Դոկտոր Քրուզ. «ԱԲ-ն հզոր շարժիչ է, որը հմուտ վարորդի եւ հստակ քարտեզի կարիք ունի» - Mediamax.am

exclusive
619 դիտում

Դոկտոր Քրուզ. «ԱԲ-ն հզոր շարժիչ է, որը հմուտ վարորդի եւ հստակ քարտեզի կարիք ունի»


Անա Քրուզը
Անա Քրուզը

Լուսանկարը` անձնական արխիվ

Անա Քրուզը
Անա Քրուզը

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Անա Քրուզը
Անա Քրուզը

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` անձնական արխիվ


Ներկայումս, երբ արհեստական բանականությունը ունակ է լայնածավալ տվյալների վերլուծության, կանխատեսումների, բազմաձեւաչափ բովանդակության գեներացիայի, ի՞նչ դեր է մնում մարքեթինգի մասնագետներին: Այս եւ այլ հարցեր պարզելու համար Մեդիամաքսը զրուցել է Յորքի համալսարանի Եվրոպական կամպուս CITY-ի (այսօրվա դրությամբ՝ CITY College) մարքեթինգի դասախոս դոկտոր Անա Քրուզի հետ: 

 

Այս հարցազրույցում պրոֆեսորը պատմել է ոլորտի տեխնոլոգիական փոփոխությունների մասին, ներկայացրել մարքեթինգի մշտարդիական սկզբունքները եւ այն, թե ինչպես կարող է բարձրակարգ կրթությունը մարքեթոլոգներին դարձնել ԱԲ գործիքների հմուտ «վարորդներ»: 

 

Դոկտոր Անա Քրուզը մրցանակակիր մարքեթոլոգ է, հետազոտող, Բարձրագույն կրթության ակադեմիայի անդամ (FHEA): Նա դասավանդում է Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY–ում սկսած 2010 թվականից՝ ինչպես Executive MBA-ի, այնպես էլ բակալավրիատի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերում: 

 

Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY-ն առաջարկում է բակալավրիատի եւ մագիստրատուրայի մի շարք կրթական ծրագրեր: Հայ դիմորդների համար գործում է վարձավճարների զեղչային համակարգ՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում բարձրակարգ բրիտանական կրթություն ստանալու բացառիկ հնարավորությամբ: 

 

Բացի այդ, Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի համատեղ Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագիրը հայաստանյան դիմորդներին հնարավորություն է ընձեռում ստանալու բարձրակարգ բրիտանական եւ եվրոպական բիզնեսի կառավարման կրթություն եւ երկու MBA դիպլոմներ Յորքի ու Ստրասբուրգի համալսարանից՝ շարունակելով ապրել, աշխատել եւ սովորել Հայաստանում։

 

- Արհեստական բանականությունը արագորեն փոխակերպում է տարբեր ոլորտներ, եւ մարքեթինգը եւս բացառություն չէ: Ձեր կարծիքով որո՞նք են ամենաէական փոփոխությունները, որ ԱԲ-ն բերում է մարքեթինգի ոլորտ:

 

- Արհեստական բանականության էքսպոնենտային աճը եւ կիրառումը պարզապես տեխնոլոգիական վերազինում չէ. այն պարադիգմային փոփոխություն է հաճախորդներին եւ սպառողներին հասկանալու ու նրանց հետ հաղորդակցվելու մոտեցման մեջ: 

 

Կան մի շարք էական փոփոխություններ հիպերանհատականացման, կանխատեսողական վերլուծության, ավտոմատացման, բովանդակության գեներացման եւ ծառայությունների մատուցման մեջ: ԱԲ ալգորիթմները հիմա կարող են վերլուծել լայնածավալ տվյալներ՝ մարդկանց համար անհնար արագությամբ, թույլ տալով իրական ժամանակում գաղափար կազմել սպառողի վարքագծի, նախընտրությունների եւ անգամ հուզական վիճակի մասին: Սա մեզ ընդհանուր դասակարգումից տանում է դեպի իրականում անհատականացված մարքեթինգային փորձառության, որտեղ ապրանքները, ծառայություններն ու ուղերձները համապատասխանեցված են աննախադեպ ճշգրտությամբ: 

Անա Քրուզը Անա Քրուզը

Լուսանկարը` անձնական արխիվ

ԱԲ-ի կանխատեսման կարողությունները հեղափոխում են կանխատեսման ու ռազմավարական պլանավորման գործընթացները: Մարքեթոլոգները հիմա կարող են կանխորոշել ապագայի միտումները, հաճախորդների պոտենցիալ արտահոսքը եւ օպտիմալացնել մարքեթինգային արշավները՝ նախքան դրանց մեկնարկը: Այս նախաձեռնողական մոտեցումը, որը խթանում են մեքենայական ուսուցման մոդելները, զգալիորեն բարձրացնում է արդյունավետությունը եւ ներդրումների վերադարձը: Կանխատեսումների համաձայն՝ մարքեթինգի ոլորտում ԱԲ-ով ստացված համաշխարհային եկամուտը կտրուկ կաճի՝ 2023 թվականի 27.4 միլիարդ դոլարից մինչեւ 2028 թվականը հասնելով 107.4 միլիարդ դոլարի: Այս տվյալներն արտացոլում են ԱԲ-ի մեծ ազդեցությունը։

 

Եվ վերջապես, ԱԲ-ով կոնտենտի գեներացումը փոխակերպում է բովանդակության ստեղծումը՝ ավտոմատացնելով ամեն ինչ՝ սկսած էլեկտրոնային նամակներից եւ սոցիալական մեդիայի հրապարակումներից մինչեւ վիզուալ բաղադրիչներ՝ թույլ տալով մարքեթոլոգներին մեծացնելու իրենց աշխատանքային ներդրումն ու կենտրոնանալու բարձրակարգ ռազմավարական մտածողության վրա: Այս փոխակերպումը նշանակում է ժամանակի ծախսի կրճատում կրկնվող առաջադրանքների վրա եւ հավելյալ ժամանակ ստեղծագործական մտածողություն ու ռազմավարական վերահսկողության համար: 

 

Այս փոփոխությունները հեղափոխում են ոչ միայն մարքեթինգի ոլորտը, այլեւ հեղափոխում են եւ կշարունակեն հեղափոխել աշխատանքի՝ մեզ այժմ ծանոթ բնույթը:

 

- Մի կողմից գործիքներն ու միտումներն առաջընթաց են ապրում, սակայն միեւնույն ժամանակ կան հիմնաքարային հասկացություններ, որոնք մնում են անփոփոխ: Ըստ Ձեզ՝ որո՞նք են մարքեթինգի այն հիմնաքարային սկզբունքները, որոնք կմնան մշտարդիական:

 

- Ի բնե, մարքեթինգը մարդկային կարիքները հասկանալու, իսկական կապեր կառուցելու եւ իրական արժեք փոխանցելու մասին է: 

 

Էթիկան եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը պետք է մնան օրակարգի գլխավերեւում՝ հատկապես տեխնոլոգիական աշխարհի ճգնաժամերում, որտեղ ֆեյքերն ու խարդախությունները աճում են: Սա նշանակում է, որ ի վերջո, մարդկանց համար վստահելի բրենդները կդառնան հազվագյուտ, քանի որ գնալով ավելի կբարդանա տարբերակել՝ որ բովանդակությունն է իրական, որը՝ ֆեյք: 

 

Հաճախորդակենտրոնության սկզբունքը եւս մնում է առանցքային: Թեեւ ԱԲ-ն կարող է աննախադեպ տեղեկատվություն տրամադրել հաճախորդների վարքագծի մասին, բայց միայն մարդ-մարքեթոլոգն է ունակ իրականում ընդգծելու հաճախորդի ցավոտ կետերն ու ձգտումները՝ թարգմանելով տվյալները իմաստալից լուծումների: 

Անա Քրուզը Անա Քրուզը

Լուսանկարը` անձնական արխիվ

Մարքեթինգի հիմքում առկա հարցերը մնում են նույնը՝ ո՞վ է հաճախորդը, ի՞նչ արժեք եք փոխանցում, ինչքանո՞վ եք տարբերվում մրցակիցներից: Այդուհանդերձ, ներկայումս պատասխանները կարող են տարբեր լինել կախված նրանից, թե արդյոք հաճախորդը մա՞րդ է, արհեստական բանականությու՞ն, հիբրի՞դ: Սա կարող է շփոթեցնող լինել, եւ դա ընդգծում է մեր առջեւ ծառացած մարտահրավերները: Որպես մարքեթոլոգներ, մենք պետք է հասկանանք, թե ով է մեր հաճախորդը եւ որ մարքեթինգային սկզբունքներն են մնում անփոփոխ՝ միեւնույն ժամանակ կարողանալով փոխակերպվել եւ հարմարվել սրընթաց փոփոխությունների պայմաններում: 

 

Մեկ այլ մշտարդիական սկզբունք է արժեքային առաջարկի հստակությունը: Տեղեկատվությամբ հագեցած աշխարհում հստակ, համոզիչ եւ տարբերվող առաջարկով աղմուկը ճեղքելն ավելի կարեւոր է, քան երբեւէ։

 

ԱԲ-ն կարող է օգնել ուղերձների մշակման օպտիմալացմանը, սակայն այն հիմնարար ձեւակերպումը, թե ինչու է ձեր առաջարկը կարեւոր որոշակի լսարանի համար, մնում է մարդկային ջանք։

 

Առաջատար բրենդները միշտ կառանձնանան բրենդի պատմության ներկայացման եւ իսկական լինելով: Չնայած որ ԱԲ-ն կարող է պատմություններ գեներացնել, բրենդի պատմության հուզական արձագանքը, մշակութային նրբերանգներն ու էթիկական կողմը պետք է բխեն մարդկային ստեղծագործականությունից եւ արժեքներից։ Մարդիկ կապվում են պատմությունների, զգացմունքների եւ իսկականության հետ, այլ ոչ թե ռոբոտացված մարքեթինգային հաղորդագրությունների։ ԱԲ-ն ընդունելու հետ մեկտեղ՝ մարդկային հպումը, մասնավորապես վստահության եւ հավատարմության խթանման գործում, դառնում է ավելի արժեքավոր։

 

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի՝ հարցազրույցներից մեկում ասված խոսքերը շատ տեղին են այստեղ: Նա ասել է. «Ես ունեմ AI,` Actual Intelligence` իրական ինտելեկտ»։ Սա նշանակում է, որ մարդկանց (ոչ միայն մարքեթոլոգների) շրջանում պետք է շարունակել խրախուսել եւ զարգացնել քննադատաբար, ստեղծագործաբար, կարեկցանքով մտածելու եւ հարցեր տալու ունակությունները։

 

- Դուք ղեկավարել եք մրցանակակիր մարքեթինգային արշավներ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կայուն զարգացման եւ շինարարության ասպարեզում: Եթե այսօր ստեղծեիք մարքեթինգային արշավ՝ օգտագործելով արհեստական բանականության գործիք, ի՞նչ դեր կվերապահեիք դրան, եւ ի՞նչը կթողնեիք բացառապես մարդկային:

 

- Բազմազան արշավներ առաջնորդած լինելով՝ ես արհեստական բանականությունը տեսնում եմ որպես գործընկեր, այլ ոչ թե փոխարինող։ Եթե այսօր ես ԱԲ գործիքների օգնությամբ նախագծեմ մարքեթինգային արշավ, ԱԲ-ին հիմնականում կվերապահեմ տվյալների վերլուծության, օպտիմալացման, բովանդակության լրացման եւ ավտոմատացման դերը։ ԱԲ-ն պատասխանատու կլինի սպառողների տվյալների հսկայական ծավալի մշակման, նրբերանգային վարքային օրինաչափությունների բացահայտման, շուկայի միտումների կանխատեսման եւ գովազդային ծախսերի իրական ժամանակում օպտիմալացման համար։

 

Օրինակ՝ կայուն զարգացման արշավի համար ԱԲ-ն կարող է վերլուծել շրջակա միջավայրի հարցերի շուրջ հանրային տրամադրությունները, բացահայտել հիմնական կարծիքի առաջնորդներին եւ նշել էկոլոգիապես մաքուր հաղորդագրությունների միջոցով կոնկրետ ժողովրդագրական խմբերին հասնելու ամենաարդյունավետ ուղիները: Այն նաեւ կարող էր գեներացնել կոնտենտի տարբերակներ՝ A/B թեստավորման համար, եւ ավտոմատ կերպով ընտրել ամենահաջողները: 

Լուսանկարը` անձնական արխիվ

Այդուհանդերձ, ռազմավարական տեսլականը, հուզական պատմությունները եւ էթիկական վերահսկողությունը կթողնեմ խիստ մարդկային։ Իմ թիմը եւ ես կսահմանենք արշավի ընդհանուր նպատակները, կմշակենք այն հիմնական պատմությունը, որը խորը արձագանք կգտնի թիրախային լսարանի շրջանում, եւ կապահովենք, որ արշավը համապատասխանի ապրանքանիշի արժեքներին ու էթիկական պարտավորություններին։ Մարդկային գործոնը կարող է կարեւորագույն դեր ունենալ ԱԲ-ից ստացված պատկերացումները համոզիչ եւ իսկական հաղորդակցության վերածելու գործում։ Մենք նաեւ պատասխանատվություն կստանձնենք մշակութային նրբությունները հասկանալու, իսկական հուզական կապերը խթանելու եւ ճգնաժամային հաղորդակցությունը կառավարելու համար. սրանք այն ոլորտներն են, որտեղ ԱԲ-ն այժմ զուրկ է անհրաժեշտ կարեկցանքից եւ ներըմբռնողական դատողությունից։ ԱԲ-ն կկարգավորի «ինչ»-ը եւ «որքան»-ը, մինչդեռ մարդիկ կուղղորդեն «ինչու»-ն եւ «ինչպես»-ը՝ ուշադրությամբ հաշվի առնելով հնարավոր ռիսկերն ու սահմանափակումները։

 

- Դուք Ձեր հետազոտական աշխատանքներում շեշտադրում եք անձնական բրենդավորումը: Այնպիսի ժամանակներում, երբ ուսանողները կարող են խնդրել արհեստական բանականությանը գրել իրենց կենսագրականները, կառուցել պորտֆոլիոները, ինչպե՞ս եք նրանց սովորեցնում մնալ իսկական:

 

- Անձնական բրենդավորման մեջ ԱԲ գործիքների աճը ներկայացնում է մի հետաքրքրաշարժ պարադոքս. չնայած դրանք կարող են հեշտացնել բովանդակության ստեղծումը, դրանք նաեւ վտանգում են իսկական լինելը:

 

Այս հարցում ուսանողներին ճիշտ կողմնորոշվել սովորեցնելը պահանջում է ուժեղ շեշտադրում ինքնադրսեւորման, քննադատական գնահատման եւ էթիկական սկզբունքների խորը ըմբռնման վրա։

 

Նախ, ես խրախուսում եմ ուսանողներին ԱԲ-ն դիտարկել որպես գաղափարների ձեւավորման եւ արդյունավետության գործիք, այլ ոչ թե իրենց եզակի ձայնի եւ փորձի փոխարինող: Նախքան ԱԲ-ի հետ գործ ունենալը, ես նրանց մարտահրավեր եմ նետում՝ ձեւակերպելու իրենց հիմնական արժեքները, ձգտումները եւ իրական պատմությունը: Դրանից հետո ԱԲ-ն կարող է օգնել կատարելագործել նրանց ուղերձը, բայց էությունը պետք է գա մարդու ներսից:

 

Քանի որ մեծ թվով խոշոր ընկերություններ այժմ կիրառում են ԱԲ գործիքներ աշխատակիցների ընդունման գործընթացներում, կարեւոր է նաեւ, որ ուսանողներն իմանան, թե ինչպես օպտիմալացնել իրենց աշխատանք փնտրելու եւ անձնական բրենդավորման ջանքերը։

 

- Մարքեթինգային կրթության մեջ ի՞նչ նոր մոտեցումներ կամ գործիքներ եք համարում առավել համահունչ այս թվային էվոլյուցիային։

 

- Ուսանողներին այս արագ զարգացող մարքեթինգային միջավայրին նախապատրաստելու համար կրթությունը պետք է առաջնահերթություն տա գործնական ու փորձառական ուսուցմանը, թվային գրագիտությանը, թվային գործիքների ազատ տիրապետմանը եւ էթիկական, քննադատական մտածողությանը: Անցել են զուտ տեսական կրթության ժամանակները. ուսանողներին անհրաժեշտ է գործնական փորձ ձեռք բերել հենց այն գործիքների հետ, որոնք վերափոխում են ոլորտը: Սա նշանակում է իրական նախագծերի եւ բիզնես սիմուլյացիաների ինտեգրում, որտեղ ուսանողները կարող են կիրառել ԱԲ-ով արված վերլուծություններ, մշակել անհատականացված արշավներ եւ հասկանալ իրական ժամանակում կատարողականի օպտիմալացումը: Օրինակ՝ բիզնեսների հետ համագործակցությամբ թվային մարքեթինգային արշավներ մշակելը կամ սպառողների վարքագծի օրինաչափությունները ԱԲ գործիքների միջոցով վերլուծելը անգնահատելի գործնական պատկերացումներ է տալիս ուսանողներին:

 

Առաջ շարժվելով ասեմ, որ թվային գրագիտության խթանումն անվիճելիորեն կարեւոր է: Ուսումնական ծրագրերը պետք է ներառեն ԱԲ-ի վրա հիմնված մարքեթինգային հարթակների, տվյալների վերլուծության գործիքների եւ ավտոմատացման ծրագրային ապահովման գործնական ուսուցում: Սա միայն գործիքն օգտագործելու իմացության մասին չէ, այլեւ դրա հիմքում ընկած տրամաբանության եւ ներուժի, ինչպես նաեւ ռիսկերի եւ սահմանափակումների ըմբռնման մասին։ 

Լուսանկարը` անձնական արխիվ

Վերջապես, ԱԲ-ի զարգացումը պահանջում է ուժեղ շեշտադրում էթիկական, պատասխանատու եւ կայուն մարքեթինգային փորձառության վրա: Քանի որ ԱԲ-ն մարքեթոլոգներին տալիս է աննախադեպ ազդեցություն, կարեւոր է խթանել տվյալների գաղտնիության, ալգորիթմների կողմնակալության եւ արհեստական բանականության պատասխանատու օգտագործման շուրջ քննարկումները։

 

Քննադատական մտածողության կրթությունը նույնպես կարեւոր է: Մենք պետք է նայենք տնտեսական օգուտներից եւ շահույթից անդին. ի՞նչ ազդեցություն ունեն այս տեխնոլոգիաները մարդկանց, մոլորակի, շահույթի վրա: Կայունության վերաբերյալ կրթությունը ներկայումս կենսական է, նույնպես եւ այս տեխնոլոգիաների ազդեցությունը հասկանալը: ԱԲ-ն ռեսուրսների կարիք ունի՝ սկսած տվյալներից մինչեւ էներգիայի եւ ջրի սպառում: Ըստ կանխատեսման՝ ԱԲ-ն տվյալների կենտրոններից իր կախվածության հետ մեկտեղ մինչեւ 2026 թվականը կսպառի այնքան էներգիա, որը համեմատելի կլինի Ճապոնիայի նման մեծ երկրի հետ:

 

Կրթական հաստատությունները պետք է ուսանողներին զինեն այնպիսի գիտելիքով, որով նրանք կկարողանան կողմնորոշվել սոցիալական բարդ հետեւանքներում՝ ապահովելով, որ նրանք մշակեն այնպիսի ռազմավարություններ, որոնք կհավասարակշռեն շահութաբերությունը սոցիալական պատասխանատվության հետ:

 

- Ինչպե՞ս եք հարմարեցնում ձեր սեփական դասընթացները՝ արտացոլելու այս նոր իրողությունները: Կարո՞ղ եք օրինակներ բերել, թե ինչպես եք ԱԲ գործիքներն ինտեգրում ձեր դասախոսություններում ու ուսանողական նախագծերում:

 

-  Նոր իրողություններին համապատասխանեցնելու համար ես հիմնովին վերակառուցել եմ իմ դասընթացների ուսումնական ծրագիրը՝ անցնելով ավանդական դեպքերի ուսումնասիրություններից դեպի ԱԲ եւ թվային գործիքների ակտիվ ներգրավում: Դասախոսություններին ես հրավիրում ոլորտի առաջատար խոսնակների, անցկացնում լսարանային սեմինարներ եւ ներառում իրական ժամանակի մարտահրավերներ՝ ոչ միայն գիտելիքները խթանելու, այլեւ քննադատական մտածողությունն ու հմտությունները զարգացնելու համար: Իմ մոտեցումը մեծապես հիմնված է փորձառական ուսուցման վրա:

 

Օրինակ՝ բակալավրիատում մարքեթինգի հիմունքների իմ առաջին կուրսի ուսանողները տեղական ընկերության համար վերափաթեթավորման նախագիծ են իրականացնում: Նրանք կարող են օգտագործել ԱԲ գործիքներ՝ տեսողական նյութերի գեներացման ու պրեզենտացիայի մշակման համար:

 

Վերջին կուրսում իմ բակալավրիատի ուսանողները մշակում են լիարժեք ինտեգրված մարքեթինգային ռազմավարություն, որը ներառում է վիրուսային գովազդի ու թվային մարքեթինգային բովանդակության մշակում, որի համար նրանցից ակնկալվում է արդյունավետորեն օգտագործել գեներատիվ ԱԲ գործիքներ:

Լուսանկարը` անձնական արխիվ

Մագիստրոսական ծրագրի ուսանողները համագործակցում են տեղական ընկերության հետ՝ նոր շուկա մուտք գործելու ռազմավարական մարքեթինգային պլան մշակելու համար։ Նրանք օգտագործում են ԱԲ գործիքներ՝ պատկերներ մշակելու եւ իրենց որոշ առաջարկություններ վիզուալիզացնելու համար։

 

Ռազմավարական ապրանքանիշի կառավարման ոլորտում MBA թեկնածուները աշխատում են վերաբրենդավորման նախագծերի վրա, որոնց համար նրանք կարող են օգտագործել ԱԲ գործիքներ տվյալները վերլուծելու համար եւ կարող են օգտագործել GenAI-ը՝ առաջարկված վերաբրենդավորումը մշակելու համար։

 

Ուսանողական նախագծերում ես խրախուսում եմ գեներատիվ արհեստական բանականության արդյունավետ եւ էթիկական օգտագործումը բովանդակության գաղափարի մշակման եւ իրականացման համար, սակայն խստորեն շեշտադրելով մարդկային վերահսկողությունն ու կատարելագործումը, որպեսզի իսկությունը եւ էթիկական նկատառումները պահպանվեն: Ուսանողները նաեւ պետք է գնահատեն եւ ինքնաքննադատորեն վերլուծեն իրենց կողմից ԱԲ գործիքների կիրառումը: Սա էլ ավելի է խթանում տեխնիկական հմտությունները եւ քննադատական մտածողությունը։

 

Իմ դասընթացները հարստացված են ինչպես ոլորտի իմ փորձով, այնպես էլ թվային մարքեթինգի ու ռազմավարական թվային փոխակերպման վերաբերյալ վերջին հետազոտություններով:

 

- Քանի որ ԱԲ գործիքներն այժմ կարող են ստեղծել արշավներ, վերլուծել սպառողների տվյալները եւ նույնիսկ մոդելավորել թիրախային խմբերը, ոմանք կարող են կասկածի տակ դնել ֆորմալ մարքեթինգային կրթության արժեքը: Ինչո՞ւ է մարքեթինգի ուսումնասիրությունը դեռեւս կարեւոր՝ գուցե ավելի, քան երբեւէ:

 

- Թեեւ ԱԲ-ն կարող է ավտոմատացնել բազմաթիվ մարտավարական ասպեկտներ, այն չի կարող կրկնօրինակել ռազմավարական մտածողությունը, քննադատական դատողությունը եւ մարդկային ստեղծագործականությունը, որոնք լավ պատրաստված մարքեթոլոգին բնորոշ գծերն են: Մարքեթինգի ֆորմալ կրթությունը, մասնավորապես այսօր, ավելի կարեւոր է, քանի որ այն ապահովում է հիմնարար տեսական գիտելիք եւ հայեցակարգային ըմբռնում, որոնք հիմք են հանդիսանում ԱԲ գործիքների արդյունավետ օգտագործման համար: Առանց խորքային ըմբռնելու սպառողական հոգեբանությունը, շուկայի դինամիկան, մրցակցային ռազմավարությունը եւ ապրանքանիշի կառուցումը, մարքեթոլոգները ռիսկի են դիմում պարզապես ավտոմատացնելու անարդյունավետ գործընթացները: ԱԲ-ն հզոր շարժիչ է, բայց այն կարիք ունի հմուտ վարորդի եւ հստակ ճանապարհային քարտեզի:

 

Աշխատանքային միջավայրը փոխվում է աննախադեպ արագությամբ, ուստի կրթությունը, վերաորակավորումը եւ որակավորման բարձրացումը ավելի կարեւոր են, քան երբեւէ: Համաշխարհային տնտեսական ֆորումի «Աշխատատեղերի ապագան. 2025» զեկույցը կանխատեսում է, որ մինչեւ 2030 թվականը աշխարհի ներկայիս աշխատատեղերի 22%-ը հիմնովին կփոխակերպվեն, կհայտնվեն 170 միլիոն նոր դերեր, 92 միլիոնը կփոխարինվեն. սա կհանգեցնի 78 միլիոն աշխատատեղերի աճի ամբողջ աշխարհում: Այս տվյալներն ընդգծում են աշխատատեղերի ստեղծման եւ աշխատատեղերի փոխարինման կրկնակի մարտահրավեր-հնարավորությունը: ԱԲ-ն եւ տեղեկատվության մշակման տեխնոլոգիաները համարվում են առաջնային խաթարող գործոններ, քանի որ գործատուների 86%-ն ակնկալում է, որ դրանք մինչեւ 2030 թվականը կվերափոխեն իրենց բիզնեսը: Այս համատեքստը կարեւոր է մեզ համար, քանի որ դա նշանակում է ոչ միայն փոփոխությունների, այլեւ աշխատուժի խորը կառուցվածքային վերափոխումների կառավարում:

Լուսանկարը` անձնական արխիվ

Ֆորմալ կրթությունը անհատներին զինում է ոչ միայն գործիքների տիրապետման հմտություններով, այլեւ անընդհատ զարգացող տեխնոլոգիական լանդշաֆտում զարգանալու համար անհրաժեշտ հարմարվողական մտածելակերպով: Այն նրանց սովորեցնում է, թե ինչպես տալ ճիշտ հարցեր, մեկնաբանել բարդ տվյալները եւ արդյունավետորեն ղեկավարել թիմերը՝ հմտություններ, որոնք ավելի ու ավելի արժեքավոր են դառնում, քանի որ ԱԲ-ն ստանձնում է առօրյա առաջադրանքների կատարումը: Խոսքը ԱԲ հիմքով ռազմավարությունների ճարտարապետ դառնալու, այլ ոչ թե պարզապես ԱԲ գործիքների օպերատոր լինելու մասին է։

 

- Ձեր կարծիքով, որո՞նք են ձեր Executive MB-ի ուսանողների համար ամենակարեւոր դասերը, որոնք իսկապես կօգնեն նրանց իրենց աշխատանքում՝ հատկապես հաշվի առնելով այն ոլորտի՝ ԱԲ-ով պայմանավորված փոփոխությունները: 

 

- Executive MBA-ի ուսանողները սովորաբար փորձառու մասնագետներ են, որոնք ձգտում են բարելավել իրենց ռազմավարական կարողությունները եւ հաղթահարել խնդիրները: Իմ դասընթացներից նրանք հիմնականում ձեռք են բերում ԱԲ-ն իրենց գործող մարքեթինգային գործընթացներում ինտեգրելու ռազմավարական գիտելիք, այլ ոչ թե պարզապես նոր գործիքների մակերեսային ըմբռնում: Մենք կենտրոնանում ենք թվային փոխակերպման, թվային մարքեթինգի, ճգնաժամերի կառավարման, ապրանքանիշի ռազմավարական կառավարման, նեյրոմարքեթինգի վերջին զարգացումների վրա, ուստի թեեւ տեխնոլոգիան դրա մի մասն է, բայց ընդարձակ ու խորը գիտելիքները անցնում է զուտ ԱԲ գործիքների իմացությունից անդին: Սա կարեւոր է MBA թեկնածուների համար, որպեսզի նրանք ոչ միայն պատրաստ լինեն ներկային, այլեւ ապագային:

 

Մարքեթինգի լանդշաֆտը դինամիկ է, ոգեշնչող ու նաեւ խրթին: Այնուամենայնիվ, այն մնում է հնարավորություններով լի ոլորտ նրանց համար, ովքեր ցանկանում են ընդունել շարունակական ուսուցումը եւ քննադատական մտածողությունը: Անկախ նրանից, թե դուք երիտասարդ եք, որը սկսում է իր կարիերան, թե հաստատված մասնագետ, որը ձգտում է հարմարվել նոր իրողություններին, գիտելիքի ճամփորդությունն անեզր է: Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY-ի նման ուսումնական հաստատությունները առաջարկում են ծրագրեր, որոնք մշակվել են հենց այս նոր դարաշրջանի համար՝ ուսանողներին տալով առաջադեմ հմտություններ եւ ռազմավարական պատկերացումներ, որոնք անհրաժեշտ են բարգավաճելու համար:

 

Ես անկեղծորեն խրախուսում եմ ձեզ ուսումնասիրել այս կրթական ուղիները, քանի որ ԱԲ-ով առաջնորդվող աշխարհում մարդկային ուսուցման, ստեղծագործականության եւ էթիկական առաջնորդության կարողությունները կարեւոր են ավելի քան երբեւէ։

 

Դոկտոր Անա Քրուզի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին