Կյանքի «Նոր էջ» պատերազմին մասնակցած երիտասարդների համար - Mediamax.am

1617 դիտում

Կյանքի «Նոր էջ» պատերազմին մասնակցած երիտասարդների համար


Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան

Արփի Կարապետյանը
Արփի Կարապետյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Aris Messinis

Լուսանկարը` REUTERS


2021 թվականի հունվարից մեկնարկել է «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը, որի նպատակն է պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների սոցիալական ինտեգրացիան։

 

Նախագիծը նախաձեռնել եւ մշակել է «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ն՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ։

Մեդիամաքսը զրուցել է ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանի հետ՝ պարզելու ծրագրի մանրամասները:

 

Պատերազմի վերքերն ու աշխատաշուկան

 

«Նոր էջ» նախագծի գաղափարը ծնվել է պատերազմից անմիջապես հետո: Ծրագրի մշակման աշխատանքները կատարել ենք 2020թ. դեկտեմբերին: Մեր թիրախը մարտական գործողություններին մասնակցած մեր այն հայրենակիցներն են, ովքեր արդեն զորացրվել են ու այս պահին ունեն աշխատաշուկայում իրենց վերագտնելու խնդիր:

 

Ծրագրի համար որպես թիրախ ընտրել ենք 18-30 տարեկաններին: Մեզ համար նշաձող էինք սահմանել՝ ծրագրում ներառել 1000 երիտասարդի, սակայն ունենք «գերակատարում»: Նախագծին դիմած երիտասարդների թիվն արդեն իսկ գերազանցել է 1000-ն այն պարագայում, երբ հայտերի ընդունումը շարունակվելու է մինչեւ մարտի 15-ը:

Արփի Կարապետյանը Արփի Կարապետյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Մենք շատ լավ հասկանում ենք, որ տղաները անցել են սթրեսի միջով, իսկ ցանկացած սթրես արժեհամակարգ է փոխում: Պատերազմից հետո կարող են շեշտադրումներ փոխվել այն ամենում, ինչ նրանք կարեւորում էին նախապատերազմական կյանքում եւ աշխատանքում:

 

18-20 տարեկան տղաների մասին խոսելիս էլ հասկանում ենք, որ իրենց մասնագիտական կողմնորոշման մեջ դեռեւս չեն հասել որոշակի կետի, հաճախ չգիտեն՝ ինչ են ուզում կամ ինչ կարող են դառնալ:

 

Մյուս  կողմից էլ գիտենք, որ շուկան էլ ունի իր առաջարկը: Կան գործատուներ, որ տարբեր մասնագիտությունների շրջանակներում փնտրում են լավ կադրեր: Հետազոտություն ենք իրականացնում նաեւ գործատուների շրջանում, հարցնում ենք՝ ինչ հաստիքներ ունեն, ինչ հմտությունների եւ գիտելիքների կարիք ունեն եւ դա եւս քարտեզագրում ենք: Այդ երկու տվյալների շտեմարանների համադրությամբ էլ դուրս ենք բերելու այն հիմնական կոմպետենցիաները, որոնք պետք է զարգացնել: Ըստ տղաների նախասիրությունների՝ իրենց առաջարկելու ենք այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք շուկայում պահանջարկ ունեն:

 

Երրորդ ուղղությունը թրեյներների, վարպետների, զարգացման մասնագետների տվյալների շտեմարանի կազմումն է: Հավաքագրում ենք այն մարդկանց, ովքեր պատրաստ են իրենց ժամանակը, էներգիան եւ գիտելիքները կիսել մեր երիտասարդների հետ: Ապրիլից  արդեն սկսելու ենք ինտենսիվ դասընթացները:

 

Ինչպես դիմել

 

Ծրագրի փուլերը հնարավորինս պարզեցրել ենք: Նախագծի ֆեյսբուքյան էջին գրելով՝ կարելի է ստանալ ծրագրի մասին ավտոմատ պատասխաններ:

 

Համապատասխան հղումով անցնելուց դիմողը նշում է, թե որ ուղղությամբ է ցանկանում ներգրավվել ծրագրում՝ որպես մասնակից, գործատու, թե թրեյներ, հետո նշում է իր անձնական տվյալները: Այնուհետեւ մեր մասնագետները կապվում են իր հետ ու հարցազրույց վարում:

 

Zinvor for media

 

Հարցաթերթիկը բավականին պարզ է: Հարցազրուցավարը դիմող երիտասարդից պարզում է, թե ինչ հմտություններ ունի, ինչ կարող է սովորել եւ որ ամենակարեւորն է՝ ինչ է նա ուզում, որտեղ է իրեն տեսնում ապագայում:

 

Գործատուների ներգրավում

 

Զինվորների պարագայում հիմնականում մենք առանձնապես չենք փնտրում՝ իրենք են մեզ դիմում: Գործատուների պարագան փոքր-ինչ այլ է: Մենք նպատակաուղղված նամակներ ենք ուղարկում, հանդիպումներ նշանակում, ներկայացնում ծրագիրը: Գործատուից անհրաժեշտ է միայն այն ինֆորմացիան, թե ինչ հմտություններով մասնագետ է իրեն անհրաժեշտ: Ծրագիրը ծառայում է նաեւ գործատուին, որովհետեւ մենք տալիս եք իրենց ուզած հմտություններով եւ գիտելիքներով կադր:

 

Գրանցված գործատուների թվում կան ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ձեռնարկություններ: Ոլորտները բազմազան են՝ բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, արտադրության, ինչպես նաեւ շատ հիմնարկներ, որտեղ տարբեր վարպետներ են աշխատում՝ ոսկերիչներ, դերձակներ: Նախանշել էինք հավաքագրել 500 գործատուի տվյալներ, սակայն վերջին տվյալներով նրանց թիվը մոտ 90 է:

 

Իհարկե, գործատուների ներգրավումը ծրագրում շարունակական գործընթաց է, սակայն տվյալների հավաքագրման տեսանկյունից լավ կլիներ մինչեւ մարտ ամսվա ավարտն ամփոփել եւ աշխարհագրորեն հասկանալ՝ որտեղ ինչի կարիք կա եւ որտեղ ինչ հմտություններ ունեցող զորացրված զինվոր ունենք:

 

Թրեյներների հավաքագրում

 

Լինելով մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում՝ կարողանում ենք գնահատել թրեյներների որակը, կարողություններն ու այն արդյունքները, որ տվյալ մասնագետը կարող է տալ: Ծրագիրը չի նախատեսում, որ նրանք պետք է անվճար դասավանդեն: Մենք հասկանում ենք, որ եթե վարպետն իր գիտելիքները փոխանցում է աշակերտին, դրա դիմաց պետք է վարձատրություն ստանա: Եթե նա ցանկանում է դա անել անվճար, ապա մենք պետք է հստակ պայմանավորվենք՝ ինչ արդյունք ենք վերջում ստանալու: Սովորաբար, երբ անվճար ինչ-որ բան ես անում, արդյունքները չես կարողանում կառավարել: Անկախ նրանից, թե թրեյներներն ինչ բանաձեւով են մեզ միանում՝ ստուգվում է նրանց որակավորումը, համապատասխան երաշխավորագրեր են վերցվում:

 

Կան գործատուներ, որ ծրագրի մասնակցին սովորեցնելու եւ այնուհետեւ աշխատանքի վերցնելու պատրաստակամություն են հայտնել: Վերջին տվյալներով, ծրագրին միացել են 89 թրեյներներ: Հաջողել ենք հետաքրքրիր համագործակցության եզրեր ենք գտել այն ընկերությունների հետ, որոնք անվճար դասընթացներ են կազմակերպում: Մյուս կողմից էլ շատ են նաեւ այն մարդիկ, որ տիրապետում են տարբեր արհեստների ու պատրաստ են սովորեցնել:

 

Անաշխատունակության խնդիրը

 

Ի սկզբանե, ծրագրի հիմնական շեշտադրումը անաշխատունակության խնդիր առջեւ կանգնած եւ ետտրավմատիկ սինդրոմ ունեցող նախկին զինվորներն են եւ, բնականաբար, մեր հարցաթերթիկներում այդ հարցերը եւս շոշափվում են: Այս առումով գործատուների հետ տարվում է բացատրական աշխատանք, ներկայացվում են պետության կողմից տրվող համապատասխան արտոնությունները:

 

Հիմնականում մեզ դիմում են այն երիտասարդները, ովքեր հոգեբանորեն արդեն իսկ պատրաստ են աշխատաշուկա մտնելուն: Ունենք նաեւ ցուցակներ, որոնցով ուղիղ կապ ենք հաստատում զինվորների հետ: Այս պարագայում մեր հարցազրուցավարները փորձում են հասկանալ՝ արդյո՞ք տվյալ մարդը պատրաստ է նոր բան սովորել եւ աշխատանքի անցնել: Հավանական է, որ տվյալների վերլուծությունից հետո տեսնենք նաեւ հոգեթերապեւտիկ հանդիպումների անհրաժեշտություն:

 

Դեպքերը տարբեր են: Շատ են դեպքերը, երբ մարդը չի կոտրվում եւ պատրաստ է ուրախանալ ամեն փոքր հաջողությունից, որին հասնում է: Սակայն երբեմն տեսնում ես եռանդուն, կյանքով լի մարդկանց, որոնք կարող են դժգոհել մանրուքներից: Ուստի մենք կարեւոր սկզբունք ենք որդեգրել՝ մինչեւ չվերլուծենք, առաջ չենք շարժվելու: Չես կարող երիտասարդին ուղղորդել վերապատրաստման, որի վերջում նա կասի, որ այդ մասնագիտությունն իր համար չէր: Այդպես իրեն ավելի մեծ վնաս կհասցնենք: Շատ կարեւոր է ի սկզբանե ճիշտ ուղղորդել:  

 

Տղաներն անհամբեր են

 

Տղաները մեզ հաճախ են գրում, շնորհակալություն են հայտնում նախաձեռնության համար: Շատերն ասում են, որ հարցաշարը հետաքրքիր էր, երկար են մտածել հարցերի շուրջ: Մի մասն էլ շատ անհամբեր է, գրում են՝ «գրանցվել եմ, վա՞ղն է դասընթացը սկսվում»:

Լուսանկարը` Aris Messinis

Կան նաեւ ցավալի դրվագներ: Պատահել է, որ հայտը լրացնելուց որոշ ժամանակ անց երիտասարդը գրում է, որ հեռանում է երկրից: Ամեն հարցաթերթիկի հետեւում մի մարդու ճակատագիր է, որը վերապրում ենք իր հետ միասին:

 

Անընդհատ պետք է շարունակվի

 

Կարծում եմ՝ սա այն ծրագիրն է, որն անընդհատ պետք է շարունակվի: Համենայնդեպս, այս ծանր իրավիճակը թեթեւացնելու համար մեզ առնվազն 5 տարի անհրաժեշտ է: «Նոր էջ»-ը պետք է ունենա նաեւ երկրորդ, երրորդ փուլեր, ադապտացման փուլ, սակայն այս պահին սահմանափակվել ենք կարճաժամկետ նպատակով, որպեսզի հստակ շոշափելի արդյունք ունենանք: Հետագայում, գուցե, ինչ-որ բան փոխելու կարիք լինի: Անգամ շատ լավ մտածված ծրագրերն իրականացումից հետո ունենում են որոշակի սխալներ: Անհրաժեշտ է նվազեցնել այդ սխալների տոկոսն ու շարժվել առաջ:

 

Բոլորս պետք է հասկանանք, որ մեզ առաջ կարող են տանել ընդհանուր արժեքները: Դրանք մեր երեխաներն են, ազգային ինքնագիտակցությունը, առանձնապես տուժած մարդկանց օգնելը: Մեր ապագան այսօրվա անչափահասներն ու երիտասարդներն են, որ պետք է հասարակության համար կարեւոր հիմք կերտեն: Եթե հիմա իրենց չօգնենք, ոտքի չեն կանգնի:

 

Արփի Կարապետյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին