Սարոյանի «վերացած» հայացքն ու մերօրյա ընկալումները - Mediamax.am

1782 դիտում

Սարոյանի «վերացած» հայացքն ու մերօրյա ընկալումները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Զավեն Բոյաջյանը
Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Զավեն Բոյաջյանը
Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2023թ. սեպտեմբերի 14-ին Հայաստանի ազգային գրադարանում կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը հանդես եկավ Վիլյամ Սարոյանի ծննդյան 115-ամյակին նվիրված «Սարոյանը երեկ, այսօր եւ վաղը» խորագրով դասախոսությամբ։

 

Ինչպե՞ս է Սարոյանը յուրացվել Հայաստանում, ի՞նչ ճանապարհ է անցել, ինչո՞ւ պետք է այսօր կարդալ Սարոյան. սրանք էին դասախոսության հիմնական հարցերը։

 

Սարոյանի անցյալ ու ներկա թարգմանությունները

 

Սարոյանն իր գրական գործունեությունը սկսել է 1930-ականներին։ Զավեն Բոյաջյանն ասում է, որ սկզբնական, հատկապես՝ ստալինյան ժամանակաշրջանում Հայաստանում Սարոյանի նկատմամբ վերաբերմունքը բացասական է եղել։

 

Սփյուռքահայ մամուլում Սարոյանի գործերը սկսել են թարգմանվել 1930-ական թվականների երկրորդ կեսից։ Խորհրդային Հայաստանում Սարոյանն առաջին անգամ ներկայացվել է 1959 թվականին՝ ռուսերենից թարգմանված «Ժամում 60 մղոն» պատմվածքների ժողովածուով։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եթե նկատի ունենանք, որ ռուսական թարգմանական դպրոցը հաճախ վերաշարադրանքի դպրոց էր, սարոյանական թարգմանությունները ռուսերենից բավականաչափ աղոտ պատկերացում են տալիս Սարոյան-գրողի ոճի, գրելաձեւի ու շատ կարեւոր իրողությունների մասին։ Նույն տարում Գրիգոր Քեշիշյանը բնագրից թարգմանել է Սարոյանի լավագույն գործերից մեկը՝ «Մարդկային կատակերգությունը»: Ցավոք, չեմ կարող գովեստի խոսքեր ասել, մանավանդ երբ նայում ենք տասնամյակների վաղեմության ասպեկտով, բավականաչափ հնացած թարգմանություն է։ 1963-ին հրատարակվեց «Իմ սիրտը լեռներում է» դրամատուրգիական գործերի ժողովածուն՝ դարձյալ անգլերենից թարգմանված։ Ընդ որում՝ թարգմանիչների թվում նշանավոր անուններ կային՝ Խաչիկ Դաշտենցը, Ստեփան Ալաջաջյանը։ Այդ ժողովածուն էլ այսօրվա չափանիշներով արդեն բավականաչափ հնացած է։

Զավեն Բոյաջյանը Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարոյանի ստեղծագործության հայերեն յուրացման մեջ կարեւոր շրջափուլ է համարվում 1986-1991 թթ. ժամանակահատվածում ստեղծված սարոյանական քառահատոր ժողովածուն, որում ընդգրկված են ինչպես նախկինում տպագրված, այնպես էլ նոր թարգմանված գործեր։ Ինքս, որպես թարգմանիչ, իմ գործունեությունը, մասնավորապես՝ Սարոյանի թարգմանությունները, սկսել եմ այդ ժողովածուից», - ասել է Զավեն Բոյաջյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով, 1990-ականներից սկսած հրատարակվում են Սարոյանի գործերի եւ՛ հաջող, եւ՛ անհաջող թարգմանություններ։

 

Կար Սարոյանին կրկին անդրադառնալու անհրաժեշտություն

 

Շատերի համոզմամբ՝ Սարոյանը ճանաչված եւ յուրացված հեղինակ է ու հազիվ թե հետաքրքրության նոր ալիք բարձրացնի, սակայն «Անտարեսի» William Saroyan մատենաշարը մեծ արձագանք է գտել։ Բոյաջյանն ասում է, որ սերունդները փոխվել են, շատերը նորովի են ընկալում Սարոյանին ու անհրաժեշտութուն կա նրա հետ ծանոթությունը ընդլայնելու, խորացնելու։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սարոյանի գործերը հայերենացնելու կարեւոր հանգամանքներից մեկը նա համարում է այդ գործերի հայկականությունը, անդրադարձը հայկական թեմաներին ու խնդիրներին, որոնք արդիական են նաեւ այսօր։

 

Առանձնացնում է «Ռոք Վագրամ» վեպը («Անտարես», թարգմ․՝ Զավեն Բոյաջյան), որն ամբողջովին խարսխված է սփյուռքահայերի երկփեղկվածության խնդրի վրա։

 

Սարոյանն այսօր դրսում ավելի շատ մոռացված կամ կիսամոռացված գրող է, ինչը պայմանավորված է նաեւ հայկական թեմաների առկայությամբ, որոնք գնալով ավելի մեծ տեղ էին գրավում նրա ստեղծագործություններում։ «Այդ գրականությունն արդեն չէր կարող ամերիկացիների համար այնպիսի հետաքրքրություն ներկայացնել, ինչպիսին ներկայացնում է մեզ համար»,- ասում է թարգմանիչը, ընդգծելով սարոյանական գրականությանը տեր կանգնելու կարեւորությունը, չմոռանալով փաստել նաեւ, որ մինչեւ օրս Սարոյանը աշխարհում ամենահայտնի հայազգի գրողն է եւ օտարներին ամենից շատ ծանոթ հայկական ազգանունով գրողը։

 

Ինչո՞ւ է պետք կարդալ Սարոյանին

 

«Ես հանդիպել եմ մարդկանց, որ չեն հավանում սարոյանական գրականությունը, նրանց ընկալմամբ՝ Սարոյանը մի գրող է, որը հիմնականում խուսափում է կյանքի ստվերոտ, մութ կողմերը պատկերելուց, եւ նրա գրականությունն ավելի շատ սնվում է ոչ թե իրականությունից, այլ սփոփելու, մխիթարելու մտայնությունից»,- ասում է Զավեն Բոյաջյանը, նշելով, որ այդ տեսակետի հետեւորդները պարզապես շատ վատ են ճանաչում սարոյանական գրականությունը. Սարոյանը շատ տարբեր բնույթի գործեր է գրել։

Զավեն Բոյաջյանը Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա այն գրողներից է, որոնք ավելի շատ սիրում են խոսել մարդու կեցության դրական կողմերի մասին, կարողանում են կաթիլի մեջ օվկիանոս տեսնել։ Ամենափոքր բաների մեջ Սարոյանը նկատում է աշխարհներ եւ այդ աշխարհները ներկայացնում է մեզ։

 

Թարգմանիչը նշում է նաեւ Սարոյանական նշանավոր օտարման էֆեկտը՝ ամեն ինչին ասես առաջին անգամ, կողքից, «վերացած» հայացքով նայելու եղանակը, հենված մանկական անկեղծ աշխարհայացքի վրա:

 

Ուշագրավ է նաեւ Սարոյանի ներկայացրած ընտանիքի մոդելը.

 

«Թեեւ Սարոյանը երկու անգամ նույն կնոջ հետ ամուսնանալուց հետո այդպես էլ չկարողացավ պատշաճ ընտանիք ստեղծել, բայց ընտանիքը նրա արժեհամակարգի ամենակարեւոր բաղադրիչներից մեկն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տուն, ընտանիք հասկացությունները նրա գործերում ավելի շատ հոգեւոր, քան ֆիզիկական հասկացություն են եւ տրված են մեկընդմիշտ։ Եթե նույնիսկ ընտանիքը տրոհված է, ամուսինները բաժանված են, հայրերն ու մայրերը չեն հանդիպում իրենց զավակների հետ, միեւնույն է, այդ մարդիկ միավորված են անքակտելի հոգեւոր կապերով»։

 

Զավեն Բոյաջյանը նկատում է՝ Սարոյանական գրականության այս մոտիվները, այս փորձառությունը շատ կարեւոր են նաեւ այսօր։

 

Սարոյանական ցուցադրություն

 

Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացվել է Սարոյանին նվիրված ցուցադրություն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այստեղ ներկայացված են Սարոյանի առաջին հրատարակած գիրքը (1934), նրա կենդանության օրոք լույս տեսած վերջին գիրքը (1979), «Մարդկային կատակերգություն» վիպակի հիման վրա նկարահանած մյուզիքլի լիբրետոն, Սարոյանի մակագրությամբ գրքեր, անձնական նամակներ, ֆոտոալբոմներ։

 

Արմինե Սարգսյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին