Վիքի նախագծերը սովորելը սովորություն են դարձնում - Mediamax.am

exclusive
12658 դիտում

Վիքի նախագծերը սովորելը սովորություն են դարձնում


Սուսաննա Մկրտչյանը եւ Ջիմի Ուելսը
Սուսաննա Մկրտչյանը եւ Ջիմի Ուելսը

Լուսանկարը` Wikimedia.org


Համացանցում հայերեն բովանդակություն փնտրողները կհավաստեն, որ հայերեն Վիքիպեդիայի հոդվածներն օրեցօր ավելանում եւ լրամշակվում են: Վիքիպեդիային զուգահեռ՝ նոր բովանդակությամբ են համալրվում Վիքիդարանը, Վիքիբառարանը եւ Վիքի այլ նախագծեր: Եթե այլ երկրներում ամենամեծ ազատ թվային հանրագիտարանը խմբագրվում է շարքային օգտատերերի կողմից` իրենց իսկ նախաձեռնությամբ, ապա մեր երկրում նման զարգացումներ չէին լինի առանց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանի եւ նրա թիմակիցների նպատակաուղղված ջանքերի:

 

Սուսաննա Մկրտչյանը Վիքի նախագծերում ներգրավված է 2011-ից: Վերջին 5 տարիների ընթացքում Վիքիպեդիայում հայերեն հոդվածների թիվը գերազանցել է  200 հազ-ը (2011թ. հայերեն Վիքիպեդիան ուներ 16 հազ. հոդված):

 

Այս տարիների ընթացքում Վիքիմեդիա Հայաստանի անդամները տարբեր նախագծեր են կյանքի կոչել` Վիքիպեդիայի խմբագիրների թիվն ավելացնելու համար:  Սուսաննայի եւ ընկերների` Վիքիճամբար նախաձեռնությունը 2014թ. Վիքիմանիա համաժողովին ճանաչվեց «Վիքի ամենացնցող նախագիծ» (The Coolest Project): Իսկ Սուսաննան իր հերթին Վիքիմանիա 2015-ին Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմի Ուելսի կողմից արժանացավ «Տարվա Վիքիպեդիստ» (Honorable mention of the year by Jimmy Wales) մրցանակին: 2016թ. «Վիքի ամենացնցող նախագիծ» դարձավ հայկական Վիքիակումբ նախաձեռնությունը:

 

Այսքանով Վիքիմեդիա Հայաստանի նվաճումները չեն ավարտվում. այս տարի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների Վիքիմեդիա մասնաճյուղերի հինգերորդ ամենամյա համաժողովը՝ Wikimedia CEE Meeting 2016-ը (#WMCEE2016), կանցկացվի Դիլիջանում: Սուսաննա Մկրտչյանի կարծիքով՝ հավաքը Հայաստանում անցկացնելը հնարավոր դարձավ իրենց թիմի լավ աշխատանքի շնորհիվ:  

 

«Նախորդ տարի Վիքիմեդիայի ներկայացուցիչներին հրավիրեցինք մասնակցելու Վիքիճամբար նախագծին: Նրանք հասկացան, որ մենք ի վիճակի ենք մեծ մասշտաբի միջոցառում կազմակերպել: Բացի այդ, հայկական Վիքիմեդիայի նախագծերը հետարքրություն էին ստեղծել նրանց շրջանում: Երբ առաջարկեցի, որ Հայաստանը հյուրընկալի այս տարվա հավաքը, նրանք միաձայն ընդունեցին իմ առաջարկը:

 

Այս տարի մասնակիցների թիվն ամենամեծն է: Մենք փորձեցինք սահմանափակել մասնակիցների թիվը` հասցնելով 62-ի, քանի որ հավաքի ֆինանսավորումն  առանց այդ էլ կրկնակի է ստացվել: Առաջին անգամ CEE հավաքին այս տարի մասնակցելու է նաեւ Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն Կատրին Մաերը: Մասնակիցներ ունենք նաեւ Ավստրիայից, Իսրայելից, Իրանից, Թուրքիայից, Գերմանիայից, թեպետ այս երկրները Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներ չեն համարվում»,- պատմում է նա:

 

Wikimedia CEE Meeting 2016-ի կազմակերպմանն աջակցում են IDeA (Հայաստանի զարգացման նախաձեռնություններ) եւ Scհolae Mundi Armenia հիմնադրամները:

 

Սուսաննա Մկրտչյանը նշում է, որ Հայաստան են ժամանելու ներկայացուցիչներ այնպիսի ծրագրերից, որոնք Հայաստանում դեռեւս պատշաճ զարգացում չեն ստացել։ Օրինակ, Իսրայելն ունի զարգացած բժշկական Վիքիպեդիա, որի վրա աշխատում է հատուկ խումբ, որպեսզի հոդվածները լինեն հավաստի եւ ստույգ:

 

«Բժշկական հոդվածների նկատմամբ հսկողությունը շատ մեծ է: Ակնկալում եմ, որ այս հավաքի ընթացքում փորձի փոխանակում կիրականացնենք: Հայաստանյան հավաքին մասնակցելու են ներկայացուցիչներ նաեւ Եվրոպիանայից (Europeana Collections): Այն հավաքագրել է Եվրոպայի գրեթե բոլոր թանգարանների նմուշները: Հավաքի աշխատանքներին մասնակցում է նաեւ Եվրոպեանայի աշխատակից Վիլյամ Վյատը, որը նաեւ GLAM-Wiki (galleries, libraries, archives, and museums) նախագծի հեղինակն է։

 

Հայաստանը դեռեւս չի մասնակցել Եվրոպեանայի մրցույթներին եւ հայկական թանգարանները լավ ներկայացված չեն կայքում: Հուսով եմ՝ մշակույթի նախարարությունը եւ թանգարանների տնօրենները առիթը բաց չեն թողնի առաջին ձեռքից տեղեկանալու թանգարանային աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ այդ ծրագրերի մաս կազմելուն ուղղված քայլեր կձեռնարկեն։ Այս ծրագրերը խթանում են թանգարանների մասին տեղեկությունների տարածումը, արդյունքում կտրուկ աճում է այցելուների հոսքը»,- ասում է նա:

 

Վիքիակումբներ եւ Վիքիճամբարներ

 

Վիքիակումբներն ու Վիքիճամբարները Վիքիմեդիա Հայաստանի բացառիկ նախաձեռնություններն են, որոնք փոխում են երեխաների վերաբերմունքը կրթության նկատմամբ: 

 

 

Առաջին Վիքիակումբը հիմնվել է Գյումրիում: Հետագայում Վիքիակումբներ են հիմնվել նաեւ Արտաշատում, Եղվարդում, Ստեփանակերտում, Վանաձորի Լեռնապատ եւԱրեւածագ գյուղերում: Սուսաննա Մկրտչյանի խոսքով՝ հիանալի կլիներ, եթե Վիքիակումբներ ստեղծվեին Հայաստանի բոլոր գյուղերում: 

 

Վիքիակումբ հիմնվում է այն համայնքներում, որտեղ կան ակտիվ խմբագիրներ, որոնք պատրաստ են իրենց փորձով կիսվել երեխաների հետ: Հենց այս ակումբների աշխատանքի շնորհիվ է հարստացվել Վիքիդարանն ու Վիքիբառարանը:

 

«Վիքիակումբների ծախսը մեծ չէ: Գտնում ենք հովանավոր, որը գնում է համակարգիչներ եւ կահավորում: Հովանավորներ գտնելու դեպքում ակումբների թիվը կարող ենք ավելացնել: Երեխաները հաճույքով են մասնակցում ակումբի աշխատանքներին, ամենաակտիվ խմբագիրները նաեւ մեկնում են Վիքիճամբարներ»,- պատմում է Սուսաննա Մկրտչյանը:

 

Այս տարի Վիքիճամբար է կազմակերպվելու Պորտուգալիայում, որին, Հայաստանից եւ Լիբանանից բացի, առաջին անգամ մասնակցելու են երեխաներ Ֆրանսիայից, Հունաստանից, Թուրքիայից եւ Սիրիայից: Ճամբարի ընթացքում երեխաները խմբագրելու են  Արեւմտահայերեն Վիքիպեդիան: Արեւմտահայերեն Վիքիպեդիայում կա 4300-ից ավելի հոդված:

 

Զարգացած Վիքիպեդիա ունեցող երկրներ են համարվում Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը:

 

«Լեհաստանում առեւտրային կազմակերպություններն իրենց հարկերի 1-2%-ը կարող են փոխանցել որեւէ ՀԿ-ի, եւ նրանց մեծ մասը նախընտրում է գումարը փոխանցել լեհական Վիքիմեդիային: Գերմանիայում նվիրատուները շատ-շատ են, մարդիկ նույնիսկ իրենց ունեցվածքը կտակում են Վիքիմեդիային: Հավատացեք, Վիքիմեդիա Հայաստանը այնպիսի նախագծեր է մշակել, որոնք կօգնեն թե հայերեն Վիքիպեդիայի որակական եւ քանակական կտրուկ աճին, եւ թե երկրում կրթության մակարդակի էապես զարգացմանը։ Այս ամբողջն իրականացնելու համար ֆինանսական միջոցներ են հարկավոր»,- ասում է Վիքիմեդիա Հայաստանի ղեկավարը:

 

Կրթական այլ նախագծեր

 

Վիքիմեդիա Հայաստանի ղեկավարի խոսքով՝ Վիքիպեդիան սովորեցնում է շարունակ սովորել կամ սովորելը սովորություն դարձնել: Նա առաջարկում է հայկական բուհերը նույնպես ներգրավվել Վիքիպեդիայի հարստացման աշխատանքներում:

 

«Կարծում եմ, որ տարբեր թեմաներով կուրսային աշխատանքների ներածությունները կարող են դառնալ Վիքիպեդիայի հոդվածներ: Բացի այդ, ուսանողները նոր թեմա յուրացնելիս կարող են հոդված ավելացնել Վիքիպեդիայում կամ լրամշակել տվյալ թեմայով արդեն գոյություն ունեցող հոդվածները: Լեզուների (անգլերեն, ֆրանսերեն եւ այլն) քննություններ հանձնելիս ուսանողներին կարելի է  հանձնարարել թարգմանել Վիքիպեդիայի հոդվածներ: Այդ  թարգմանությունները չեն կորչի, այլ կտեղադրվեն Վիքիպեդիայում: Այս եղանակով է հարստացվել օրինակ իսպաներեն Վիքիպեդիան»,- ասում է նա:

 

Սուսաննա Մկրտչյանի կարծիքով՝ շատերն են խոսում հայրենասիրությունից, բայց այլ զգացողություն է, երբ անշահախնդիր ներդրում ես անում քո երկրի ու լեզվի համար՝ լինի Վիքիպեդիայի հոդվածի ստեղծում, բարելավում, թե որեւէ գյուղում Վիքիակումբի հովանավորում կամ պարզապես փոքրիկ նվիրատվություն՝ ով ինչպես կարող է:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին