Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը - Mediamax.am

1371 դիտում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մայիսի 16-ից մինչեւ հունիսի 7-ը անցկացնում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն:

2022 թվականին ատեստավորումը կիրականացվի 5-12-րդ դասարաններում՝ բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար:

 

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

 

Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչեւ  հունիսի 7-ը՝ ժամը 18։00-ը, հայտերը պետք է ներկայացնեն «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում:

 

«Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» եւ «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները կատեստավորվեն միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» եւ «Մայրենի լեզու եւ գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչները՝ միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, իսկ «Հայոց պատմություն» եւ «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչների համար կկազմվի մեկ թեստ՝ ներառելով երկու առարկաները:

 

«Հանրահաշիվ» եւ «Երկրաչափություն» առարկաները կներառվեն մեկ թեստում։

 

5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» եւ «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի թեստավորման եղանակով՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից:

 

«Բնագիտություն» եւ «Հայրենագիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար պետք է ընտրեն բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:

 

«Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդող ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց եւ փակ հարցեր:

 

«Ֆիզկուլտուրա» առարկայից ատեստավորումը կկազմակերպվի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը,  «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաներից՝ «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից՝  «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը:

 

«Հայոց  պատմություն» եւ «Համաշխարհային պատմություն» առարկաները դասավանդող  ուսուցիչների ատեստավորումն իրենց ընտրությամբ կարող է իրականացվել նաեւ ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց եւ փակ հարցեր։ Ատեստավորումն այս դեպքում կիրականացնի ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։

 

Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որեւէ մեկով՝ իր ընտրությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին