Երեւանում մեկնարկել է Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի միջոցառումների շաբաթը: Դրա ընթացքում կներկայացվեն համալսարանի կրթական ծրագրերը, կկազմակերպվեն բաց դասախոսություններ եւ քննարկումներ:
City College-ը Հայաստանում գործում է 2012թ.-ից՝ բակալավրի եւ մագիստրատուրայի ծրագրերով: 2016թ.-ից այն Երեւանում իրականացնում էր Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը: 2021թ.-ից այս ծրագիրը առաջարկվում է ավելի ընդլայնված՝ համաեվրոպական Executive MBA տարբերակով՝ առաջարկելով բրիտանական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների MBA կրթություն։

Լուսանկարը` Մեդիամաքս
Միջոցառումների շաբաթը մեկնարկել է համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, պրոֆեսոր Լեսլի Սզամոզիի բաց դասախոսությամբ՝ աշխատավայրում տարբեր սերունդների փոխգործակցության վերաբերյալ:
Մեդիամաքսն առանձնացրել է դրա հետաքրքիր դրվագներն ու զրուցել համաեվրոպական Executive MBA-ի հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանի հետ:
Ուսումնական ծրագիր՝ հիմնված ժամանակակից կարիքների վրա
«Մեկնարկել է Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի ընդունելության առաջին՝ «early bird» փուլը: Բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերի համար փաստաթղթերի ընդունման առաջին փուլը կավարտվի մարտի 31-ին, իսկ Executive MBA-ի համար՝ ապրիլի 30-ին», - Մեդիամաքսին ասել է Լիլիթ Շահզադեյանն՝ ընդգծելով, որ ինչպես ամեն տարի, այնպես էլ՝ հիմա, առաջին փուլով դիմողները ստանում են զեղչերի հնարավորություն.
«Սրան զուգահեռ, դիմումների ընդունումը կշարունակվի նաեւ «early bird» փուլի ավարտից հետո»:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ընդունելության մեկնարկին զուգահեռ, ծրագրի ներկայացուցիչները կազմակերպել են համաեվրոպական Executive MBA-ի ակադեմիական տնօրեն, պրոֆեսոր Լեսլի Սզամոզիի բաց դասախոսությունը՝ ցույց տալու, թե ինչ կրթություն են առաջարկում.
«Մեր ուսումնական ծրագրերը կազմվում են՝ հաշվի առնելով կազմակերպությունների եւ անհատների ժամանակակից կարիքները: Կրթությունը դինամիկ գործընթաց է: Այսօրվա դասախոսության թեման եւս խիստ արդիական է եւ վերաբերում է սերունդների փոխգործակցությանն աշխատավայրում»:
Աշխատանքում մարտահրավերներ սիրող միլենիալներն ու «բազմաֆունկցիոնալ մեքենա» Z-երը
Լեսլի Սզամոզի
Կան կազմակերպություններ, որոնցում այսօր էլ միասին աշխատում է 5-6 սերունդ ու ղեկավարության խնդիրն է ձեւավորել այս բոլոր սերունդների կարիքներն ու առանձնահատկությունները հաշվի առնող 5G (generations) կամ 6G միջավայր: Միեւնույն ժամանակ, քանի որ այսօր աշխատաշուկայում առավել ակտիվ սերունդները միլենիալներն են (1980-1994թ. ծնվածներն) ու Z սերունդը (1995-2012), փորձենք հասկանալ՝ ինչ են նրանք ակնկալում աշխատանքից ու ինչ տալիս ի պատասխան: Այս ուղղությամբ մենք տարածաշրջանում մի շարք հետազոտություններ ենք անցկացրել:

Լուսանկարը` Մեդիամաքս
Միլենիալների համար աշխատավարձը կարեւոր է, անշուշտ, բայց քանի դեռ «սեղանին այլ բաներ կան դրված», այն սովորաբար չի գերազանցում ոլորտում եղած միջին ցուցանիշը:
Այս սերնդի համար անչափ կարեւոր է կատարել աշխատանք, որում նրանք տարատեսակ մարտահրավերներ են հաղթահարում: Աշխատանքը պետք է նրանց տա էներգիա, լինի առավոտյան արթնանալու պատճառ: Նրանց համար բացառիկ կարեւորություն ունի անձնային աճն ու նոր գիտելիքների ձեռքբերումն աշխատավայրում. տարատեսակ թրեյնինգներ, վերապատրաստումներ, սա միլենիալների մասին է:
Անձնական կյանք-աշխատանք հավասարակշռություն. այո՛, դահլիճում նստած միլենիալներ, կարող եք ծիծաղել: Z սերնդի համար սա բացառիկ կարեւոր է, իսկ ձե՞ր: Փորձե՞նք միասին հաշվել՝ որքան հաճախ եք արտաժամյա աշխատանք կատարում կամ ինչպես եք առավոտյան արթնանալուն պես ստուգում աշխատանքային չաթերը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Միանշանակ է, որ միլենիալների համար եւս այս հավասարակշռության պահպանումը կարեւոր է, բայց այս սահմանը նրանց դեպքում ավելի լղոզված է, քան՝ Z-երի:
Միլենիալների համար շատ կարեւոր է աշխատանքային միջավայրը: Այս առումով հետաքրքիր նախադեպ էր կորոնավիրուսի համավարակը, որի ընթացքում մարդիկ կարողանում էին իրենց տանը ստեղծել այն միջավայրը, որում առավել արդյունավետ են աշխատում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ինքնավարություն. միլենիալները սա սիրում են: Նրանք ասում են՝ «ցույց տվեք՝ ինչ պետք է անեմ եւ մի՛ ասեք ինձ՝ ինչպես անել դա»: Նրանք ունեն փորձ, գիտելիք ու կհանձնեն աշխատանքն անհրաժեշտ ժամկետում:
Գալով Z սերնդին: Z-երը շատ հետաքրքիր են, ես դասավանդում եմ նրանց:
Առաջին հերթին, նրանք չեն կարողանում եւ չեն ցանկանում ուշադրությունը երկար ժամանակ կենտրոնացնել միայն մեկ բանի վրա: Եթե դուք ղեկավար եք ու ցանկանում եք, որ Z սերնդի աշխատակիցը փախչի ձեր կազմակերպությունից առանց հետ նայելու, ասեք նրան՝ «մենք սկսում ենք մի երկարաժամկետ նախագիծ, որը տեւելու է 3 տարի»:
Սրան զուգահեռ, նրանք «բազմաֆունկցիոնալ մեքենաներ են» եւ կարողանում են միաժամանակ ու շատ որակով կատարել միանգամից 3-4 առաջադրանք:
Մի անգամ զրուցում էի Z-երի ներկայացուցչի հետ, որն անընդհատ հեռախոսի մեջ ինչ-որ բան էր փորփրում: Ասացի՝ «հեռախոսդ մի կողմ դիր, որ լսես ինձ», պատասխանեց՝ «ինչի՞ համար, ես առանց այդ էլ շատ ուշադիր լսում եմ»:

Լուսանկարը` Մեդիամաքս
Z-երն ավելի «անկախ են», քան՝ համագործակցող: Նրանք սիրում են լիովին վերահսկել աշխատանքը, որը կատարում են: Եթե ուզում եք հունից հանել Z-ին, տվեք նրան աշխատանք եւ ասեք, որ վերջնական արդյունքը կերեւա, երբ 4-5 այլ մարդ կավարտի առաջադրանքի իր մասն ու ամբողջ նախագիծը կկորդինացվի:
Նրանք, միանշանակ, շատ ավելի դրական են նայում ապագային, քանի որ համոզված են՝ ապագան փոխողը հենց իրենք են:
Z-երն են, որ մշակել են աշխատավայրում հանգստանալու մի նոր ձեւաչափ, որը կարող ենք կոչել «թեթեւ արձակուրդ»: Այսպիսով, եթե նրանք պարտավոր են աշխատավայրում գտնվել 7 ժամ եւ ունեն առաջադրանք, որը հանգիստ կարող են ավարտել 2 ժամում, որովհետեւ խելացի են, նրանք անում են դա եւ ասում՝ «ապրեմ ես», իսկ մնացած 5 ժամը գրասենյակում կանցկացնեմ «թեթեւ արձակուրդի» ռեժիմով. կկտրվեմ աշխատանքային հարցերից ու կփորձեմ հանգստանալ:
Ի՞նչ են անում այս դեպքում խելացի միլենիալները. «լա՜վ, մեզ տրվել է առաջադրանք, մենք խելացի ենք ու կարող ենք անել այն 2 ժամում, բայց դե առաջիկա 7 ժամը միեւնույն է այստեղ ենք, ուրեմն դանդա՜ղ- դանդա՜ղ կանենք ու կավարտենք առաջադրված ժամկետում»:
Ահա այստեղ է, որ ծագում է հեռավար աշխատանքի հնարավորության անհրաժեշտությունը, որը Z-երը շատ են կարեւորում: Նրանք ասում են՝ «ես կանեմ այս առաջադրանքը անհրաժեշտ ժամկետում եւ ի՞նչ կարեւոր է՝ Երեւանում եմ, Թբիլիսիում, թե՝ Փարիզում»: Այստեղ հարց է ծագում՝ իսկապես, կարեւո՞ր է մարդն արդեն 5 օր է Սեւանում է, թե՝ գրասենյակում նստած, եթե ճիշտ ժամկետում կատարում է իրեն տրված աշխատանքը: Սա 80-90-ականների եւ 2025-ի մենեջմենթի տարբերությունն է, որը պետք է հաշվի առնել:

Լուսանկարը` Մեդիամաքս
Անձնական մի հիշողությամբ կիսվեմ. երբ ավարտում էի համալսարանը, ծնողներս ասացին՝ «իսկ հիմա գտիր աշխատանք ու խոհեմ, գլուխդ կախ, աշխատիր նույն տեղում 30-40 տարի, ինչից հետո անցիր թոշակի եւ այդ ժամանակ միայն արա այն՝ ինչ ուզում ես»: Z-երի դեպքում ճիշտ հակառակն է՝ նրանք աշխատավայր են գալիս «բաց ճակատով», գլուխը բարձր եւ չեն մնում կազմակերպությունում, եթե ինչ-որ բան իրենց «սրտով չէ»:
«Հակադարձ մենտորություն». սովորել երիտասարդներից
Ձեզանից քանի՞սն են լսել «հակադարձ մենտորություն» հասկացության մասին: Այսօր այս գաղափարը բավականին արագ է տարածվում կազմակերպություններում:
Ինչպե՞ս է լինում սովորաբար: Կազմակերպությունն աշխատանքի է ընդունում երիտասարդ մասնագետի եւ նրան կցում «դինոզավր» (առանց վիրավորելու, պարզապես այսպես են ընկալվում բոլոր ավագ սերունդների ներկայացուցիչները): Երիտասարդին ասում են՝ «նա քեզ մենտորություն» կանի: Առ այսօր մարդիկ շարունակում են կարծել, որ փորձը տվյալ ոլորտում կամ կազմակերպությունում ամենից կարեւոր ու որոշիչ գործոններից է: Այն, անշուշտ, կարեւոր է, բայց ոչ որոշիչ:
Եվ ահա «հակադարձ մենտորության» գաղափարը հետեւյալն է. աշխատանքի վերցրեք երիտասարդ տաղանդների եւ սովորեք նրանցից, ավելի լավ հասկացեք՝ ինչի կարիք ունի նոր սերունդը, ինչ նոր տեխնոլոգիաներ ու լուծումներ կան:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հաճախ ղեկավար կազմի ներկայացուցիչները խուսափում են սրանից, մտածելով՝ «մյուսները կկարծեն, որ մենք խելացի չենք» կամ պնդելով՝ «մենք շատ լավ գիտենք՝ ինչ է ուզում երիտասարդությունը»: Այստեղ է, որ պետք է ուղղեմ նրանց՝ «գիտԵԻՔ, երբ 45 տարի առաջ հիմնում էիք ձեր կազմակերպությունը, դուք շատ լավ ճանաչում էիք 45 տարի առաջվա երիտասարդությանը»:
Պրակտիկայից մի դեպք հիշեցի. մի կազմակերպության գործադիր տնօրեններից մեկը կիրառել էր հակադարձ մենտորության այս մեխանիզմն ու գալով աշխատավայր հայտարարել, որ այդուհետ թոփ-մենեջմենթի բոլոր ներկայացուցիչները պետք է երիտասարդ մենտորներ ունենան:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ապշելու է, բայց իմ այս փորձը թեթեւացրել է ոչ միայն աշխատանքս, այլեւ՝ կարգավորել հարաբերություններս սեփական երեխաների հետ: Ես սկսել եմ նրանց ավելի լավ հասկանալ», - ասել էր նա:
Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: