Արցախցի Աստղիկն ու ուկրաինուհի Լիզան. կրթությունը՝ պայթյունների տակ - Mediamax.am

exclusive
8463 դիտում

Արցախցի Աստղիկն ու ուկրաինուհի Լիզան. կրթությունը՝ պայթյունների տակ


Աստղիկ Բաբայանը ԵՊՀ բակում
Աստղիկ Բաբայանը ԵՊՀ բակում

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղիկ Բաբայանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մուտքի մոտ
Աստղիկ Բաբայանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մուտքի մոտ

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղիկ Բաբայանը ԵՊՀ բակում
Աստղիկ Բաբայանը ԵՊՀ բակում

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղիկ Բաբայանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
Աստղիկ Բաբայանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղիկ Բաբայանը
Աստղիկ Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղիկ Բաբայանը
Աստղիկ Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիզան Բաթումիի բուսաբանական այգում
Լիզան Բաթումիի բուսաբանական այգում

Լուսանկարը` Batumelebi

Լիզան Բաթումիի բուսաբանական այգում
Լիզան Բաթումիի բուսաբանական այգում

Լուսանկարը` Batumelebi

Լիզան Բաթումիի բուսաբանական այգում
Լիզան Բաթումիի բուսաբանական այգում

Լուսանկարը` Batumelebi

Լիզան եւ պապիկն Օդեսայի բուսաբանական այգում
Լիզան եւ պապիկն Օդեսայի բուսաբանական այգում

Լուսանկարը` Batumelebi

Լիզան դասընկերների հետ Օդեսայում
Լիզան դասընկերների հետ Օդեսայում

Երեւանի պետական համալսարանի բակում մեզ ժպտում է Աստղիկը: Ժպիտի հետեւում ուժ ու հուզմունք կա. Աստղիկը գիտի՝ զրույցը հեշտ չի լինելու, բայց վստահ է՝ այս պատմությունը պետք է պատմել:

 

Երեք անգամ կյանքը սկսել զրոյից

 

21-ամյա Աստղիկ Բաբայանն Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղից: Սա իր ու ընտանիքի վերջին «հիմնական» հասցեն է. 1992թ.–ից ընտանիքը տեղահանվել է երեք անգամ:

Աստղիկ Բաբայանը ԵՊՀ բակում Աստղիկ Բաբայանը ԵՊՀ բակում

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայրս ծնունդով Այգեստան (Չայլու) գյուղից է: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ, եւ հորս ընտանիքը, թողնելով ամեն ինչ, հաստատվել է շրջանի այլ՝ Ներքին Հոռաթաղ համայնքում: Այստեղ եմ ծնվել ու դպրոց գնացել նաեւ ես: Երբ վեցերորդ դասարանում էի, ընտանիքս տուն ստացավ Այգեստանից տեղահանվածների համար հիմնված Նոր Այգեստան համայնքում: Կրթությունս շարունակեցի այստեղ: 2020թ.-ին ավարտեցի դպրոցն ու ընդունվեցի Ստեփանակերտում գտնվող Արցախի պետական համալսարանի Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության բաժին», - պատմում է Աստղիկը:

 

2020թ. Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստորագրված նոյեմբերի 9-ի համաձայնագրով ադրբեջանական կողմին է հանձնվում Արցախի 193 համայնք, այդ թվում՝ Աստղիկի հայրենի Նոր Այգեստան գյուղը.

 

«Ընտանիքս տեղահանվեց երկրորդ անգամ: 2021թ.-ից հաստատվեցինք Ստեփանակերտում, փորձում էինք կյանքը եւս մեկ անգամ զրոյից սկսել, բայց սա տեւեց 2 տարի: 2023թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո Արցախը հայաթափվեց: Սա մեր երրորդ տեղահանությունն էր»:

 

Ավելի քան 100 հազար արցախցու հետ Աստղիկի ընտանիքն էլ է տեղափոխվում Հայաստանի Հանրապետություն, հաստատվում Չարենցավան համայնքում.

 

«Ընտանիքում 4 քույր ենք, ես՝ ավագը: Երկուսս ուսանող ենք, մյուս երկուսը՝ դպրոցական: Արցախում մայրս գյուղի դպրոցում էր աշխատում, հայրս զինվորական էր: Երբ մեր գյուղը հանձնվեց ու տեղափոխվեցինք Ստեփանակերտ, մայրս սկսեց հրուշակեղեն թխել ու վաճառել: Իհարկե, սա կարճ տեւեց, որովհետեւ սկսվեց շրջափակումը»:  

 

ՀՀ տեղափոխվելուց հետո Աստղիկի մայրը վերսկսում է սիրելի գործը: Չարենցավանում հիմնում է հրուշակեղենի սեփական փոքրիկ արտադրություն: Հայրն օգնում է նրան այդ հարցում, իսկ Աստղիկն ու երկու տարով փոքր քույրը կրթությունը շարունակում են Երեւանի բուհերում: Դասերին մասնակցելու համար նրանք ամեն օր Չարենցավանից գալիս են մայրաքաղաք.

Աստղիկ Բաբայանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մուտքի մոտ Աստղիկ Բաբայանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մուտքի մոտ

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կրթությունն ինձ համար շատ կարեւոր է: Տեղահանությունից, ամեն ինչ կորցնելուց ընդամենը մեկ-երկու օր անց արդեն Երեւանի պետական համալսարանում էի: Ուզում էի հասկանալ՝ ինչպես կարող եմ հնարավորինս արագ տեղափոխվել: Երեք տարի սովորել էի Արցախի պետական համալսարանում, բայց մեկ օրում այդ բուհը դադարեց գոյություն ունենալ: ԵՊՀ-ում եւ ֆակուլտետում մեզ շատ լավ ընդունեցին ու աջակցեցին բոլոր հնարավոր հարցերով: Ասում են՝ ուսանողական կյանքը մարդու ամենաանհոգ եւ ուրախ շրջանն է: Իմ ուսանողական երեք տարվա ընթացքում եղավ հնարավոր ամեն արհավիրք: Առաջին կուրսում պատերազմ էր: Երկրորդում՝ հետպատերազմյան բարդ շրջան: Երրորդ կուրսս անցավ բլոկադայի պայմաններում, հետո նորից պատերազմ ու տեղահանություն Արցախից»:  

 

«Ո՞վ, եթե ոչ մենք». Ուկրաինուհի Լիզան ցանկանում է վերադառնալ հայրենիք

 

«Սովորում եմ 11-րդ դասարանում: Վերջին անգամ դասարանիս հետ իրական դասի մասնակցել եմ 4 տարի առաջ: Տպավորություն է, որ ինչ-որ մեկը գողացել է պատանեկությանս լավագույն տարիները: Սկզբում երկու տարի փակված էինք տանը կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հետո սկսվեց պատերազմը (ռուս-ուրակինական – խմբ.) եւ ոչ ոք չգիտի՝ երբ այն կավարտվի»:

 

Սա 16-ամյա ուկրաինուհի Լիզայի պատմությունն է: Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ամսիներ անց նա եւ մայրը տեղափոխվել են Վրաստան եւ հաստատվել Բաթումի քաղաքում: Այսօր Լիզան չգիտի՝ կկարողանա՞ մասնակցել դպրոցական ավարտական երեկոյին, կտեսնի՞ երբեւէ իր դասընկերներին: Բայց 16-ամյա աղջիկը մի բանում է վստահ՝ հետագա կրթությունն անպայման շարունակելու է Ուկրաինայում: Այս երկրի շատ բուհերում վերսկսվել է ուսումնական գործընթացը, հնարավոր է նաեւ հեռավար ուսուցում, բայց Լիզան որոշել է՝ վերադառնալու է հայրենիք:

Լիզան Բաթումիի բուսաբանական այգում Լիզան Բաթումիի բուսաբանական այգում

Լուսանկարը` Batumelebi

«Պարզ է, որ երկրի տնտեսությունը սարսափելի վիճակում է եւ նույնիսկ պատերազմի ավարտից հետո դրա վերականգնումը ժամանակ ու մեծ ջանքեր կպահանջի, բայց հատկապես դժվար ժամանակներում ես ուզում եմ օգնել հայրենիքիս, որն ինձ մեծացրել է ու այսօր դիմակայում է նման պատերազմի:

 

Երբեմն հարցնում եմ ինքս ինձ՝ ո՞վ, եթե ոչ մենք. ո՞վ պետք է վերադառնա եւ վերականգնի երկիրը պատերազմից հետո: Ես ուզում եմ սովորել եւ աշխատել Ուկրաինայում: Ապագաս այնտեղ եմ տեսնում», - ասում է 16-ամյա Լիզան:

 

Նրան շատ է հետաքրքրում ֆիլմարտադրությունը, հատկապես՝ նկարահանումն ու մոնտաժը: Ազատ ժամանակ լուսանկարներ է անում հեռախոսով ու մշակում դրանք տարբեր ծրագրերով: Վրաստանում անգլերենով կինոարտադրության ոլորտում կրթություն ստանալու մասին աղջիկը չի էլ մտածում. արտասահմանցիների համար այսպիսի կրթությունը շատ թանկ է:

 

«Պայթյունների ձայնի տակ գրավոր աշխատանքի էի պատրաստվում»

 

Աստղիկի ուսանողական առաջին սեպտեմբերը տեւեց 27 օր.

 

 

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ ու ուսանողական ուրախ կյանքն ավարտվեց դեռ չսկսված: Հիշում եմ՝ առաջին արձագանքս մերժումն էր: Սեպտեմբերի 28-ին համալսարանում կարեւոր գրավոր աշխատանք էր նշանակված, ու ես պայթյունների ձայնի տակ, նկուղում թաքնված, անընդհատ աչքս գրքին էի գցում, կարդում անհրաժեշտ նյութերը: Ինձ պետք էր հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի, պատերազմը մի քանի ժամից կավարտվի, ու ես վաղը սովորականի նման կգնամ դասի: Պատերազմը տեւեց 44 օր: Հրետակոծվում ու ռմբակոծվում էին նաեւ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքը, այնպես որ կանայք ու երեխաները ժամանակավորապես դուրս եկան Արցախից: Ես, մայրս ու քույրերս եւս եկանք ՀՀ: Հայրս, բնականաբար, մնաց սահմանին: 

Աստղիկ Բաբայանը ԵՊՀ բակում Աստղիկ Բաբայանը ԵՊՀ բակում

Լուսանկարը` Մեդիամաքս

Արցախ վերադարձանք 2021թ. ամռանը: Մեր տունը կորցրել էինք, քանի որ Նոր Այգեստանը հանձնել էին Ադրբեջանին: Ամառն անցկացրեցինք տատիկ-պապիկիս մոտ, իսկ սեպտեմբերին տուն վարձեցինք Ստեփանակերտում ու սկսեցինք կյանքը նորից կառուցել: Նոր Այգեստանի տնից գրեթե ոչինչ չէինք վերցրել», - ասում է Աստղիկը:

 

Առաջին հրթիռակոծությունը

 

Լիզան հիշում է՝ ինչպես իր տան մոտ հնչեց առաջին պայթյունը: Այդպես սկսվեց պատերազմը:

 

2022թ. փետրվարի 24-ին նա հագնվում է, վերցնում պայուսակն ու պատրաստվում դպրոց գնալ, երբ մայրն ասում է՝ «չես կարող, պատերազմ է սկսվել, Ռուսաստանը հարձակվել է մեզ վրա»: Լիզան հանում է վերարկուն, պայուսակը գետնին դնում ու պարզապես նստում:

 

Մթնելուց հետո ընտանիքը լույս չէր միացնում՝ վախենալով հեշտ թիրախ դառնալ ռուսական ինքնաթիռների համար: Միակ դրական կողմն այն էր, որ Լիզան եւ մայրը հասցրել էին իրենց տուն բերել տատիկին: Այսպիսով վտանգի ժամանակ բոլորով միասին էին:

Լիզան Բաթումիի բուսաբանական այգում Լիզան Բաթումիի բուսաբանական այգում

Լուսանկարը` Batumelebi

Պայթյունների ժամանակ Լիզան եւ տատիկը ծածկոցի տակ նստում էին բազմոցին ու գրկում շներին: Լիզան հիշում է, որ այսպիսի «ինքնապաշտպանությունը» միաժամանակ ծիծաղելի եւ տխուր էր.

 

«Ի՞նչ օգուտ կա ռմբակոծության ժամանակ գլխիդ գցած ծածկոցից: Բայց մենք բնազդով էինք գործում: Կարծում էինք՝ այսպես փրկում ենք մեզ ու շներին: Հիշում եմ՝ երբ գիտակցեցինք արարքի անհեթեթությունը, ծիծաղեցինք ծածոցի տակ», - պատմում է Լիզան:

 

Մարտի 1-ին նրա ծննդյան օրն է: Փետրվարի 24-ին աղջիկը երազում էր, որ պատերազմը շուտ ավարտվի եւ նա ընկերների հետ տոնի թե դրա ավարտը, թե ծնունդը: Բայց հրթիռակոծությունները շարունակվում էին:

 

Լիզան ու մայրը որոշում են հեռանալ Օդեսայից, երբ ռուսական բանակը սկսում է հարվածել դպրոցներին:

 

Արցախի բլոկադան

 

«2022թ.-ի դեկտեմբերի 12-ին, երբ սկսվեց Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, ես կոտրել էի ոտքս ու տեղաշարժվում էի հենակներով: Տաքսիներից էի օգտվում ու չէի բացակայում դասերից», - հիշում է Աստղիկը:

 

Ժամանակի ընթացքում վառելիքի պաշարները սպառվեցին, եղածն էլ մարդիկ պահում էին ծայրահեղ իրավիճակների համար: Սկզբում դադարեցին աշխատել տաքսիները, հետո նաեւ՝ ներքաղաքային ու շրջաններից եկող երթուղայինները:

 

«Ստիպված էի բաց թողնել դասերը, քանի որ պարզապես ֆիզիկապես չէի կարող հասնել համալսարան: Երկրորդ կիսամյակի ընթացքում, երբ ոտքս համեմատաբար լավ վիճակում էր, համալսարան էի գնում քայլելով՝ չնայած քաղաքի մյուս ծայրում էինք ապրում: Ես դեռ լավ վիճակում էի, շրջաններից բազմաթիվ ուսանողներ առհասրաակ չէին կարողանում Ստեփանակերտ հասնել: Ընկերուհիս Ասկերան քաղաքից էր (հեռավորություն Ստեփանակերտից մոտ 15 կմ- հեղ.) եւ շրջափակման ժամանակ ստիպված էր լինում պարբերաբար բացակայել: Ասկերանում մեկ էլեկտրոմոբիլ կար եւ դա համալսարան հասնելու նրա միակ հնարավորությունն էր: 

 

Հաճախ կարեւոր դասի ժամանակ նրան զանգահարում էին ու ասում, որ մեքենան այդ պահին հետ է գնում Ասկերան, եթե ուզում է տուն հասնել, պետք է հենց հիմա դուրս գա: Շատ ցավալի էր տեսնել՝ ինչպես է իսկապես լավ սովորող, իր մասնագիտությունը սիրող մարդը հայտնվում այսպիսի իրավիճակում», - ասում է Աստղիկը:

Աստղիկ Բաբայանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում Աստղիկ Բաբայանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում

Լուսանկարը` Մեդիամաքս

Էլեկտրաէներգիայի, գազի ամենօրյա անջատումների հետեւանքով շատ էր տուժում նաեւ բուն ուսումնական գործընթացը:

 

«Շրջանների մեր կուրսընկերներին ուղարկում էինք ուսումնական նյութերը, բայց քանի որ բոլորս օրվա մեջ կարճ ժամանակով էինք լույս ունենում, նրանք հաճախ նույնիսկ չէին հասցնում բացել ու կարդալ դրանք: Դժվար է պատկերացնել, բայց մեծ մասիս տանը նույնիսկ ամենահասարակ սնունդ չկար», - Աստղիկը կախում է հայացքը:  

 

Բլոկադայի ընթացքում անհնար էր դառնում նաեւ ոչ ֆորմալ կրթությունը: Արցախի պետական համալսարանի ուսանողները մի քանի տարի անընդմեջ հաղթել էին ՀՀ-ում անցկացվող միջազգային մարդասիրական իրավունքին վերաբերող դատախաղերում: 2023թ. փետրվարին պետք է մեկնեին Ալբանիա՝ մասնակցելու Ժան Պիկտեի անվան միջազգային դատախաղին, սակայն շրջափակման հետեւանքով չկարողացան:

 

Ի՞նչն է խանգարում ուկրաինացի շրջանավարտներին շարունակել կրթությունը վրացական բուհերում

 

Բաթումիի թիվ 20 դպրոցի 11-րդ դասարանում 20 ուկրաինացի աշակերտ է սովորում: Չնայած՝ ուկրաինական որոշ բուհերում ուսումնական գործընթացը վերսկսվել է,նրանց մի մասը կարծում է, որ Ուկրաինա վերադառնալը դեռեւս վտանգավոր է: Այս աշակերտներից շատերը նախատեսում են կրթությունը շարունակել Լեհաստանում կամ Սլովակիայում: Լեհերենն ու սլովակերենը սլավոնական լեզվաընտանիքից են եւ բավականին նման են ուկրաիներենին: Շրջանավարտները կարծում են, որ մոտ մեկ տարում կկարողանան սովորել լեզուներն ու բուհական կրթությունը շարունակել դրանցով:

 

 

Վրաստանում վրացերենով կրթությունը շարունակելու համար Ուկրաինայի քաղաքացիներին անհրաժեշտ է լեզվի իմացության B2 մակարդակ: Միայն այս դեպքում շրաջանավարտները կկարողանան մասնակցել ընդունելության քննություններին, չնայած՝ իրականում լեզվի այսպիսի իմացությամբ բավականին բարդ կլինի բուհական բոլոր առարկաները սովորել վրացերենով:

 

Վրաստանի պետական համալսարաններում կա վրացերեն սովորելու մեկամյա նախապատրաստական դասընթաց, սակայն օտարերկրյա քաղաքացիների համար այն վճարովի է: Բաթումիում բնակվող ուկրաինացի շրջանավարտների մի մասը կարծում է, որ կարող է կրթությունը շարունակել վրացական բուհերի անգլերեն ուսումնական ծրագրերով, չնայած՝ այդպիսիք կան միայն մի քանի ֆակուլտետում: Հետեւաբար, նրանց մասնագիտական ընտրությունը խիստ սահմանափակ է:

 

Օրինակ՝ Բաթումիի պետական համալսարանում անգելերնով ուսումնական ծրագրեր կան միայն բժշկական ֆակուլտետում: Այնումենայնիվ, ինպես «Batumelebi»-ին պատմել է բուհի ռազմավարական զարգացման ու արտաքին կապերի բաժնի ղեկավար Մարինե Գիորգաձեն, 2024թ. մարտի տվյալներով ուկրաինացի մեկ ուսանող սովորում է Թուրքագիտության ֆակուլտետում, երկուսը՝ Սլավոնական բանասիրության եւ եւս մեկը՝ Բժշկական ֆակուլտետի անգլերեն ծրագրով:

 

Նախապատրաստությունն ընդունելության քննություններին

 

Լիզան փախստական է դարձել պատերազմի հետեւանքով ու ինչպես այս վիճակում հայտնված այլ մարդիկ, նա եւս ստիպված է շատ բան անել հեռավար. առցանց պարապել կրկնուսույցների մոտ եւ մասնակցել դպրոցի դասերին: Տատիկի հետ, որը մնացել է Ուկրաինայում, Լիզան նույնպես շփվում է տեսախցիկի միջոցով:

 

«Ընդունելության քննությունները բարդացել են: Եթե անցյալ տարի բուհ ընդունվելու համար պետք էր հանձնել երեք առարկա, այս տարվանից անհրաժեշտ քննությունները չորսն են: Որպես պարտադիր առարկա ավելացել է Ուկրաինայի պատմությունը: Ինձ անհրաժեշտ է պարապել պատմություն եւ մաթեմատիկա: Սրա համար, իհարկե, պետք է վճարել: Մեզ օգնում է հայրս»:

Լիզան Բաթումիի բուսաբանական այգում Լիզան Բաթումիի բուսաբանական այգում

Լուսանկարը` Batumelebi

Բաթումիում բնակարան վարձակալելու, ամեն ամիս ընտանիքն անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար Լիզայի մայրը ստիպված է շատ աշխատել: Մասնագիտությամբ նա ատամնաբույժ է: Պատերազմից առաջ Օդեսայում կլինիկայում էր աշխատում: Վրաստան տեղափոխվելուց հետո սկսել է աշխատել հասարակական կազմակերպություններից մեկում.

 

«Մայրս լսողության խնդիր ունի: Նա կիրթ անձնավորություն է, Ուկրաինայում ուներ սեփական բիզնեսն ու իր առողջական խնդիրը ոչ մի կերպ չէր խանգարում: Բայց Վրաստանում ամեն տեղ պետք է վրացերեն իմանալ: Այստեղ նա իրեն չի կարող մասնագիտությամբ աշխատելու «ճոխություն» թույլ տալ: Վրաստանում բավականին դժվար է ապահովել ընտանիքդ՝ շատ մթերքներ ավելի թանկ են, քան Ուկրաինայում»:

 

«Արցախից հեռացանք սեպտեմբերի 25-ին՝ իմ ծննդյան օրը»

 

Աստղիկի ավարտական՝ չորրորդ կուրսի սեպտեմբերը տեւեց 19 օր: 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ. երկրորդը՝ երեք տարվա ընթացքում.

 

«Դասախոսներիցս մեկն ինձ աշխատանք էր առաջարկել դատարանում: Սեպտեմբերի 19-ի առավոտյան գնացի նրա մոտ՝ քննարկելու մանրամասները: Պայմանավորվելուց հետո շատ երջանիկ եկա համալսարան: 13:10 պետք է սկսվեր առաջին դասը, բայց 13:06 լսեցինք առաջին պայթյունը: Համալսարանում միացավ տագնապի ազդանշանն ու բոլորս իջանք նկուղ: Այստեղ ես մնացի մինչեւ հաջորդ օրը, որովհետեւ դուրս գալ ու փողոցով տուն վազելը շատ վտանգավոր էր»:

 

Առաջին պայթյուններին զուգահեռ Արցախում անջատվում է համացանցն ու հեռախոսային կապը: Աստղիկը հիշում է, որ նկուղում սարսափելի իրավիճակ էր: Ուսանողները, դասախոսներն ու հարեւանությամբ գտնվող դպրոցի աշակերտները չէին կարողանում կապ հաստատել հարազատների հետ: Լացն ու վախն ուղեկցվում էին ուշաթափություններով. մարդիկ մոտ մեկ տարի ապրում էին շրջափակման պայմաններում՝ առանց սննդի ու դեղորայքի. պատերազմը վերջին հարվածն էր: «Հաջորդ օրն ինձ գտավ մայրս: Երբեք չեմ մոռանա այդ հանդիպումը», - Աստղիկը հուզվում է, միասին լռում ենք.

Աստղիկ Բաբայանը Աստղիկ Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ավագ քույրս արդեն ուսանող էր, Երեւանում էր սովորում: Նրա հետ էր նաեւ քույրերիցս մեկը: Ստեփանակերտում ես էի, մայրս ու դպրոցական քույրիկս: Հայրս դիրքերում էր ու նրանից լուր առհասարակ չունեինք: Համալսարանի նկուղում անցկացրած ամբողջ գիշեր մտածում էի փոքր քույրիկիս մասին: Պատկերացնում էի՝ որտեղ է եղել առաջին պայթյունների ժամանակ. փողոցո՞ւմ, դպրոցո՞ւմ, ինչ-որ մեկն օգնե՞լ է նրան, իջեցրե՞լ նկուղ: Հետո իմացա, որ մայրս նրան գտել է փողոցում, ինչն այդ պահին ամենավտանգավորն էր: Միայն համոզվելուց հետո, որ քրոջս հետ ամեն ինչ կարգին է, մայրս նկատել է, որ ոտաբոբիկ է դուրս վազել տնից:

 

Ռազմական գործողությունների ավարտից հետո գնացինք տուն: Իրեր չէինք հավաքում, նույնիսկ իրար չէինք խոստովանում, որ պետք է դուրս գանք Արցախից: Հայրիկից այդ ամբողջ ընթացքում լուր չկար: Մի քանի օր անց նա զանգեց, ասաց՝ գալիս է: Մենք Արցախից հեռացանք սեպտեմբերի 25-ին՝ իմ ծննդյան օրը»:

 

«Ինձ դժվար է շփվել մարդկանց հետ»

 

Լիզան պատմում է, որ հայրենիքից ու ընկերներից հեռու անցկացրած չորս տարին նրան շատ է փոխել: Աղջիկը գրեթե դուրս չի գալիս տնից առանց անհրաժեշտության: Երազում է ներկա լինել գոնե դպրոցական ավարտական երեկոյին, բայց չգիտի՝ կկարողանա՞ այդ շրջանում գնալ Ուկրաինա:

 

«Կարծես ինչ-որ մեկն ինձ փակի տակ է պահում ու խլում դպրոցական կյանքս, լավագույն տարիներս: Երբեմն տնից դուրս գալու իմաստ չեմ տեսնում: Պատերազմի հետեւանքով սոցիալական հմտություններս տուժել են, ինձ շատ դժվար է շփվել մարդկանց հետ: Գիտեմ, որ այն սարսափելի ազդեցություն է թողել բոլոր ուկրաինացիների վրա: Մենք առ այսօր ամբողջական չենք պատկերացնում՝ ինչ տրավմաներ է հասցրել այս հարձակումն իմ ժողովրդին», - պատմում է Լիզան:

 

Հայրենիքում աղջիկը թեթեւ ատլետիկայով եւ բոքսով էր զբաղվում: Հիմա նրա սիրելի զբաղմունքը Բաթումիի բուսաբանական այգում զբոսնելն է: Ասում է՝ այս տեղը նրան հիշեցնում է հայրենի Օդեսայի բուսաբանական այգին, որտեղ աշխատում էր Լիզայի պապիկը: Օդեսայի այգին, ինչպես եւ Բաթումիինը, հենց ծովի ափին է.

Լիզան եւ պապիկն Օդեսայի բուսաբանական այգում Լիզան եւ պապիկն Օդեսայի բուսաբանական այգում

Լուսանկարը` Batumelebi

«Ինչ-որ տեղ հեռվում՝ ծովի մյուս ափին, իմ հարազատ վայրերն են, ընկերները, հարազատները, դպրոցս ու տատիկս: Այս վայրն ինձ հիշեցնում է արեւային Օդեսայի ու խաղաղ օրերի մասին»:

 

Մեկուսացած լինելու զգացողությունը փոքր-ինչ մեղմում են Լիզայի դասընկերներն Ուկրաինայից: Այս տարվանից նրանք նորից սկսել են դպրոց գնալ: Հաճախ զանգահարում են աղջկան, պատմում նորությունների մասին ու փորձում ուրախացնել:

 

«Դասընկերներս ապրում են պատերազմի, մշտական տագնապի պայմաններում եւ, այնուամենայնիվ, ժամանակ են գտնում ինձ զանգահարելու, ոգեւորելու, նորություններով կիսվելու համար: Թվում է՝ նորից նախկին անհոգ ժամանակներում ենք ապրում: Սա ինձ համար մեծ նշանակություն ունի: Պատերազմի մեջ ապրելով՝ ընկերներս փորձում են օգնել ինձ, որպեսզի միայնակ ու օտարացած չզգամ», - ասում է Լիզան:

 

«Մեզանից լավ ոչ մեկ չի պատմի այս մասին»

 

Իր արցախյան ուսանողական կյանքից Աստղիկը միայն գրքեր է բերել.

 

«Գիտեի՝ տեղ չունենք, բայց հորեղբայրս ասաց՝ «վերցրու գրքերդ, ես ինքս կբերեմ»: Իհարկե, պահում ենք կապը նաեւ կուրսընկերներիս հետ: Շատերն ինձ նման շարունակում են կրթությունը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում: Հիմա ես աշխատում եմ մասնագիտությամբ եւ գրում ավարտական աշխատանքս: Այս տարի կավարտեմ Երեւանի պետական համալսարանը», - ասում է Աստղիկն ու ժպտալով ավելացնում՝ «երեւի»:

 

Ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ՝ Երեւանում, նա շարունակում է կամավորական աշխատանքը մի կազմակերպությունում, որը փաստահավաք առաքելություն է իրականացնում Արցախում տեղի ունեցած պատերազմների ու տեղահանության վերաբերյալ.

Աստղիկ Բաբայանը Աստղիկ Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք հանդիպում ենք տուժած ընտանիքների հետ, զրուցում ու հավաքագրում նրանց պատմությունները: Շատ բարդ է նորից լսել ու վերապրել այն, ինչի միջով ինքդ ես անցել: Բոլոր պատմությունները քոնն են, եղել են նաեւ ընտանիքիդ հետ: Բայց կարծում եմ՝ սա կարեւոր է: Դժվարությունները, որոնցով անցել ենք ես ու հասակակիցներս, պետք է կոփեն մեզ: Ի վերջո, մեզանից լավ ոչ մեկ չի կարողանա այս մասին պատմել մարդկանց ու աշխարհին»:

 

2024թ. փետրվարի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հատատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2116 ուսանող (բուհերի): Նրանցից 1897-ը շարունակում է կրթությունը Հաստատունի տարբեր բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում:

 

«Պատերազմի հետ հաշտվել չի կարելի. այն պետք է ավարտվի»

 

Լիզան եւ մայրը հեռացել են Օդեսայից 2022թ. ամռանը: Մայրն աղջկան ասել է, որ Բաթումի են գնում ընդամենը մի ամսով՝ ծովափին հանգստանալու: Լիզան հեռանալիս ոչ մեկին հրաժեշտ չի տվել:

Լիզան դասընկերների հետ Օդեսայում Լիզան դասընկերների հետ Օդեսայում

 

«Ինչո՞ւ ենք հեռանում, եթե պատերազմը մեկ ամսից կավարտվի: Մնանք ու սպասենք», - Լիզան փորձել է համոզել մայրիկին:

 

Իսկ նա արձագանքել է՝ «տեսնենք՝ ինչպիսի ծովափեր կան Բաթումիում, ինչպես են այնտեղ ապրում մարդիկ»:

 

«Ամբողջ ճանապարհին ես քնած էի մայրիկիս ծնկների վրա, գրեթե ոչինչ չէի ուտում, չէի ուզում բացել աչքերս: Սա բողոքի իմ ձեւն էր: Զգում էի, որ Օդեսայից հեռանում ենք երկար ժամանակով ու չէի ցանկանում հավատալ դրան: Ճանապարհը շատ երկար էր, կարելի է ասել՝ անվերջ», - հիշում է Լիզան:

 

Այդ օրերից անցել է երկու տարի: Հիմա մայրն այլեւս չի կրկնում «քաղցր սուտը», որ պատերազմը կավարտվի մեկ ամսից: Երկուսն էլ գիտեն՝ ավարտը դեռ տեսանելի չէ:

 

«Հաճախ եմ տեսակապով զրուցում տատիկիս ու ընկերներիս հետ: Թվում է՝ նրանք սովորել են պատերազմին, որովհետեւ պարզապես հոգնել են տագնապից: Գիտակցությունը չի կարող մշտապես ապրել լարվածության մեջ, ու մարդն ինչ-որ պահից սկսում է հարմարվել եղած իրականությանն ու այն համարել նորմալ: Բայց սա ճիշտ չէ: Պատերազմի հետ հաշտվել չի կարելի. այն անպայման պետք է ավարտվի», - ասում է 16-ամյա ուկրաինուհին:

 

Նախագիծն իրականացրել են Մեդիամաքսն ու Batumelebi&Netgazet-ն՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

 

Հեղինակներ՝ Յանա Շախրամանյան, Թամար Ներգաձե

 

Տեսանյութեր՝ Գայանե Ենոքյան, Էկա Բերիձե

 

Լուսանկարներ՝ Ագապե Գրիգորյան, Թամար Ներգաձե

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին