Մարտի դաշտից դեպի աշխատաշուկա. «Նոր էջ»-ն օգնում է վիրավոր զինվորներին - Mediamax.am

exclusive
1737 դիտում

Մարտի դաշտից դեպի աշխատաշուկա. «Նոր էջ»-ն օգնում է վիրավոր զինվորներին


Լուսանկարը` Նոր էջ

Լուսանկարը` Նոր էջ

Լուսանկարը` Նոր էջ

Լուսանկարը` Նոր էջ

Արփի Կարապետյանը
Արփի Կարապետյանը

Լուսանկարը` Նոր էջ

Արփի Խալաթյանը
Արփի Խալաթյանը

Լուսանկարը` Նոր էջ

Լուսանկարը` Նոր էջ

Լուսանկարը` Նոր էջ

Լուսանկարը` Նոր էջ

Լուսանկարը` Նոր էջ

Լուսանկարը` Նոր էջ

Լուսանկարը` Նոր էջ

Լուսանկարը` Նոր էջ


44-օրյա պատերազմի մասնակից Էդմոնդ Հովակիմյանը 2020 թվականի հոկտեմբերի 11-ին հրետանու հարվածից վիրավորում է ստացել՝ կորցնելով ձեռքը։ Էդմոնդը երաժիշտ էր, կլառնետ, դուդուկ եւ այլ փողային գործիքներ էր նվագում։ Վերադարձի ամբողջ ճանապարհին նրան արդեն չէր հուզում՝ ողջ տեղ կհասնի՞, թե՞ ոչ, միայն մեկ բանի մասին էր մտածում՝ ինչո՞վ է զբաղվելու, եթե այլեւս նվագել չի կարող։  

 

Երկար բուժումներից ու պրոթեզավորումից հետո Էդմոնդի ընկերները նրան ուղարկեցին Հայաստանի Մարդկային ռեսուրսների (ՄՌ) ասոցիացիայի «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագծի մասին տեղեկատվությունը։

«Նոր էջ» նախագծի նպատակն է պատերազմի մասնակիցներին, դրա հետևանքով վիրավորում ստացածներին սեփական կարողությունները զարգացնելու, գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ընձեռել` այդպիսով նպաստելով լիարժեք աշխատանքային կյանք վերադառնալուն:

 

Սկզբում Էդմոնդը լուրջ չէր վերաբերվում ծրագրին, սակայն որոշ ժամանակ անց որոշեց դիմել։

 

«Գրանցվելուց հետո ինձ հետ կապի դուրս եկան։ Շուտով հանդիպեցի ծրագրի թիմին, ասացի, որ ուզում հաղորդավարության կամ դերասանության դասեր անցնել, եւ իրենք ինձ օգնեցին այդ հարցում: Մեկ տարի սովորել եմ Աբել Աբելյանի արվեստի դպրոցում, ինչը իրականում հեղափոխություն արեց իմ կյանքում: Որպես հաղորդավար առաջին քայլերս անելիս ՄՌ ասոցիացիան կրկին օգնեց՝ հնարավորություն տալով վարելու իրենց միջոցառումները»,- պատմում է Էդմոնդը։

Լուսանկարը` Նոր էջ

Հիմա Էդմոնդ Հովակիմյանը աշխատում է որպես հանդիսավար, հաղորդավար, ինչպես նաեւ Youtube-ում մեկնարկել է իր «Երկրորդ կյանք» հաղորդաշարը, որի շրջանակում զրույցներ է վարում պատերազմի մասնակից տղաների հետ։

 

Իրական արդյունքներ

 

ՄՌ Ասոցիացիայի «Նոր էջ» նախագիծը մեկնարկել է 2021 թվականի հունվարից։ Երկու տարի անց այն ամփոփում է իր գրանցած հաջողությունները, եւ միեւնույն ժամանակ նշում ծրագրի զարգացման ուղիները։

 

Հունվարի 18-ին «Հոլիդեյ ինն» հյուրանոցում տեղի է ունեցել «Նոր Էջ»-ի կատարած աշխատանքի ներկայացումը։ Ներկա պահին նախագծին շարունակաբար գրանցվող մասնակիցների թիվը ձգտում է 2000-ի, որից 1450-ի համար արդեն իսկ իրականացվել է կարիքների գնահատում: Շահառուների մեծ մասը 2020թ. պատերազմի մասնակիցներն են, սակայն փոքր խմբերով կան 2016թ. ապրիլյան պատերազմի եւ տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր մարտերի մասնակցած, վիրավորում ստացած եւ/կամ հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներ։ Նրանք հիմնականում 20-22 տարեկան են։ Նախագծի գործունեությունը ծավալվում է Հայաստանի ողջ տարածքում ու Արցախում։

Լուսանկարը` Նոր էջ

Ծրագրի շրջանակում իրականացվել են դասընթացներ եւ կրթական ծրագրեր հետեւյալ ոլորտներում. տեղեկատվական տեխնոլոգիաներ, օտար լեզուներ, մեդիա, արհեստ եւ արվեստ, «փափուկ հմտություններ» (soft skills), դիզայն եւ ճարտարապետություն, կոշտ հմտություններ, մարքեթինգ, տուրիզմ, գյուղատնտեսություն, ձեռներեցություն, ՄՌ եւ կառավարում, ֆինանսներ, լոգիստիկա եւ այլն։

Լուսանկարը` Նոր էջ

800-ից ավելի երիտասարդ արդեն ավարտել է այս կամ այն դասընթացը, 73-ը ներկայում մասնակցում են տարատեսակ դասընթացների, իսկ 122 շահառու սպասում է իր հերթին։

 

«Ամենապահանջված դասընթացներից մեկը ծրագրավորումն էր, որի մասնագետների պակասն այսօր ամենաշատն է շուկայում։ Կան նաեւ հմտություններ, որոնք կարող են մեր շահառուներին ավելի մրցունակ դարձնել աշխատաշուկայում։

Արփի Կարապետյանը Արփի Կարապետյանը

Լուսանկարը` Նոր էջ

Դրանցից են, օրինակ, անգլերենի իմացությունը, մեքենա վարելու հմտությունն ու վկայականի առկայությունը։ Այդ պատճառով նման դասեր եւս ունեցանք, եւ պետք է փաստել, որ անգլերենի ու վարորդական իրավունքի տեսական ու գործնական դասընթացները եւս ամենապահանջվածներից էին»,- նշում է ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը։

 

Շահառուների խնդիրների վերհանում

 

2022 թվականի ընթացքում ՄՌ ասոցիացիան իրականացրել է նաեւ 2 արտածրագրային հետազոտություն, որոնց անհրաժեշտությունը ծագել է շահառուների հետ աշխատանքի ընթացքում։

 

«Շահառուների հետ աշխատելիս առաջ եկած ամենալուրջը խնդիրներից մեկը  պատերազմին մասնակցությունը հավաստող փաստաթղթերի հարցն է: Հիմնականում պատերազմին մասնակցությունը գրված է լինում զինգրքույկում, կամ առկա է լինում տեղամասային զինկոմիսարիատից տեղեկանք, սակայն պարզվեց, որ առ այսօր կան երիտասարդներ, որոնք մասնակցել են պատերազմին, սակայն չունեն դա հավաստող փաստաթուղթ։ Մեզ հանդիպած խնդիրներն ուսումնասիրել ենք, կազմել ենք զեկույց, որն ուղարկել ենք եւ՛ Պաշտպանության նախարարություն, եւ՛ ՄԻՊ-ի գրասենյակ, եւ՛ Զորակոչային եւ զորահավաքային ծառայություն»,- ասում է ՄՌ Ասոցիացիայի գործառնական կառավարիչ Արփի Խալաթյանը։ Հարկ է նշել, որ ծրագրի շահառու դառնալու համար ՄՌ ասոցիացիան չի հիմնվել միայն պատերազմի մասնակցությունը հավաստող փաստաթղթի առկայության վրա եւ դրանով շատ երիտասարդների շահառու դառնալու հնարավորություն է ընձեռել։

Արփի Խալաթյանը Արփի Խալաթյանը

Լուսանկարը` Նոր էջ

Արփի Խալաթյանի խոսքով՝ կատարել են նաեւ հետազոտություն հաշմանդամություն ունեցող իրենց շահառուների շրջանում, որով դուրս են բերել մի շարք խնդիրներ Երեւանում եւ հատկապես մարզերում տեղաշարժի դժվարությունների, ինչպես նաեւ վարչարարական քաշքշուքների առնչությամբ։

Լուսանկարը` Նոր էջ

«Կան խնդիրներ նաեւ հասարակության մեջ ինտեգրվելու հետ կապված։ Շատ մարդկանց մոտ կամ ծայրահեղ գերխնամք կամ ծայրահեղ անտարբեր վերաբերմունք է պատերազմի մասնակից, վիրավորում ստացած տղաների հանդեպ: Այս խնդրի լուծման նպատակով նախաձեռնել ենք հոլովակների շարք, որոնք կունենան իրազեկող, սոցիալ-կրթական բնույթ»,- մանրամասնում է նա։

 

Ծրագրի մարտահրավերները

 

Արփի Կարապետյանի խոսքով՝ ծրագրի հիմնական մարտահրավերներից մեկը շահառուների շրջանում առկա ցածր մոտիվացիայի խնդիրն է, որը պայմանավորված է տարատեսակ գործոններով։

 

«Կան նաեւ շահառուներ, որոնք ունեն բարձր մոտիվացիա եւ պատրաստ են անվերջ մասնակցել տարբեր դասընթացների: Մեր աշխատաշուկայում եւս առկա են բազում խնդիրներ, որոնք չեն կարող չանդրադառնալ մեր շահառուների վրա»,- ասում է նա։

Լուսանկարը` Նոր էջ

Գործատուների հետ աշխատանքի շրջանակում փորձել են ներդնել պատերազմից վերադարձած վետերանների հետ աշխատանքի ամերիկյան փորձը՝ համագործակցելով ԱՄՆ-ի Վետերանների ինստիտուտի հետ։

 

Արփի Խալաթյանն էլ հորդորում է գործատուներին հաշվի առնել, որ մարտական գործողություններին մասնակցած մարդկանցից շատերը ստացել են կոնտուզիա, եւ դրա հետեւանքներին պետք է հնարավորինս ըմբռնումով վերաբերվել։

Լուսանկարը` Նոր էջ

«Կոնտուզիա ստացած անձինք ունենում են ուշադրության, կենտրոնացման, հիշողության հետ կապված թեթեւ խնդիրներ, գլխացավեր, անքնություն եւ դրանից առաջացող տարբեր առողջական հարցեր։ Մենք հաճախ ենք գործատուներին խնդրում, որ մարտական գործողություններին մասնակցած երիտասարդների հանդեպ փոքր-ինչ ավելի մեղմ վերաբերմունք ունենան։ Մեր շահառուներն իրենք էլ կփաստեն, որ ոչ ոքի խղճալ պետք չէ, պարզապես պետք է մարդկանց իրենց ներուժը իրացնելու հնարավորություն տալ»,- հավելում է նա։

Լուսանկարը` Նոր էջ

 «Նոր» էջն ի սկզբանե գործընկերային կապեր է հաստատել մի շարք կազմակերպությունների եւ գործատուների հետ՝ ձգտելով կապող օղակ դառնալ պատերազմի մասնակիցների եւ աշխատաշուկայի միջեւ։ Ծրագրի շահառուները մասնակցել են նաեւ այնպիսի դասընթացների, որոնք տվել են նրանց աշխատանք գտնելու, դիմելու եւ աշխատանքային հարցազրույցին մասնակցելու հմտություններ։ Արդյունքում 50-ից ավելի շահառուներ այսօր արդեն աշխատանք ունեն։

 

Ֆինանսական աջակցություն

 

2021թ․-ին «Նոր էջ» նախագծի հիմնական նվիրատուն դարձել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն, իսկ 2022թ․-ին՝ «Երեւան իմ սեր» հիմնադրամը: Զուգահեռաբար իրականացվել է դրամահավաք «ՌեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի հարթակում: 2022թ.-ին նաեւ «Դիակոնիա» հիմնադրամը ֆինանսավորել է ուսումը «Պանարմենիան» մեդիա դպրոցում։

 

Ծրագիրը գործընկերային կապեր է հաստատել նաեւ նույն խմբի շահառուներին ուղղված ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ, որոնցից են «Պոնտեմ Լաբ»-ը, «Բարձունք» ՀԿ-ն, «ԽԵԼՔ» կրթական հիմնադրամը, «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը, «Ապագա» հիմնադրամը, «4090 Բարեգործական հիմնադրամը, Հայ կրթական հիմնարկությունը, «Զինվորի տուն» ԲՀԿ-ն, «Նոր Հայք» ՀԿ-ն, «Հայկական Կարիտաս» ՀԿ-ն, ՏՀՏ գործատուների միությունը, Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամը, FAST հիմնադրամը:

 

«Նոր էջ»-ի թիմը վստահեցնում է, որ ծրագիրը կգործի այնքան ժամանակ, որքան լինի դրա կարիքը։

 

Ծրագրին նվիրատվություն կատարելու համար՝

Հաշվեհամար (ՀՀ դրամ)՝ 1570058290960400, Ամերիաբանկում

«ՄՌ Ասոցիացիա» մարդկային ռեսուրսների կառավարման ՀԿ

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին