Ուսանողների կամավոր ատեստավորումը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետազոտությունը - Mediamax.am

exclusive
308 դիտում

Ուսանողների կամավոր ատեստավորումը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետազոտությունը


«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից կազմակերպված «Ուսանողական ֆեստ»-ը
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից կազմակերպված «Ուսանողական ֆեստ»-ը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»


Ներկայացնում ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Նազարյանի հոդվածը՝ գրված հատուկ Մեդիամաքսի համար:

 

Գոռ Նազարյան

 

Վերջին տարիների հանրակրթական ոլորտի «ամենատաք» թեմաներից է կամավոր ատեստավորման ընթացակարգը, որը միտված է ստուգելու ուսուցիչների գիտելիքները դասավանդման առարկայից։

 

2024 թվականի վերջին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմի ջանքերով իրականացրեցինք հետազոտություն՝ ուղղված պարզելու, թե ինչ գնահատականներ են ստանում  բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ուսուցիչների համար նախատեսված կամավոր ատեստավորման թեստերի շրջանակներում։ Մեր նպատակն էր հասկանալ, թե որքանով է այսօրվա բարձր առաջադիմություն ուսանողը պատրաստ բավարարելու դպրոցական ծրագրով նախատեսված պահանջները կամավոր ատեստավորման թեստի միջոցով։

 

Ի՞նչ արդյունքներ կլինեն, եթե կամավոր ատեստավորման գործընթացը հանդիսանա «ընդունելության քննություն» ուսուցիչ դառնալու համար։

 

Ի՞նչ է կամավոր ատեստավորումը

 

2022 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է կամավոր ատեստավորման համակարգը։ Կամավոր ատեստավորումը առարկայական թեստ է, որի նպատակն է ստուգել ուսուցիչների գիտելիքները դասավանդվող առարկայի շրջանակներում։ Այն ուսուցիչների դեպքում, ովքեր հանձնում են կամավոր ատեստավորման թեստը բարձր գնահատականներով, տեղի է ունենում աշխատավարձի վերանայում։ Մասնավորապես, գործում են հետեւյալ գնահատման շեմերը։

 

0-59% - անբավարար։ Պահանջվում է վերահանձնել թեստը մեկ տարվա ընթացքում

 

60-69% - Դրույքաչափի փոփոխություն /200 հազար դրամ՝ 1 դրույք զբաղվածության համար/

 

70-79% - Դրույքաչափի փոփոխություն /200 հազար դրամ՝ 1 դրույք զբաղվածության համար/ եւ հավելավճար մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով

 

80-89% - Դրույքաչափի փոփոխություն /200 հազար դրամ՝ 1 դրույք զբաղվածության համար/ եւ հավելավճար մանկավարժական աշխատավարձի 40 տոկոսի չափով

90-100% - Դրույքաչափի փոփոխություն /200 հազար դրամ՝ 1 դրույք զբաղվածության համար/ եւ հավելավճար մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով

 

Հետազոտության կարեւորությունը

 

Կամավոր ատեստավորման թեստերը կազմված են Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից, իսկ թեստերի բովանդակությունը ներառում է դպրոցական ծրագրով նախատեսված թեմաները։ Սրանք, ընդհանուր առմամբ, հենց այն թեմաներն են, որոնց շրջանակներում նաեւ գնահատվում են համալսարան ընդունվող ուսանողներն իրենց ընդունելության քննությունների ժամանակ։ Ավելին, ենթադրվում է, որ հենց այս գիտելիքները հիմնարար են լինում բուհերում հետագա գիտելիքների ձեւավորման տեսանկյունից։

 

Կամավոր ատեստավորումը գիտելիքների ստուգման մեխանիզմ է ուսուցիչների համար։ Թեպետ ներկայումս այն կամավոր բնույթ ունի, այնուամենայնիվ, այն փաստացի սահմանում է ակնկալվող պահանջները մանկավարժի համար։ Ուստի կարեւոր է պարզել, թե բուհն ավարտող և, հատկապես, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները  որքանով են համապատասխանում նախանշված պահանջներին։

 

Հետազոտության ընթացքը եւ մեթոդաբանությունը

 

Թեստավորմանը մասնակցել են յոթ բուհերի թվով 372 բակալավրիատի չորրորդ եւ մագիստրատուրայի ավարտական կուրսերում սովորող ուսանողներ։

 

Թեստավորման մասնակիցների մի մասը ստացել/ստանում է մանկավարժական կրթություն, իսկ մյուսները՝ ոչ։ Թիրախավորվել են բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։ Մասնավորապես, փորձ է արվել ներգրավելու յուրաքանչյուր կուրսի ամենաբարձր միջին որակական գնահատական (ՄՈԳ) ունեցող 10%-ին։ Բոլոր մասնակիցներ ՄՕԳ-ը եղել է 80% եւ ավելի։

 

Թեստավորման համար տրամադրվել են նախորդ տարի իրականացված կամավոր ատեստավորման թեստի հրապարկված օրինակները։ Թեստին հատկացվել է 3 ժամ, այն իրականացվել է առերես ձեւաչափով։

 

Նշում. Ոչ մանկավարժական կրթությամբ ուսանողների մասնակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2022 թվականից գործում է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագիրը, որն անցնելով ոչ մանկավարժական կրթություն ունեցող մասնագետները կարող են դասավանդել դպրոցում։

 

Արդյունքները դիագրամներով

Եզրակացություններ

 

Թեստավորմանը մասնակցած բարձր առաջադիմությամբ բոլոր ուսանողների 53%-ը ստացել է անբավարար գնահատական։ Ուսուցիչ լինելու դեպքում այս խումբը ստիպված կլիներ մեկ տարվա ընթացքում վերահանձնել թեստավորումը, իսկ երկրորդ ձախողման դեպքում կազատվեր աշխատանքից։

 

ԲՏՃՄ առարկայախմբի ուսանողների դեպքում անբավարար են ստացել  76%-ը։ Այս ցուցանիշը հատկապես կարեւոր է հաշվի առնելով, որ հանրապետությունում առկա թափուր հաստիքների շուրջ կեսը հենց ԲՏՃՄ առարկայախմբից են։

 

Չնայած ընտրանքի ավելի սահմանափակ լինելուն՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների 78%-ը հաղթահարել է թեստավորումը։

 

Քանակապես առավել համադրելի են Հայաստանի Պետական մանկավարժական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի տվյալները։ Մանկավարժական համալսարանի ուսանողների համեմատաբար բարձր գնահատականները մեծ հավանականությամբ պայմանավորված են հենց դպրոցական կրթության վրա շեշտադրմամբ, մինչդեռ ԵՊՀ դեպքում ներգրավված են եղել ոչ միայն մանկավարժական ֆակուլտետների ուսանողները։

 

Եթե կամավոր ատեստավորման ընթացակարգը սահմանվի որպես ուսուցիչ դառնալու նախապայման, ապա անգամ ըստ բուհի գնահատման համակարգի ամենաբարձր առաջադիմություն ունեցող ուսանողների շուրջ կեսը չի հաղթահարի նշված շեմը, եթե անգամ ցանկանա կամ դիմի աշխատելու դպրոցում։

 

Առանձնահատուկ կարեւոր է նշել ուսուցիչ դառնալու ցանկությունը՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ ունենք ուսուցիչների մշտական պակաս՝ հատկապես մարզային համայնքներում, իսկ մանկավարժի մասնագիտությունը գրավիչ չէ երիտասարդների համար՝ հատկապես ԲՏՃՄ առարկայախմբի մասնագետների դեպքում՝ հաշվի առնելով ՏՏ եւ ֆինանսաբանկային ոլորտների գրավչությունը։   

 

Եթե համադրենք հենց ուսուցիչների ցուցանիշների հետ, ապա 2024 թվականի համար ունենք հետեւյալ պատկերը։ Ատեստավորմանը կամավոր մասնակցել է 4982 ուսուցիչ, ովքեր ցուցաբերել են հետեւյալ արդյունքները՝

 

60-69% արդյունք ցուցաբերել է 1073-ը․ նրանք ունենալու են միայն դրույքաչափի փոփոխություն /200 հազար դրամ՝ 1 դրույք զբաղվածության համար/

 

70-79% արդյունք է ցուցաբերել 1158-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով)

 

80-89% արդյունք է ցուցաբերել 989-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 40 տոկոսի չափով)

 

90-100% արդյունք է ցուցաբերել 600-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով)

 

0-59 տոկոս արդյունք է ցուցաբերել 1162-ը, որը կազմում է մասնակիցների 23%-ը։

 

Հարցեր մտորելու համար՝

 

Մեր իրականացրած հետազոտության արդյունքում ի հայտ են եկել հետեւյալ հարցերը, որոնք պատասխան են պահանջում.

 

•    Որքանո՞վ կարող է կամավոր ատեստավորման համակարգը արդյունավետ գործիք լինել նոր մուտք գործող ուսուցիչների համար

 

•    Որքանո՞վ է ԲՈՒՀ-ական կրթությունը նպաստում դպրոցական գիտելիքի պահպանմանը և համապատասխանաբար կամավոր ատեստավորման հաղթահարմանը։ Այս հարցն առաջին հերթին վերաբերվում է մանկավարժական որակավորում տրամադրող մասնագիտացումներին։

 

•    Ինչպիսի՞ գործիքակազմ պետք է ներդրվի, որպեսզի հարյուրավոր թափուր հաստիքները համալրվեն իրենց դասավանդման առարկային տիրապետող մասնագետներով։

 

•    Թեպետ հետազոտության հետ ուղիղ կապ չունի, այնուամենայնիվ ի՞նչ պետք է անել, որպեսզի ուսուցչի մասնագիտությունը լինի գրավիչ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին