Մայր Աթոռում անհրաժեշտ են համարում «սխալաշատ» դասագիրքը դուրս բերել գործածությունից - Mediamax.am

2671 դիտում

Մայր Աթոռում անհրաժեշտ են համարում «սխալաշատ» դասագիրքը դուրս բերել գործածությունից


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռում կրթական հիմնախնդիրներին նվիրված քննարկման մասնակիցները անհրաժեշտ են համարում, որ «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագիրքը դուրս բերվի գործածությունից։

Մայր Աթոռի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Մասնակիցները վերահաստատեցին հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի վերաբերյալ արտահայտած վերապահումները, մասնավոր անդրադարձ ունեցան «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքին։ Արձանագրվեց, որ դպրոցական հիշյալ ձեռնարկում տեղ են գտել հայեցակարգային, մեթոդաբանական, գիտական, այդ թվում եկեղեցագիտական եւ կարեւորագույն այլ բնույթի կոպտագույն սխալներ ու բացթողումներ։ Խոր մտահոգությամբ արձանագրվեց, որ դասագրքում օբյեկտիվությամբ ու պատշաճ ծավալով ներկայացված չեն ազգային, պետական ու հոգեւոր կյանքի պատմական կարեւորագույն իրադարձությունները, կերպարներն ու խորհրդանիշերը։

 

Ելնելով արտահայտված վերապահումներից՝ քննարկման մասնակիցները ընդգծեցին, որ աղճատված եւ սխալաշատ այս դասագրքի ուսուցմամբ խաթարվելու է սերունդների ազգային դաստիարակության ու կրթության կարեւորագույն առաքելությունը։ Անհրաժեշտ համարվեց, որ  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ դպրոցներում գործածվող վերոգրյալ դասագիրքը դուրս բերի գործածությունից եւ ձեռնամուխ լինի  նոր դասագրքի ստեղծմանը՝ այդ գործընթացում ներգրավելով պատմաբանների, եկեղեցականների եւ գիտակրթական հաստատությունների ու մասնագիտական հանրույթի պատասխանատու ներկայացուցիչների»:

 

Մեդիամաքսը նշում է, որ դեկտեմբերի 14-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել էր 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության եւ լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին:

 

Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ պատմաբանների ներկայացրած բոլոր դիտողություններն ու առաջարկները փոխանցվելու են հեղինակին՝ մանրակրկիտ ուսումնասիրման նպատակով։ Նախարարը խնդիր է դրել, որ հեղինակը կազմի եւ ներկայացնի ամբողջական ամփոփաթերթ, որում ներառված կլինեն մասնագիտական բոլոր դիտարկումները, դրանց ընդունելու, մասնակի ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հեղինակի հիմնավորված դիրքորոշումը։

 

Ժաննա Անդրեասյանը նշել էր նաեւ, որ ամբողջական ամփոփաթերթը կներկայացվի մասնագիտական նոր փորձաքննության՝ դասագրքի փոփոխությունների վերաբերյալ երրորդ անկախ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Հիմք ընդունելով փորձագիտական անկախ եզրակացությունը՝ կկայացվի վերջնական որոշում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին