5 տարի առաջ Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի նախաձեռնությամբ եւ «Պետրոս Ալոյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ սահմանվեց լիտվացի պատմաբան, արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անվան կրթաթոշակ։ Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողներին հնարավորություն ստացան մասնակցելու մրցույթի՝ «Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում եւ վերականգնում» անվանակարգում ներկայացնելով իրենց նախագծերը։
Այս տարի հաղթողն Արգամ Շահբազյանն է՝ Երեւանի կայարանամերձ հրապարակի կազմակերպված միջավայրի ռեգեներացիայի նախագծով։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կայարանները քաղաքների համար շատ կարեւոր հանգույցներ են, կայարանն է դիմավորում ու հրաժեշտ տալիս զբոսաշրջիկին։ Խնդիրը շատ լուրջ էր, որովհետեւ գործ ունեինք պատմական հուշարձանի հետ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Սկզբում անհրաժեշտ էր բացահայտել խնդիրները. հրապարակը աջ եւ ձախ կողմերից շատ բաց էր, կային դեռ խորհրդային շրջանից մնացած կիսակառույց շենքեր, լուծված չէր լուսավորության, տրանսպորտային հանգույցի կազմակերպման խնդիրները։ Ու ամենակարեւորը, անհրաժեշտ էր շեշտել հրապարակը շրջապատող պատմական շենքերի կարեւորությունը, որպեսզի նորակառույցների կողքին դրանք «չխեղճանան», չկորցնեն իրենց արժեքը»,- իր նախագիծն է ներկայացնում Արգամը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ասում է՝ մրցույթին մասնակցելն իր համար շատ կարեւոր էր՝ հնարավորություն ունեցավ ուժերը փորձել, ներկայացրած աշխատանքի առավելություններն ու թերությունները հասկանալ։
Ի սկզբանե «Պետրոս Ալոյան» հիմնադրամը կրթաթոշակը սահմանել էր 5 տարով։ Բայց արդյունքներից ոգեւորված՝ նախաձեռնող խումբը որոշել է եւս 3 տարով երկարացնել կրթաթոշակի տրամադրումը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սա շատ կարեւոր ծրագիր է, որը թույլ է տալիս արժեւորել Յուրգիս Բալտրուշայտիս-կրտսերի կատարած աշխատանքը։ Լինելով լիտվացի՝ նա իր մասնագիտական կյանքի, եռանդի եւ ժամանակի զգալի մասը նվիրել է Հայաստանի եւ Վրաստանի հնագույն ճարտարապետության ուսումնասիրությանը։
Ճարտարապետությունն ապագա կերտելու, ներկան եւ անցյալը պահպանելու արվեստ է։ Հուսով եմ, որ այս մրցանակն ազդակ կլինի ուսանողների համար՝ կատարելագործելու իրենց մասնագիտական կարողությունները, ստեղծելու հայկական եւ եվրոպական ճարտարապետության նոր գլուխգործոցներ»,-ասում է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։
Լուսանկարը` Մեդիամաքս
Եթե մինչ այս ամեն տարի կրթաթոշակ էր տրվում մեկ ուսանողի, ապա այսուհետ Յուրգիս Բալտրուշայտիսի անվան կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենան համալսարանի 3 ուսանողներ։
«Մասնակցել ցանկացողներն այնքան շատ էին, որ որոշեցինք հաջորդ տարի մրցույթին մասնակցելու հնարավորություն տալ ճարտարապետության ֆակուլտետի 3 ամբիոնների ուսանողներին։ Նախկինում մասնակցել կարող էին միայն մշակութային ժառանգությամբ զբաղվող ուսանողները։ Հիմա մրցույթն ավելի ընդգրկուն է. ներգրավվել ենք նաեւ պատմական միջավայրի ձեւավորող, նախագծող ուսանողներին»,- ասում է Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։
Յուրգիս Բալտրուշայտիսի անվան առաջին մրցանակը 2017-ին Շողեր Խաչատրյանն էր ստացել՝ Կոնդ թաղամասի վերականգնման նախագծի համար։ Ասում է՝ թեեւ 5 տարի է անցել, բայց ոգեւորությամբ հետեւում է մրցույթի ընթացքին, հաղթող նախագծերին։
«Մասնագիտական կայացման առումով այս մրցանակը շատ կարեւոր դեր է ունեցել իմ կյանքում, հաճելիորեն իմաստավորել է իմ մագիստրոսական տարիները։ Ես առանձնահատուկ սրտացավությամբ ու եռանդով նվիրվել էի այդ գործին։
Բավականին ծավալուն աշխատանք ստացվեց։ Ափսոսում եմ, որ Կոնդը դեռեւս մնում է Երեւանի ամենացավոտ թեմաներից մեկը, եւ ոչ մի հստակ լուծում չի տրվում։ Հույս ունեմ, որ մի օր իմ այդ փոքրիկ աշխատանքը հիմք կդառնա մի ուրիշ նախագծի համար»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Յուրգիս Բալտրուշայտիսի անվան կրթաթոշակի հաղթողներին որոշում է ժյուրին՝ Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի տնօրեն Հայկ Ալոյանը, Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: