Հետզհետե մարդիկ ավելի շատ են դիմում արհեստական բանականությանը մեր փոխարեն որոնելու, համակարգելու, ստեղծելու կամ երբեմն նույնիսկ մեր փոխարեն մտածելու համար: Սա առաջ է բերում խորքային հարցեր. հնարավո՞ր է, որ այդկերպ մենք մի օր դառնանք ավելի պակաս մարդ:
Հասկանալու համար, թե ինչպես է մարդու ուղեղը կողմնորոշվում տեխնոլոգիական զարգացման արագընթաց փոփոխություններում՝ արհեստական բանականության նոր գործիքների՝ ամենօրյա ռեժիմով ի հայտ գալուն զուգահեռ, Մեդիամաքսը զրուցել է Դոկտոր Նիկոլաուս Դիմիտրիադիսի հետ: Վերջինս հաղորդակցության ոլորտի մրցանակակիր փորձագետ է, Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY-ի (այսօրվա դրությամբ՝ CITY College) պրակտիկայի պրոֆեսոր եւ ղեկավարում է եվրոպական կամպուսի նեյրոմարքեթինգի մագիստրոսական ծրագիրը:
Առաջնորդվելով գիտական նպատակներով՝ դոկտոր Դմիտրիադիսը սքանավորել է ավելի քան 9000 ուղեղներ աշխարհի 25 երկրներում՝ ավելի լավ հասկանալու ապրումակցումը, առաջնորդությունը եւ մարդկային վարքագիծը: Այս հարցազրույցում նա առաջ է բերում նեյրոգիտությունից բխող տեսանկյուն այնպիսի հարցերի պատասխանների համար, որոնք շատերը լուռ կերպով տալիս են իրենց, քանի դեռ փորձում ենք կողմնորոշվել նորաստեղծ ԱԲ տեխնոլոգիաներում: Պրոֆեսորը նաեւ հիշեցնում է մեզ՝ ինչն է իրականում կարեւոր:
Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY-ն առաջարկում է բակալավրիատի եւ մագիստրատուրայի մի շարք կրթական ծրագրեր: Հայ դիմորդների համար գործում է վարձավճարների զեղչային համակարգ՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում բարձրակարգ բրիտանական կրթություն ստանալու բացառիկ հնարավորությամբ:
Բացի այդ, Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի համատեղ Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագիրը հայաստանյան դիմորդներին հնարավորություն է ընձեռում ստանալու բարձրակարգ բրիտանական եւ եվրոպական բիզնեսի կառավարման կրթություն եւ երկու MBA դիպլոմներ Յորքի ու Ստրասբուրգի համալսարանից՝ շարունակելով ապրել, աշխատել եւ սովորել Հայաստանում։
- Պրոֆեսոր, մարդկանց շրջանում հետզհետե շատ տարածված է դառնում որեւէ հարցի կամ առաջադրանքի դեպքում որպես առաջին քայլ դիմել ԱԲ լեզվական մոդելներին: Ձեր կարծիքով սա հետագայում ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր մտածողության վրա:
- Պետք է հիշենք, որ մարդու ուղեղը հարմարվողական հատկություն ունի: Դուք, հավանաբար, լսել եք ներյոպլաստիկություն կոչվող երեւույթի մասին, այն է՝ ուղեղի փոխվելու ունակությունը: Այն ներառում է չորս հիմնական գործընթացներ: Առաջինը նեյրոգենեզն է. ամեն օր ծնվում են 600-2000 նոր նեյրոններ: Երկրորդ գործընթացը սինապտոգենեզն է. երբ մենք որեւէ նոր բան ենք սովորում, օրինակ՝ նոր լեզու, երաժշտական գործիք, նոր առաջադրանք աշխատանքի վայրում, ուղեղում ձեւավորվում են նոր նեյրոնային կապեր: Դրանից հետո արդեն իսկ առկա կապերի ամրացման գործընթացն է: Եվ վերջինը առկա կապերի թուլացումն է. այն, ինչ մենք երկար ժամանակ չենք գործածում, սկսում է անհետանալ՝ ուղեղը պակասեցնում է դրանց ծավալը, քանի որ այլեւս դրանց կարիքը չի զգում: Կարծում եմ, որ մարդկանց մեծ մասը հենց այս վերջինից՝ նեյրոնային կապերի թուլացումից է վախենում՝ ենթադրելով, որ գուցե ԱԲ-ի պատճառով մենք կորցնենք մարդկային որոշ կարողություններ: Եվ դա, հավանաբար, տեղի կունենա:
Չնայած դրան, միեւնույն ժամանակ մենք կարող ենք նոր նեյրոնային կապեր ձեւավորել կամ ամրացնել արդեն իսկ առկա կապերը, քանի որ մենք պետք է հարմարվենք այս նոր իրականությանը: Ինչպես ցանկացած այլ տեխնոլոգիա, ԱԲ-ն եւս մեզանից կվերցնի որոշ հմտություններ, բայց նաեւ կտա այլը՝ նախկինի փոխարեն:
Harvard Business Review-ի վերջին հոդվածներից մեկը բացահայտել էր, որ ԱԲ-ի օգտագործման ամենամեծ աճը թերապիայի, ընկերակցության եւ կյանքի պլանավորման ոլորտներում է: Ըստ հետազոտության՝ շատ մարդիկ օգտագործում են ԱԲ-ն իրենց միտքը մաքրելու համար: Մենք ապրում ենք տեղեկատվությամբ գերբեռնված ժամանակներում, մարդիկ խոսում են հուզական «այրման» կամ մտավոր գերհոգնածության մասին: Գուցե ԱԲ-ն հենց այն է, ինչը կօգնի մարդկանց հաղթահարել դա:
Չափազանց վաղ է եզրակացություններ անելու համար, սակայն ամեն ինչն իր տեղը կընկնի առաջիկա տարիներում: Եվ դա վստահաբար կլինի փոխզիջումային՝ մենք ինչ-որ բաներ կստանանք ու ինչ-որ բաներ կկորցնենք: Տեսնենք:
-Չնայած նրան, որ ԱԲ-ն կարողանում է աշխատանքի տպավորիչ ծավալ կատարել, շատ մարդիկ, հաճախ, սպառվածության զգացողություն են ունենում իրենց առաջադրանքները կատարելիս ԱԲ-ին որպես օգնական ներգրավելուց հետո: Նախկինում, մի շարք առաջադրանքների կատարումը մեզ տալիս էր առաջընթացի զգացողություն եւ էներգիա՝ արարման գործընթացի միջոցով, սակայն թվում է, թե ԱԲ-ն մեզանից խլում է այդ բավարարվածության զգալի մասը: Սա ինչպե՞ս կբացատրեք:
- Ներկա փուլում մենք նոր-նոր ենք սկսում հասկանալ, թե ինչպես աշխատել ԱԲ-ի հետ, եւ ԱԲ-ն ինքնին լայնածավալ աշխարհ է՝ բազում գործիքներ ու հարթակներ կան:
Սովորաբար, երբ մարդիկ քննադատում են ԱԲ-ն, կենտրոնանում են մեծ լեզվական մոդելների վրա, սակայն կան նաեւ մասնագիտացված ԱԲ համակարգեր՝ ագենտներ, որոնք կարող են ֆանտաստիկ գործ անել: Մենք պետք է հաշվի առնենք ԱԲ-ի ամբողջական պորտֆոլիոն եւ այն, թե յուրաքանչյուր գործիք իրականում ինչի համար է նախատեսված:

Լուսանկարը` անձնական արխիվ
Հիմա մեր ուղեղը դեռեւս փորձարկումներ է կատարում ԱԲ-ի հետ, փորձում հասկանալ, թե ինչ նոր բան է սա եւ ինչպիսի ակնկալիքներ պետք է սահմանի: Մեր ուղեղն աշխատում է կանխատեսման միջոցով՝ այն սովորում է, հետո կանխատեսում, որպեսզի պատրաստված լինի: Ուստի Ձեր նշած հոգնածության զգացողությունը կարող է բխել չիրականացված ակնկալիքներից, փորձի պակասից կամ պարզապես սխալ գործիք կիրառելուց:
Որքան մենք առաջ գնանք եւ որքան ԱԲ գործիքները դառնան ավելի հստակ սահմանված իրենց կիրառելիության ձեւում, այդքան մեր ուղեղը կսկսի հարմարվել, եւ մենք կդառնանք շատ ավելի արդյունավետ:
Աշխարհով մեկ իմ դասախոսություններում ես հարցնում եմ մասնագետներին, թե ինչպես են նրանք կիրառում ԱԲ-ն: Ամենաերջանիկները նրանք են, որոնք օգտագործում են ԱԲ-ն իրենց աշխատանքի հիմքային մասում: Օրինակ՝ բիզնես իրավաբանները պատմում են, որ իրենց կազմակերպություններում օգտագործում են մասնագիտացված օգնական համակարգեր, որոնք շատ օգտակար են՝ ճիշտ ինչպես փորձնակ ունենալը: Կարծում եմ, որ ներկայումս հենց դա է ԱԲ-ի ճիշտ կիրառության ձեւը՝ օգնական, որը համակարգում է, ամփոփում է եւ անում ժամանակատար «վազվզոցային» աշխատանքը:
Բայց երբ հերթը հասնում է բարձր մակարդակի մտածողությանն ու ռազմավարական խնդիրների լուծմանը, կառավարիչների մեծ մասն ասում են ինձ, որ իրենք այդտեղ չեն ակնկալում ԱԲ-ով փոխարինում: Այն կարող է օժանդակել, սակայն վերջնական որոշումն ու պատասխանատվությունը մնում է մարդ-ղեկավարներինը:
Մյուս ոլորտը, որը ես իրականում առաջին տեղում կդնեի, մարդկային փոխհարաբերություններն են: Կառավարիչների աշխատանքի մեծ մասը մարդկանց հետ զրուցելն է, նրանց մոտիվացնելը, հասկանալը, երբեմն անգամ լացելու համար ուսն առաջարկելը:
Ինչ վերաբերում է մյուս առաջադրանքներին, որոնք ԱԲ-ն կարող է փոխարինել, ապա մտածենք՝ իսկ գուցե դա լա՞վ է: Գուցե մենք կարողանանք վերջապես ազատ ժամանակ ունենալ կենտրոնանալու համար նրա վրա, ինչն իրականում իմաստ ունի: Ես շատերի ասածի հակառակ տեսակետն ունեմ. իսկ գուցե մենք մուտք ենք գործում ոչ թե ԱԲ-ի դարաշրջան, այլ մարդու իրական դարաշրջան: Քանի որ ԱԲ-ն ստանձնում է ռոբոտային առաջադրանքները, որոնք մենք էինք անում, գուցե ժամանակն է, որ մարդիկ փայլեն:
- Հիանալի մոտեցում է, ինձ շատ է դուր գալիս: Բայց միեւնույն կա մտահոգություն, որ եթե մենք չափից շատ հույս դնենք ԱԲ-ի վրա անգամ զուտ օժանդակության համար, դա կարող է մեր ուղեղներն ավելի ծույլ դարձնել կամ բթացնել քննադատական մտածողությունը: Ի՞նչ մտավոր վարժանքներ պետք է մարդիկ անեն՝ միտքը սուր պահելու համար:
- Մոտ մեկ ամիս առաջ LinkedIn-ում գրառում էի կատարել, որը վերածվեց լայն քննարկման: Այն ուշադրության էր առնում փաստը, որ LinkedIn-ի գրառումների կեսից ավելին գրված են ԱԲ-ով: Ես բողոք ներկայացրի, որ բոլոր գրառումները նույնատիպ են՝ դրանք ռոբոտային են, ունեն ճիշտ նույն լեզուն, նույն էմոջիները, նույն կառուցվածքը, նույն բառընտրությունը: Հանկարծ ու բոլորը սկսեցին փայլուն անգլերեն խոսել: Սրա պատճառով շատ մարդիկ դադարել են կարդալ այդ գրառումները, ես նույնպես: Ի՞նչ եմ ուզում ասել սրանով: Կարծում եմ, որ ԱԲ-ն ծուլորեն օգտագործող մարդիկ կբռնվեն դրանում եւ սոցիալապես կպատժվեն: ԱԲ-ն ծուլորեն օգտագործող մարդիկ ծույլ են երեւում, դրանից չեն կարող խուսափել, եւ դա, ի վերջո, կբերի վստահության կորստի: Մենք անգամ նոր տերմին ունենք՝ cognitive offloading (հայ.՝ կոգնիտիվ բեռնաթափում, խմբ.), որը նկարագրում է մարդկանց կողմից իրենց մտածողության կարեւոր գործառույթները ծույլ կերպով ԱԲ-ին պատվիրակելու երեւույթը: Եվ դա արդեն իսկ բացասական է ազդում այդկերպ վարվելու մեջ բռնվող մարդկանց վրա:
Մեկ այլ գործոն նշեմ. սոցիալապես ակտիվ լինելը պահպանում է մեր ուղեղի սրությունը, որովհետեւ մարդկանց հետ մեկտեղ մենք ստանում ենք անկանխատեսելիություն՝ առաջ են գալիս շատ տարբեր մակարդակների զրույցներ տարբեր մարդկանց հետ, որոնց պետք է հարմարվել:
Նաեւ կարծում եմ, որ կազմակերպությունները պետք է պարբերաբար վերանայեն ԱԲ-ի դերն իրենց գործընթացներում՝ սովորությունը կոտրելու համար. ճիշտ նույնկերպ, ինչպես փորձնակի կատարողականն է վերլուծվում:
Իհարկե, կան ուղեղը թարմ պահելու համար վարժանքներ, որոնք ձեզ խորհուրդ կտա յուրաքանչյուր նեյրոգիտնական: Մարմնամարզությամբ զբաղվեք, բնության մեջ ժամանակ անցկացրեք, քիչ կերեք շատ վերամշակված սնունդ, լավ քնեք, ունեցեք լավ փոխհարաբերություններ: Այս հինգը հիանալի են: Կարող եք նաեւ նոր լեզու սովորել, նոր վայրեր այցելել, կոտրել որոշ սովորություններ, կամ անգամ դիմել այնպիսի պարզ հնարքների, որոնցից է, օրինակ, ատամները ձեր ոչ դոմինանտ ձեռքով լվանալը: Նմանատիպ վարժանքները մտքին ճարպկություն են տալիս:
- Դուք նաեւ մասնագիտացած եք նրանում, թե ինչպես կարող են առաջնորդները կիրառել նեյրոգիտությունը իրենք իրենց կատարողականը բարձրացնելու ու թիմերին աջակցելու համար: Սա լայն թեմա է, իհարկե, սակայն կարո՞ղ եք մի քանի հիմնարար գաղափարներով կիսվել՝ ինչպես է նեյրոգիտությունն օգնում առաջնորդությանը:
- Պրոֆեսոր Ալեքսանդրոս Փսիխոգիոսի հետ համատեղ հեղինակել ենք «Նեյրոգիտությունն առաջնորդների համար» (անգլ.՝ «Neuroscience for Leaders») գիրքը: Դրանում մենք ստեղծել ենք ուղեղի ադապտիվ առաջնորդության մոդել՝ «Brain Adaptive Leadership Model», որում նեյրոպլաստիկությունն ու ուղեղի հարմարվողականությունը դնում ենք առաջնորդության հիմքում:
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որում այլեւ անհնար է միայնակ ինչ-որ հաջողություն ունենալ. այլեւս «մեկ մարդու շոու» չկա: Դուք կարիք ունեք ձեր շուրջն ունենալ մոտիվացված, հմտություններով զինված եւ ներգրավված մարդկանց: Դա անելու համար առաջնորդները պետք է աշխատեն չորս հիմնասյուների ուղղությամբ՝ ինչպես իրենք իրենց ուղեղներում, այնպես էլ թիմի անդամների:

Լուսանկարը` անձնական արխիվ
Առաջինը կոգնիտիվ հիմնասյունն է՝ ինչպես ենք ընկալում իրականությունը, վերլուծում այն, կայացնում որոշումներ, կառավարում տեղեկատվությունը, այն է՝ ուղեղի վերլուծական կողմը: Հետո հույզերն են՝ մոտիվացնող մեխանիզմը: Մյուսը վարքն է՝ ձեր սովորություններն ու այն, թե ինչպես եք սովորաբար մոտենում աշխատանքին: Եվ վերջում՝ փոխհարաբերությունները. քանի որ մեր ուղեղը սոցիալական է, փոխհարաբերությունները խորքային նշանակություն ունեն մեր ուղեղի համար:
Ուստի՝ մտածել, զգալ, գործել ու վերաբերվել: Լավագույն առաջնորդներն աշխատում են այս բոլորի ուղղությամբ: Նրանք ունեն ճիշտ վերլուծական գործընթացներ՝ հայտնաբերելու հնարավորություններն ու վտանգները: Նրանք կառավարում են իրենց հույզերն ու ազդում մյուսների հույզերի վրա: Նրանք փոխակերպում են վարքն ու սովորությունները, արդյունքների ձեւավորման վրա կարող են ազդել անգամ այնպիսի փոքր գործոններ, ինչպիսիք են, օրինակ, թե ինչ օրերի եք իրականացնում ժողովները, ինչպես է դիրքավորված ձեր գրասեղանը: Առաջնորդները պետք է այնպիսի միջավայր կառուցեն, որը նպաստում է ճիշտ վարքին. այս պարագայում ֆիզիկական միջավայրը եւս կարեւոր է: Նրանք նաեւ պետք է զարգացնեն ամուր, համագործակցային, բաց եւ հաճախ նաեւ մարտահրավերային հարաբերություններ: Յուրաքանչյուր հիմնասյունն ունի իր ուրույն գիտությունը, ուրույն գործիքներն ու մոդելները:
-Եկեք այժմ զրույցը տեղափոխենք կրթական ոլորտ: Ներկայումս բավականին շատ է քննարկվում, թե ինչպես գտնել տեխնոլոգիաների եւ դասավանդման ավանդական մեթոդների միջեւ ճիշտ հավասարակշռությունը: Հայաստանում, օրինակ, նկատվում է, որ ալֆա սերնդի շատ աշակերտներ ավելի հեշտ են մտապահում այն տեղեկատվությունը, որը ստանում են էկրանից, ոչ թե անմիջապես ուսուցչից: Նմանատիպ զարգացումները հաշվի առնելով՝ ո՞րն է Ձեր կարծիքով լավագույն հավասարակշռությունը արդյունավետ ուսուցման համար:
- Ձեր նշած երեւույթն ուղեղի հարմարվողականության օրինակ է: Ես թվային միգրանտների սերնդից եմ, մինչդեռ նոր սերնդի ներկայացուցիչները թվային աշխարհի բնիկներն են: Բնական է, որ նրանց ուղեղը հարմարվել է նոր իրավիճակին:
Ուստի այո´, թվային փորձառությունն ու թվային կրթությունը պետք է ապագայի ուսուցման մեջ մեծ տեղ զբաղեցնեն: Այդուհանդերձ, մենք պետք է ռազմավարական մշակման միջոցով դրանում մարդկային հաղորդակցության դրվագներ ներդնենք:
Թույլ տվեք օրինակ բերել մեկ այլ ոլորտից: Երբ թվային կամ մոբայլ բենքինգն առաջ եկավ, աշխարհի շատ բանկեր կարծում էին, որ մենք այլեւս չենք ունենք մասնաճյուղեր, այլեւս չենք տեսնի բանկային աշխատակիցների, քանի որ ամեն ինչ կարվի հավելվածի եւ չաթբոթերի միջոցով: Չնայած որ շատ գործառույթներ իրոք իրականացվում են թվային եղանակով, մարդիկ, միեւնույն է, դեռ կարիք ունեն մարդկային հաղորդակցության: Մարդիկ հակված են ավելի բավարարված լինելու իրենց բանկով եւ հավատարմություն պահպանելու կախված նրանից, թե մարդկային ինչ փոխհարաբերություն են ստանում:
Մենք չենք անցնի ամբողջապես թվային կրթության, փոխարենը կպահպանենք համակցված մոտեցումը: Տվյալները ցույց են տալիս, որ մարդկային փոխհարաբերությունները բազմակի ազդեցություն են ունենում մարդու անհատականության եւ դիմակայունության վրա: Եվ սա կարեւոր է, քանի որ կրթությունը միայն գիտելիք ստանալու մասին չէ: Մենք մեր երեխաներին չենք տանում դպրոց միայն գիտելիք ստանալու, միայն պատմություն եւ մաթեմատիկա սովորելու համար: Մենք տանում ենք նրանց դպրոց, որպեսզի սովորեն ինչպես հաղորդակցվել այլ մարդկանց հետ, կառավարել իրենց հույզերը, փոխհարաբերվել լիազորի՝ այս դեպքում ուսուցչի հետ: Սրանք մենք անվանում ենք սոցիալական հմտություններ կամ հուզական դիմակայունություն: Սրանք կարող են լրացվել նաեւ թվային եղանակով, սակայն մենք, ըստ սահմանման, կարիք ունենք մարդկային փոխհարաբերությունների: Ուստի պետք է հասկանանք, թե կրթության որ հատվածն է ավելի լավ անել էկրանի միջոցով, իսկ որ հատվածը՝ մարդկային փոխհարաբերությամբ:
Երբ սա ավելի լավ հասկանանք, մենք կարող ենք մշակել սովորելու ավելի լավ միջավայրեր: Ցանկացած պարագայում մարդկային հարաբերությունը դուրս չի մնա, որքան էլ որ պակասի, այն կշարունակի շատ կարեւոր ռազմավարական դեր կատարել:
-Դուք Յորքի համալսարանի եվրոպական կամպուսում ղեկավարում եք նեյրոմարքեթինգի մագիստրոսական ծրագիրը: Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի բոլոր կրթական ծրագրերում առանձնահատուկ շեշտադրում կա քննադատական մտածողության վրա: Նեյրոմարքեթինգը կենտրոնանում է մարդկային վարքագիծը հասկանալու եւ դրա վրա ազդելու ուղղությամբ, մինչդեռ քննադատական մտածողությունը զորացումն է մարդկանց՝ հարցեր տալու մարդկանց եւ նման ազդեցություններին դիմակայելու կարողությունները: Այստեղ հակադրություն տեսնու՞մ եք:
- Լավ հարց է, սակայն պատասխանը զարմանալիորեն պարզ է: Մարքեթոլոգի աշխատանքը որեւէ մեկի վրա ազդեցություն ունենալը չէ այն իմաստով, որ մարդն անի այն, ինչ մարքեթոլոգն ուզում է: 1960-ականներից սկսած՝ մարքեթինգի նպատակն է բացահայտել մարդկանց ցանկություններն ու տալ նրանց այն, ինչ նրանք արդեն իսկ ուզում են: Մարքեթինգը հույզերի, ցանկությունների, վախերի ապակոդավորման եւ դրա շնորհիվ նշանակալի, արժեքավոր առաջարկ անելու մասին է:
Մասնավորապես, նեյրոմարքեթինգը չափում է ուղեղի բնական արձագանքները, հիմնականում՝ անգիտակցական: Մենք օգտագործում ենք տարբեր գործիքներ, օրինակ՝ հայացքին հետեւելը կամ էլեկտրաէնցեֆալոգրամմա, որպեսզի հասկանանք, թե ինչն է գրավում ուղեղին, եւ հետո արձագանքում դրան: Անգամ եթե մենք ցանկանում ենք ներազդել մարդու վարքագծի վրա, օրինակ՝ օգնել մարդուն հաղթահարել ծխելը, մենք պետք է հասկանանք նրա թաքնված վախերն ու ցանկությունները, գտնենք հակադրվող հուզեր, որոնք արդեն իսկ առկա են (քանի որ չենք կարող ոչնչից ստեղծել դրանք), եւ հղել ուղերձն այդ ուղղությամբ: Օրինակ՝ դուք սիրում եք ծխել, բայց դուք նաեւ սիրում եք ձեր փոքր երեխային, եւ ցանկանում եք ավելի երկար ապրել՝ նրա հետ լինելու համար:
Նեյրոմարքեթինգում մենք ամուր էթիկական եւ անձնական տվյալների պաշտպանության կանոններ ունենք: Նեյրոմարքեթոլոգ դառնալու համար անձը պետք է հետեւի նեյրոմարքեթինգի ու նեյրոմարքեթինգային հետազոտության էթիկական կանոնագրքին, ինչպես նաեւ ԵՄ-ում կամ այլ երկրներում առկա տվյալների պաշտպանության օրենքներին: Սա կանոն է, որը չենք սակարկում: Սա նաեւ սովորեցնում ենք իմ ղեկավարած մագիստրոսական ծրագրում:

Լուսանկարը` անձնական արխիվ
Այդուհանդերձ, նմանատիպ գիտելիքն ու տվյալները կարող են չարամտորեն օգտագործվել: Օրինակ՝ սոցիալական ցանցերը նախագծվել են հենց մարդկանց կախվածության մեջ գցելու համար: Դրանք գտնում են այն, ինչ քեզ արդեն իսկ դուր է գալիս, եւ դրանից քեզ շատ առաջարկելով՝ ստիպում, որ ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնես իրենց հարթակներում: Մտավախություն ունեմ, որ ԱԲ համակարգերը, առանց կարգավորումների եւ էթիկայի աշխատելու դեպքում, կարող են եւս չարամտորեն օգտագործել տվյալները: Եվ այստեղ եւս մենք անգամ մենք հանգում ենք բարձրորակ կրթության, քննադատական մտածողության եւ լավ խորհրդատուներ ունենալու կարեւորությանը:
- Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ տեխնոլոգիաների կողմից աշխարհի հեղաշրջման գաղափարը ավելի շատ PR է, քանի որ մարդիկ չեն ծնվում որպես «tabula rasa»՝ դատարկ գրատախտակ: Դուք հավատու՞մ եք, որ այդ տարբերությունը միշտ կտարանջատի մարդկանց եւ արհեստական բանականությանը՝ անկախ նրանից, թե ժամանակի ընթացքում որքան կզարգանա ԱԲ-ն եւ որքան դեգրադացիա կապրի մարդկությունը:
- Մի հետաքրքիր երեւույթ կա մարդկանց մոտ՝ «anthropomorphizing», երբ օրինակ մի քար ենք տեսնում ու այն նմանեցնում մարդկային դեմքի, կամ նայում դելֆինին ու կարծում, թե ժպտում է: Մենք հակված ենք մարդկային հատկանիշներ վերագրելու ոչ-մարդկանց՝ կենդանիների եւ անգամ առարկաների: Սա ուղեղի շատ կարեւոր գործառույթներից է:
Հիմա եթե սա համադրենք մարդու ուղեղի՝ փոխհարաբերություններ ձեւավորելու կարծր միտմանը, կհասկանանք, թե ինչու են մարդիկ ռոմանտիկ հարաբերություններ սկսում ChatGPT- հետ: Ինչպես ասացի, դեռ շատ վաղ է ասել՝ սա կշարունակվի, թե կանցնի: Սակայն ռոբոտները կդառնան շատ հմուտ մարդկային վարքագծի նմանակման մեջ, եւ մեր ուղեղները դա կընդունեն, որովհետեւ մենք խորապես կարիք ունենք հաղորդակցման:
Մարդիկ անգամ շնորհակալություն են հայտնում ChatGPT–ին, եւ դա գեղեցիկ է, դա ցույց է տալիս մեր մարդկայնությունը: Մարդկանց մեծ մասն ի բնե լավ են, երբեմն լավ մարդիկ անում են վատ արարքներ, սակայն մարդկանց լայն մեծամասնությունը լավ է կամ պոտենցիալ իմաստով է լավը: Մենք ցանկանում ենք կապ հաստատել, քաղաքավարի լինել, ներգրավվել, զգալ ինչ-որ բան:
Ռոբոտները կշարունակեն կատարելագործվել մարդկային հարաբերությունների նմանակման մեջ, ու շատ մարդիկ կարձագանքեն դրան, ինչու՞: Որովհետեւ մենք, որպես հասարակություն, ձախողում ենք նրանց տալ իրական մարդկային կապ: Եթե մարդիկ հուզական եւ անգամ ռոմանտիկ կապեր են ձեւավորում արհեստական բանականության մեջ, դրանում պետք է մեղադրենք մեր համայնքների թուլությունը: Մարդիկ ծարավ են հույզերի, կապի, զրույցի, հասկացված լինելու, քաղաքավարության: Նրանք ծարավ են նրա, որ որեւէ մեկը բարի գտնվի իրենց հանդեպ, օգնի իրենց անձնուրաց ձեւով՝ առանց թաքնված օրակարգի: Եվ քանի դեռ նրանք չեն կարողանում դա գտնել մարդկանց մեջ, որտե՞ղ պետք է փնտրեն՝ ռոբոտներում, որոնք կշարունակեն նմանակել մարդկանց՝ չդառնալով մարդ, սակայն միշտ նմանակելով: Եվ որոշ մարդկանց համար դա կարող է բավարար լինել առնվազն որոշակի ժամանակահատված:
- Հիշատակածս նույն հարցազրույցի վերջում դուք նշում եք, որ նեյրոգիտության շնորհիվ մենք ունակ ենք «մեզ իջեցնելու կարեւորության վերացական լեռից»՝ տեսնելու, թե ինչն է իրականում կարեւոր: Ուստի ուզում եմ հարցնել Ձեզ, Դուք գտե՞լ եք պատասխանն այդ հարցի, ի՞նչն է իրականում կարեւոր:
- Այդ հարցի պատասխանն արդեն հնչել է՝ մարդկային փոխհարաբերությունները:
Հարվարդի բժշկական դպրոցում կա 86 տարի շարունակվող ուսումնասիրություն, որը կոչվում է «Grant Study»։ Այն սկսվել է դեռեւս 1930-ականներին՝ հետեւելով շուրջ 250 տղամարդու, իսկ ավելի ուշ ընդգրկելով նաեւ կանանց եւ նրանց երեխաներին։ Ամեն տարի մասնակիցներն անցնում էին բժշկական եւ հոգեբանական թեստեր։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ մարդկանց առողջության եւ երջանկության մակարդակը կախված էր նրանց ունեցած մարդկային հարաբերությունների որակից եւ քանակից։ Նրանք, ովքեր շրջապատված էին սիրով, հոգատարությամբ, աջակցությամբ եւ ընկերներով, ավելի երկար ու երջանիկ էին ապրում, անգամ փոքր-ինչ ավելի հաջողակ էին:
Ուստի, եթե ուզում եք իմանալ՝ ինչպիսին կլինի ձեր կյանքը 80 տարեկանում, մի նայեք 50 տարեկանում ձեր արյան ճնշմանը կամ լաբորատոր թեստերի արդյունքներին: Փոխարենը տեսեք, թե ինչ հարաբերություններ ունեք։
Երբ ես մարդկանց հարցնում եմ՝ ի՞նչն է մեզ մարդ դարձնում, շատերը պատասխանում են՝ մտածելը։ Բայց հենց դա է ինքնահավանության վերացական լեռը: Մտածելն ինքնանպատակ չէ։ Մտածելն առկա է կոնկրետ նպատակի համար: Եվ այսօր մենք հասկանում ենք, որ մտածողությունը զարգանում է մեզ օգնելու համար հաղորդակցվել այլ մարդկանց հետ, կողմնորոշվել բարդ սոցիալական հարաբերություններում: Այն փաստը, որ հիմա մենք նույն մտավոր գործիքներն օգտագործում ենք ալգորիթմներ գրելու համար, թեեւ հրաշալի է, բայց չի եղել սկզբնական նպատակը։
Ուստի պատասխանն, ի վերջո, այս է՝ Մարդը։ Միշտ եղել է այդպես եւ միշտ կլինի:
Նիկոլաոս Դիմիտրիադիսի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: