Հայաստանի հեռավոր համայնքներում խորացված անգլերեն կդասավանդեն - Mediamax.am

4974 դիտում

Հայաստանի հեռավոր համայնքներում խորացված անգլերեն կդասավանդեն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որով շարունակվելու է հեռավոր համայնքներում երիտասարդների անգլերեն լեզվի ուսուցման եւ հմտությունների զարգացման ծրագիրը։

«Բարելավելով հմտությունները՝ հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագիրը 2018-ից իրականացվում է Հայաստանի 6 համայնքների 6 ավագ դպրոցներում։ Այս տարի եւս  3 համայնքում՝ Ջերմուկում, Վայքում եւ Բերդում բացվելու են անգլերենի ակումբներ։

 

Անգլերենի դասերից բացի, արտադասարանային պարապմունքներ են անցկացվում՝ զարգացնելու աշակերտների բանակցելու, երկխոսելու հմտությունները։

 

Ծրագիրը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության կառավարությունը, իրականացնում՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը։

 

«Այս ակումբերը կարեւոր են ոչ միայն անգլերենի, այլեւ, այսպես կոչված, հատուկ հմտությունների՝ բանակցելու, բանավիճելու կարողությունների, քննադատական մտածողության զարգացման համար։ Սա ուսանելու հնարավորություն է ոչ միայն աշակերտների, այլեւ մասնագիտական զարգացման հնարավորություն՝ ուսուցիչների համար»,- ասել է Ջուդիթ Ֆարնուորթը։

 

Անգլերենի ակումբները ապահովված են ուսումնական անհրաժեշտ միջոցներով, համակարգչային տեխնիկայով։ Դասընթացները վարում են վերապատրաստված ուսուցիչները։ Տեխնոլոգիական նոր հարթակի միջոցով նրանք հնարավորություն ունեն աշխատելու Բրիտանական խորհրդի մենթորների հետ, քննարկելու դասերը։

 

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ակումբերը դարձել են համայնքային կրթական, մշակութային կենտրոններ։ Դրանք օգնում են նաեւ դպրոցներում անգլերենի դասավանդմանը։

 

«Ակումբներում ուսուցումը տեղի է ունենում հենց Բրիտանիայում մշակված մեթոդներով եւ, բնականաբար, որպես դրսում օտար լեզվի դասավանդման մեթոդաբանություն՝ ավելի զարգացած է։ Այս ակումբներում նաեւ մեր ուսուցիչներն են վերապատրաստվելու»,- ասել է ԿԳ նախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին