Ուսման վարձը՝ ամսեամիս. բուհերի արձագանքը - Mediamax.am

exclusive
3167 դիտում

Ուսման վարձը՝ ամսեամիս. բուհերի արձագանքը


Լուսանկարը` EU Neighbours East in photos

ԵՊՀ-ն
ԵՊՀ-ն

Լուսանկարը` Tigran Ghardashyan

Արամ Սիմոնյանը
Արամ Սիմոնյանը

Լուսանկարը` Pan Photo


Ազգային ժողովը մարտի 6-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին հնարավորություն կտա ուսման վարձը վճարել ոչ թե յուրաքանչյուր կիսամյակ, այլ ամեն ամիս: 

 

Մեդիամաքսը փորձել է պարզել, թե ինչպես են այս փոփոխությանը վերաբերվում բուհերը, եւ, արդյոք, այն ֆինանսական խնդիրներ չի՞ առաջացնի ուսումնական հաստատությունների համար։

 

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) համար օրենքում առաջարկվող փոփոխությունը «խնդիրներ չի առաջացնի, եթե ուսանողները պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները եւ ժամանակին վճարեն  ուսման վարձը՝ թեկուզ ամիսը մեկ»: 

 

«Եթե մի ամիս բարեխիղճ վճարեն, իսկ հետո մի քանի ամիս չվճարեն՝ իհարկե խնդիրներ կառաջանան: Ֆինանսական հաշվարկներ կատարելուց հետո ավելի հստակ հնարավոր կլինի պատասխանել հարցին, սակայն, իհարկե, զուտ ֆինանսական տեսակետից ավելի կանխատեսելի է, երբ վճարվում է կիսամյակի ամբողջ գումարը: Ծախսերի պլանավորման տեսանկյունից այդպես ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում»,- Մեդիամաքսին ասել են ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից:

 

Հայ-Ռուսական համալսարանից Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ մշտապես ընդառաջել են ուսանողներին՝ ուսման վարձը նրանց հարմար ժամկետով վճարելու հարցում, չպատասխանելով մեր այն հարցերին, թե ինչպես են վերաբերվում օրենքում կատարվող փոփոխություններին եւ, արդյոք, դրանք ֆինանսական խնդիրներ կառաջացնե՞ն իրենց համար, թե՞ ոչ։ 

 

Բուհից հայտնել են, որ այս տարվա հունվար ամսին ուսման վարձն ամեն ամիս վճարելու հնարավորությունից օգտվել է 194 ուսանող, իսկ փետրվարին՝ 230, որոնց թվում են մագիստրոսներ, ասպիրանտներ եւ հայցորդներ:

 

Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ) բացասաբար է վերաբերվում նախագծի այս դրույթին, բայց, ինչպես Մեդիամաքսին հայտնել է ռեկտոր Արամ Սիմոնյանը, ընդունումից հետո պարտավոր են ենթարկվել։ 

 

Արամ Սիմոնյանը Արամ Սիմոնյանը

Լուսանկարը` Pan Photo

 

«Նախ՝ պետք է հստակեցնել, թե ինչ է նշանակում ամսեամիս վճարում։ Խնդիրն այն է, որ ֆինանսական տարին եւ ուսումնական տարին տարբեր հասկացություններ են։ Օրինակ՝ երկրորդ կիսամյակը սկսվում է փետրվարից եւ ավարտվում հունիսին։ Եթե «ամսեամիս»-ը վերաբերում է ամբողջ տարվան, ապա ստացվելու է, որ ուսանողը երկրորդ կիսամյակի կրթական ծառայությունները ստանալուց հետո՝ նաեւ հուլիս եւ օգոստոս ամիսներին է վճարում կատարելու։ Իսկ եթե ուսանողը քննություններին անբավարար գնահատական է ստանում եւ հեռացվում, ի՞նչ եք կարծում՝ դրանից հետո նա վճարում կանի։ Ըստ ԵՊՀ-ի եւ ուսանողների միջեւ կնքվող ներկայիս պայմանագրի՝ ուսանողը պարտավոր է ուսման կիսամյակային վարձը վճարել դասերի սկսվելուց մեկ ամիս անց, սակայն իրականում ոչ մի ուսանող վարձը չվճարելու համար չի հեռացվում, մինչեւ քննաշրջանի սկսվելը»,- ասել է Արամ Սիմոնյանը։ 

 

Ըստ ԵՊՀ ռեկտորի՝ նախագծի ընդունման դեպքում ֆինանսական խնդիրներ առաջանալու են։ 

 

ԵՊՀ-ն ԵՊՀ-ն

Լուսանկարը` Tigran Ghardashyan

 

«Առաջինը՝ ԵՊՀ-ի վարձավճարները կուտակվում են բանկային հաշիվներում, եւ մինչ դրանց օգտագործումը՝ բանկից ստացվում են տոկոսային եկամուտներ։ Անցած տարի այդ եղանակով ԵՊՀ-ն մոտ 300 միլիոն դրամ է ստացել։ Առանց դրա էլ՝ ԵՊՀ-ի նվազ բյուջեն կորցնում է այլ գումարներ եւս, սա էլ մի լրացուցիչ հարված կլինի բյուջեին, քանի որ ըստ ամիսների տրոհվելու դեպքում՝ համապատասխանաբար, կնվազեն նաեւ տոկոսային եկամուտները։ Երկրորդ՝ սպառնալիք է ստեղծվում, որ ԵՊՀ-ն չի կարողանա ամբողջապես հավաքել վարձավճարները՝ հաշվի առնելով ցածր առաջադիմության պատճառով հեռացման հանգամանքը եւ դրա արդյունքում ժամանակին չի կարողանա վճարել բուհի նախահաշվով նախատեսված ծախսերը։ Երրորդ՝ իհարկե, սա խոչընդոտ է բուհի ինքնավարությանը, քանի որ արտաբյուջեի նման սահմանափակումը սահմանափակում է նաեւ բուհի իրավունքները»,- պարզաբանել է Արամ Սիմոնյանը։

 

Նա ասել է, որ մինչ այս փոփոխությունը ուսանողները հնարավորություն ունեին ամեն ամիս վճարել ուսման վարձը՝ ներկայացնելով համապատասխան դիմում․ «Նման հնարավորությունից ամեն տարի օգտվում է մեր ուսանողների մոտ 7-10%-ը։ Ի դեպ, անցած տարի ԵՊՀ-ին քննադատում էին, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տարեկան գումար է փոխանցում. այս նախագծի ընդունման դեպքում մենք ավելի շատ գումար ենք կորցնելու»։

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին