Դասագրքերում կլինեն «բեկումնային փոփոխություններ» - Mediamax.am

11185 դիտում

Դասագրքերում կլինեն «բեկումնային փոփոխություններ»


Լեւոն Մկրտչյանը
Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը «Մանմար», «Էդիթ Պրինտ», «Տիգրան Մեծ», «Աստղիկ», «Զանգակ», «Անտարես» եւ «Արեւիկ» հրատարակչությունների ղեկավարների հետ քննարկել է դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական եւ բովանդակային հարցեր:

«Նախարարը նշել է, որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն` կապված որոշ դասագրքերի որակի եւ ծանրաբեռնվածության հետ, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին, հետեւաբար նախարարությունը նախատեսում է բեկումնային եւ արմատական փոփոխություններ իրականացնել այս ոլորտում:  Հանդիպումներ են անցկացվելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` քննարկելու հիմնախնդիրը եւ համապատասխան լուծումեր գտնելու համար», - ասված է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Նախարարը հիշեցրել է, որ վարչապետի հանձնարարականով նախատեսվում  է Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումների շրջանակում հիմնել դասագրքաստեղծ կառույց` դասագրքերի ստեղծման գործընթացը համակարգելու նպատակով: Լեւոն Մկրտչյանի խոսքով` բարեփոխումների գործընթացը պետք է սկսել հենց այսօր, որպեսզի հաջորդ տարի արդեն դաշտը բարելավված լինի:

 

Ըստ նախարարի` քանի որ Հայաստանում բացակայում է դասագիրք գրելու մշակույթը, երբեմն հաշվի չեն առնվում երեխայի ծանրաբեռնվածության աստիճանը, տարիքային առանձնահատկությունները եւ այլն: Լեւոն Մկրտչյանի խոսքով` հիմնականում առկա է երկու դժգոհություն,  մասնավորապես, բնագիտական եւ պատմական առարկաների մասով ակադեմիական չափից բարձր մակարդակ եւ հայերենի խրթին շարադրանք: Նախարարը հրատարակիչներին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կամփոփի դասագրքաստեղծ կենտրոնի ձեւավորման վերաբերյալ առաջարկությունները եւ դիտարկումները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին