Երեւան: Մեդիամաքս: Աղվերանում մեկնարկել է Համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը, որին մասնակցում են 15 երկրի շուրջ 100 պատվիրակներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ասել է, որ խորհրդաժողովը կարեւոր հարթակ է՝ ներկայացնելու գաղթօջախներում հայկական կրթության կազմակերպման հաջողված փորձառությունները, Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, քննարկելու սփյուռքում հայկական կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացման խնդիրները:
«Փորձելու ենք գտնել այն ընդհանուր խնդիրները, որոնք բնորոշ են բոլոր համայնքներին՝ փնտրելով համարժեք լուծումներ: Եթե, օրինակ, հնարավոր չէ ամենօրյա ռեժիմով հայկական կրթություն կազմակերպել, ապա ինչպե՞ս գտնենք լուծում լրացուցիչ ու շարունակական կրթության միջոցով, ինչպե՞ս ծրագրերը ներառենք հիմնական դպրոցի ուսումնական պլանում՝ ըստ տվյալ երկրի օրենսդրության ընձեռած հնարավորության: Այստեղ կարող են քննարկվել մեկօրյա դպրոցի շրջանակներում կամ հեռաուսուցման միջոցով ուսուցում կազմակերպելու հարցերը»,- նշել է փոխնախարարը՝ շեշտելով, որ կարեւոր է սփյուռքի գաղթօջախներից հաջողված փորձի տարածումը, միմյանց միջեւ փորձի փոխանակումը:
Ըստ նրա՝ երկրորդ խնդիրը սփյուռքում կազմակերպվող կրթական ծրագրերը Հայաստանի կրթության բովանդակությանը հնարավորինս համահունչ դարձնելն է:
Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ սփյուռքի հետ երկխոսության բոլոր հարթակներում առանձնակի կարեւոր են սփյուռքի ներկայացուցիչների կարծիքները.
«Խորհրդաժողովի արդյունքում ընդունվելիք բանաձեւի մեջ, մասնավորապես, ակնկալում ենք ստանալ արժեքավոր առաջարկներ, նորովի լուծումներ խնդիրներին, որոնք կարող են ձեւակերպվել որպես ծրագրեր՝ ֆինանսավորման ենթակա թե՛ պետական բյուջեի, թե՛ մասնավոր ոլորտի ներգրավման (այդ թվում եւ սփյուռքից)»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողովներ կազմակերպում է երկու տարվա պարբերականությամբ: Միջոցառմանը մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության եւ դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ, հայագետներ, համայնքների ներկայացուցիչներ, կրթօջախների հոգաբարձուների խորհրդի անդամներ, տնօրեններ, ուսուցիչներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: