Ժաննա Անդրեասյանը՝ դասագրքերի, եկեղեցու կարծիքի, «Գոյ» թատրոնի մասին - Mediamax.am

1306 դիտում

Ժաննա Անդրեասյանը՝ դասագրքերի, եկեղեցու կարծիքի, «Գոյ» թատրոնի մասին


Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ


Դեկտեմբերի 27-ին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած մի շարք հարցերի:

 

«Հայոց պատմություն 7» դասագիրք

 

Նախարարը տեղեկացրել է, որ «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ իրավիճակի քննարկման նպատակով տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա են եղել հանրային կամ ոչ հանրային ձեւաչափով մասնագիտական  դիտարկում ներկայացրած գիտնականները, ինչպես նաեւ հեղինակն ու գրքի հրատարակությունն իրականացրած կազմակերպության տնօրենը:

 

Նախարարություն հանդիպման գալուց առաջ մասնագետները ԵՊՀ-ում ունեցել են քննարկում, որի ընթացքում ներկայացված դիտարկումների հիմնական մասը հեղինակն ընդունել է, ինչը, ըստ նախարարի, շատ կարեւոր է: Քննարկման ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ մասնագետների բոլոր դիտարկումները, դիտողություններն ու առաջարկներն ուսումնասիրվելու են.

 

«Հիմա սպասում ենք հեղինակների կողմից ամբողջական անդրադարձի, այսինքն՝ լինելու է մի աղյուսակ, որտեղ ներառվելու են դասագրքի վերաբերյալ հնչած բոլոր դիտարկումները, հեղինակի արձագանքը դրանց՝ ընդունե՞լ է կամ ոչ, եւ հիմնավորումը՝ ինչո՞ւ է ընդունել եւ ինչո՞ւ չի ընդունել: Ընդ որում՝ հիմնավորումները պետք է լինեն մասնագիտական առումով փաստարկված։ Մենք պայմանավորվել ենք, որ այդ ամփոփաթերթերը հասանելի կլինեն բոլորին՝ հավաստիանալու, թե հեղինակն ինչպես է արձագանքել այս կամ այն դիտարկմանը: Նախարարությունն այդ փաստաթուղթը կուղարկի երրորդ՝ անկախ փորձագիտական կարծիքի, որպեսզի ունենանք մասնագիտական վերջնական եզրակացություն։ Էմոցիաները երբեմն խանգարում են, որպեսզի տեսնենք իրական աշխատանքային գործընթացը. կան նոր դասագրքեր, որոնք, ըստ էության, անցնում են փորձարկում, ի հայտ է գալիս փոփոխությունների կարիք, որը նորմալ աշխատանքային գործընթաց է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը

 

Անդրադառնոլվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշմանը՝ «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ՝ Ժաննա Անդրեասյանն ասել է, որ նախարարությունը հարգում է եկեղեցու դիրքորոշումը, սակայն «կրթության կազմակերպում է պետությունը՝ հաշվի առնելով մասնագիտական կարծիքները եւ առաջնորդվելով կրթությունը կազմակերպելու մանկավարժական արդյունավետ մոտեցմամբ»:

Նախարարն ասել է, որ նախօրեին Մայր Աթոռի կողմից նախարարությունը ստացել է նամակ, որը, ինչպես մյուս բոլոր մասնագիտական դիտարկումները, կներառվի անկախ փորձագիտական գնահատման ուղարկվող փաստաթղթում:

 

««Հայոց պատմություն» առարկայի՝ չափորոշիչներին համապատասխան դասավանդման մոտեցումներն ուղիղ կապված են մեր պետության շահերի, հայրենասեր քաղաքացու դաստիարակության սկզբունքների հետ, եւ այդպիսին է ամբողջ հանրակրթության պետական չափորոշիչը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

 

Նոր դասագրքերի մրցույթներ

 

Մրցույթներն արդեն հայտարարվել են, եւ հայտերը բացվելու են 2024 թ. ապրիլին:

 

Այդ ընթացքում հեղինակային խմբերը հնարավորություն ունեն ներկայացնելու 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների դասագրքերի համար հայտեր: Մրցույթներ են հայտարարվել նաեւ 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանների այն առարկաների դասագրքերի համար, որոնք չեն ստեղծվել նախորդ ուսումնական տարում՝ հայտեր չլինելու կամ համապատասխան փորձագիտական երաշխավորություն չստանալու պատճառով:

 

Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության մասին

 

Նախարարը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում մնացած նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեք ունեցող ժառանգությունը գույքագրվել է, ամբողջացվել է  տվյալների բազան:

Լուսանկարը` ԿԳՄՍ

«Գույքագրում ենք նաեւ վանդալիզմի դեպքերը եւ դրանք ինտեսիվ փոխանցում բոլոր հնարավոր միջազգային գործընկերներին: Էլեկտրոնային շտեմարաններ, կայքեր են ստեղծվում, նախատեսվում են ցուցահանդեսներ, համաժողովներ եւ՛ Հայաստանում, եւ՛ արտերկրի տարբեր հարթակներում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

 

«Գոյ» թատրոնի մասին

 

Ժաննա Անդրեասյանն ասել է , որ «Գոյ» թատրոնը կգործի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում՝ որպես առանձին ստեղծագործական միավոր: Նրա խոսքով, տտեղծագործական անձնակազմը շարունակելու է գործունեությունը Սունդուկյանի անվան թատրոնում՝ ներկայացումներն ու խաղացանկն իրականացնելով ակադեմիական բեմում՝ «ունենալով ստեղծագործական ազատություն եւ պահպանելով ոճային առանձնահատկությունը»:

 

Ռուսերենով ուսուցման դասարանների դասագրքերի մասին

 

Դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, եւ գրքերը բաշխվել են դպրոցներին:

 

«Փորձաքննությունն ունի շատ պարզ նպատակ. դպրոց մուտք գործող ցանկացած նյութ պետք է փորձաքննված լինի, եւ դա ստանդարտ ընթացակարգ է: Հաշվի առնելով, որ այս տարվանից նոր չափորոշիչը ներդնում ենք ՀՀ դպրոցներում, այն դասագրքերը, որոնք ուղարկված էին ՌԴ-ից, բնականաբար, պետք է անցնեին փորձաքննություն՝ հասկանալու, թե որքանով են համապատասխանում մեր հանրակրթության չափորոշչին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

 

Նախարարի խոսքով՝ ռուսական կողմին առաջարկվել է ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասագրքերի տրամադրումն այսուհետ ապահովել ՀՀ դպրոցներում կիրառվող, ՀՀ կրթական չափորոշիչներին համապատասխանող դասագրքերի՝ ռուսերենով տարբերակների տրամադրմամբ:

 

«Համապատասխան աշխատանքային խմբերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որպեսզի այսպիսի հարցեր հետագայում չառաջանան»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին