք կրկին կանգնած ենք նոր դարաշրջանի շեմին: Բայց անփոփոխ է մնում մարդկային արժեքների եւ միավորող կապերի կարեւորության մեր ըմբռնումը: Հայկական կրթական հիմնադրամի 75-ամյակը վկայում է, որ մեր ժողովուրդը կարեւորում է կրթությանը՝ որպես ապագայի գրավական:

 

Ինչ էլ անեք կյանքում, պետք է դա անեք սրտով ու սիրով: Թեեւ Ռուբենն այսօր դաժան ու անարդար հանգամանքների բերումով զրկված է ազատությունից, նա անշեղորեն հավատում է ավելի լավ աշխարհին: Աշխարհի, որը կառուցված է գիտելիքի, կրթության եւ համայնքի ուժի վրա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին