«Ռոք Վագրամ». Սարոյանի հակասական ու համակրելի հերոսը - Mediamax.am

exclusive
2654 դիտում

«Ռոք Վագրամ». Սարոյանի հակասական ու համակրելի հերոսը


Ուիլյամ Սարոյանը
Ուիլյամ Սարոյանը
Զավեն Բոյաջյանը
Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյան/Հետք Մեդիա գործարան

Լուսանկարը` Անտարես


«Անտարես» հրատարակչությունը  Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ լույս է ընծայել Ուիլյամ Սարոյանի «Ռոք Վագրամ» (Rock Wagram) վեպը։ Զավեն Բոյաջյանի բնորոշմամբ՝ «Ռոք Վագրամ» վեպը, որն առաջին անգամ է հրատարակվում արեւելահայերեն թարգմանությամբ, ներկայացնում է մի նոր, ծանոթ ու անծանոթ Սարոյանի։

 

- Ինչո՞ւ անծանոթ։ Վեպի կառուցվածքն ու բովանդակությո՞ւնն է նկատի առնվել, թե՞ այն փաստը, որ չի թարգմանվել արեւելահայերեն եւ նոր է հասնում հայաստանյան ընթերցողին։

 

- Երկու հանգամանքն էլ նկատի է առնվել: 1962-ին «Ռոք Վագրամը»՝ որպես թերթոն, արեւմտահայերեն թարգմանությամբ շարունակաբար տպագրվել է Ստամբուլում հրատարակվող «Մարմարա» օրաթերթում: Ճիշտ է, այդ թարգմանությունն ինձ ծանոթ չէ, եւ ոչինչ չեմ կարող ասել որակի մասին, բայց փաստն այն է, որ վեպը թարգմանվել է արեւմտահայերեն, իսկ արեւելահայերեն թարգմանվեց մեծ ուշացումով եւ ի թիվս սարոյանական շատ այլ գործերի՝ առայսօր անծանոթ է մնացել մեզ:

Լուսանկարը` Անտարես

Բայց այստեղ գործ ունենք անծանոթ Սարոյանի հետ նաեւ այն իմաստով, որ վեպում ներկայացող Սարոյանն այնքան էլ չի համապատասխանում իր մասին ստեղծված ստանդարտ պատկերացումներին, որոնց համաձայն նա մեծ լավատես է ու մեծ սփոփիչ, ավելի շատ անտեսում է կամ չի կարեւորում մարդու կյանքի մռայլ կողմերն ու աշխարհի չարիքները, բարության ու սենտիմենտալիզմի համակ մարմնացում է եւ այլն, եւ այլն: «Ռոք Վագրամ»-ում անսովոր Սարոյան է՝ դրամատիկ, հակասական, էկզիստենցիալ խնդիրներից կեղեքվող, տխրագին կամ թախծալի, հոռետեսության պոռթկումներով, թեեւ մեզ քաջածանոթ լուսավոր Սարոյանն էլ կա իր անզուգական հումորով ու սրտառուչ մարդկայնությամբ, ուղղակի այդ լույսի կողքին նույնքան տեսանելի է եւ ստվերը:

Զավեն Բոյաջյանը Զավեն Բոյաջյանը

Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյան/Հետք Մեդիա գործարան

Այսքանը՝ բովանդակության առումով, բայց կառուցվածքի տեսակետից էլ վեպը յուրօրինակ է, անսովոր. սյուժետային գիծը պարբերաբար ընդմիջվում է գիտակցության հոսքի սկզբունքով գրված խոհափիլիսոփայական մտորումներով ու դատողություններով, որոնք, ըստ էության, միտված են պատումն ավելի ընդհանրական, համապարփակ մակարդակի բարձրացնելու:

 

- Գիրքը կարդալու առաջին պահից տպավորություն ունեի, որ կարդում եմ Սարոյանի մասին։ Նույնիսկ վերջաբանն այնպես էր գրված, որ հասկանում ես՝ հեղինակը չգիտի՝ ինչ է լինելու հետո, հաստատ է այն, որ նա մենակ է, իսկ ձեռքին մետաղադրամն է, որի վրա տառասխալով դրոշմված է՝ «ես սիրում եմ քեզ»։

 

- Սարոյանական գրականության ինքնակենսագրական հենքի մասին շատ է նշվել. այս վեպն էլ բացառություն չէ, քանի որ շատ մոտիվներ հեղինակի անձնական կյանքի կամ փորձառության արտացոլումն են: Ռոք Վագրամին իսկապես դժվար չէ նույնացնել Սարոյանի հետ: Հերոսի հարազատների՝ ծնողների, քրոջ, տատի, ազգականների, ինչպես եւ կնոջ ու զավակների կերպարներում կենսագրական շատ մանրամասներ կան ավել կամ պակաս ճշգրտությամբ պատկերված: Բայց այս ամենով հանդերձ «Ռոք Վագրամն» ինքնակենսագրական գործ չէ, ինչպես սարոյանական մի շարք այլ գրքեր, որովհետեւ գրողը լիարժեք վիպական կառույց է ստեղծել, եւ արդեն էական չէ, թե այդ կառույցի հենքի որ մասն է կենսագրական, իսկ որ մասը՝ մտացածին ու գեղարվեստական:

 

- Գիրքը կազմված է «Հայրը», «Մայրը», «Որդին եւ դուստրը» գլուխներից։ Լույս է տեսել 1951-ին։ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» գիրքը հրատարակվել է 1956-ին, «Հայրիկ, դու խենթ ես»-ը՝ 1957-ին։ Կարծես ինչ-որ ընդհանուր գիծ կա այս գործերում։

 

- Այո, ինչ խոսք: Այս գործերը միավորողն առաջին հերթին ընտանիքի սարոյանական ընկալումն է, որի մասին արդեն առիթներ եղել են հանգամանորեն խոսելու «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» եւ «Հայրիկ, դու խենթ ես» գրքերի առնչությամբ:

 

Պարզապես հիշեցնեմ, որ այդ ընկալմամբ ընտանիքը մեկընդմիշտ տրված, անխաթարելի հոգեւոր միություն է, մարդու հուզաշխարհի գլխավոր խարիսխը եւ արժեքներից ամենաանվիճելին, որքան էլ Սարոյանի պատկերած ընտանիքը տրոհված լինի, ֆիզիկապես մասնատված, եւ որքան էլ վերամիավորումը անհնար համարվի:

 

- Գրքում մի պահ կա, երբ ներկայացվում են Ֆրեզնոյում ծնված երիտասարդները։ Մեկն արմատներով Բիթլիսից է, մյուսը՝ Վանից, մի ուրիշը՝ Մուշից, եւս մեկը՝ Խարբերդից։ Կարծես տարբեր տեղերից հայերի գաղթելու մասին խոսվի մեկ նախադասությամբ։

 

- Ռոք Վագրամը Սարոյանի նման ծննդով Ֆրեզնոյից է, որը հայ գաղթականներով լի յուրատեսակ փոքրիկ Հայաստան էր: Ֆրեզնոն դարձել է վեպի գործողության վայրերից մեկը, որի հետ հերոսը կապված է հուզականորեն, եւ սարոյանական հուշերը Ֆրեզնոյի մասին քաղաքի նկարագրին նրբազգաց կարոտախտի նկատելի երանգ են տվել: Փաստորեն, վեպը ձեւով կարծես success story է՝ հաջողության պատմություն, քանի որ փոքր քաղաքի տարագիր հայերի համեստ միջավայրից հոլիվուդյան բարձունքներում հայտնված տղայի ոդիսականն է, բայց նա հակառակ գլխապտույտ վերելքին ու դերասանի զբաղմունքին՝ ջանում է իր ինքնությանը հավատարիմ մնալ: Ազգակիցների ու համաքաղաքացիների ընկալմամբ Ռոք Վագրամն իսկապես հաջողակ հայի օրինակելի տիպար է, մինչդեռ Ռոքն ինքը բնավ էլ հաջողակի կամ հաղթողի ինքնազգացողություն չունի, մանավանդ որ ընտանեկան կյանքն էլ փլուզվում է:

 

Սարոյանը ստեղծել է հպարտության ու արժանապատվության մասին երբեք չմոռացող, թեեւ ներքին հակասությունների մեջ շարունակ տապակվող արտակարգ համակրելի մի կերպար, որը նրա գրականության ամենահմայիչ հերոսներից մեկն է: Անհնար է Ռոքին չսիրել:

 

- Կա կարծիք, որ Ուիլյամ Սարոյանի «Ռոք Վագրամ» վեպի հերոսի Վագրամյան ազգանունը փոխառված է ամերիկահայ երաժիշտ Արամ Վագրամյանից, որն Ամերիկայում հայտնի էր Ալ Վեգա անունով (ըստ՝ art-collage.com կայքում տեղ գտած «Ալ Վեգա. Բոստոնի ջազի լեգենդը» հոդվածի)։ Սարոյանի՝ բարմենից հոլիվուդյան աստղի մակարդակի հասած ամերիկահայ տղայի պատմությունը կապ ունի՞ Ալ Վեգայի հետ։

 

- Ես նման առնչությունը հաստատող որեւէ վկայության չեմ հանդիպել: Ինչ վերաբերում է «Ռոք Վագրամ» վեպում հերոսի ազգանվանը, Սարոյանը Վահրամյան ազգանունը Vagramian է տառադարձել թերեւս այն պատճառով, որ Vahramian տառադարձելիս ազգանունն ավելի շատ կաղավաղվեր, քանի որ կարտասանվեր Վարամյան, այսինքն՝ h-ն պարզապես կնպաստեր, որ a-ն զուտ «ա» կարդացվի, ոչ թե լիարժեքորեն կհնչեր: Բացի դրանից, գրքում Vagramian տառադարձումը հոլիվուդյան կինոարտադրողին թույլ է տալիս հերոսի համար արտիստական կեղծանուն գտնել. նա Vagramian-ը կրճատելով դարձնում է V-ի փոխարեն W-ով գրվող Wagram, այսինքն՝ մի անվանում, որն ավելի ընկալելի է Արեւմուտքի համար, քանի որ զուգորդվում է Վագրամ տեղանվան եւ Վագրամի նշանավոր ճակատամարտի հետ, որտեղ 1809-ին Նապոլեոն Բոնապարտը մեծ հաղթանակ տարավ ավստրիացիների դեմ (վեպի հայերեն թարգմանության մեջ համապատասխան ծանոթագրություն կա):

 

Ի դեպ, սա միակ նապոլեոնյան զուգահեռը չէ. վեպի երկրորդական հայազգի հերոսներից մեկն էլ Բոնապարտյան արտասովոր ազգանունն ունի, որի մեջ կարելի է, իհարկե, յուրատեսակ սարոյանական հումոր տեսնել:

 

- Հետաքրքիր են Ռոքի հարցադրումները. «Ես սիրում եմ մի աղջկա, որը հայ չի։ Եթե ամուսնանամ հետն ու զավակներ ունենամ, ո՞վ պիտի նրանց հայերեն սովորեցնի»։ Մյուս հարցը. «Աղջիկն ասում է, թե կուզեր հայերեն սովորել ինձ հետ, մորս ու տատիս հետ խոսելու համար։ Եթե սովորի, հա՞յ կդառնա»։ Նրա մտորումները սփյուռքում ինքնությունը, տեսակը պահպանելու, նաեւ դրա անհնարինությա՞ն մասին են։

 

- Այո-այո: Թեեւ «Ռոք Վագրամը» գրվել է յոթանասուն տարի առաջ, բայց այսօր էլ լիովին արդիական է մեզ համար կարեւոր ու կենսական իր հարցադրումներով:

 

- Ռոք Վագրամը չի ատում մարդկանց, բայց նրանք մեծ մասամբ կոտրում են սիրտը, որովհետեւ «միշտ սուտ են խոսում կամ էլ մեռնում են»։ Սարոյանի մարդասիրությանը բնորոշ տողեր։

 

- Այո, ինչի մասին էլ պատմի Սարոյանը, ինչպես էլ որ պատմի, մարդասիրությունը նրա ուղնուծուծն է, Սարոյան գրողի բուն էությունը, նրա գրականության աղը, ավելին՝ Սարոյանի անունը մարդասիրության հոմանիշն է:

 

- Ռոքը հոր մասին ասում է. «Քիթս կոտրեց։ Ես էլ մնացածը կոտրեցի, ինչ որ նա չէր կոտրել։ Երեսուներեք տարի տեւեց»։

 

- Ռոքի ապրած դրամայի ավելի լակոնիկ ու պատկերավոր բնորոշում դժվար է գտնել, եւ դա հուզում է մինչեւ հոգուդ խորքը:

 

-Ի՞նչ արձագանք է գտել այս գործը ժամանակին։

 

- Հակասական: Ոմանք համարել են պարտադիր ընթերցանության գիրք սարոյանական գրականության երկրպագուների համար, մյուսներն էլ՝ ասենք, գրքում տեղ գտած արտասյուժետային շեղագիր խորհրդածությունները հեգնորեն համեմատել Նիցշեի «Զրադաշտի» հետ: Ինչեւէ, իմ համոզմամբ՝«Ռոք Վագրամը» շատ ուշագրավ վեպ է, Սարոյանի կարեւոր գործերից մեկը, որը դեռ վաղուց պիտի թարգմանվեր հայերեն:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին