Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով "մենք ձեռք ենք բերում սարքավորումներ եւ ծառայություններ անընդունելի բարձր գներով"։
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքները, վարչապետն ասել է, որ վարկային միջոցների ծախսման վերահսկողությունը “շատ ֆորմալ” բնույթ է կրում:
“Ֆորմալ առումով բոլորը ճիշտ են, ոչ մեկը ոչ մի չարաշահում թույլ չի տալիս, բայց Վերահսկիչ պալատը մի քանի վարժություն է արել: Օրինակ, ձեռք ենք բերել սարքավորումներ ստանդարտների ինստիտուտի համար: Պարզվում է, որ նմանատիպ սարքավորումներ կարելի է ձեռք բերել առնվազն 2 անգամ ավելի էժան”, - նկատել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նաեւ դժգոհություն է հայտնել վարկային միջոցների հաշվին արտասահմանից հրավիրվող փորձագետների աշխատանքի արդունավետությունից:
«Գրում են հաշվետվություններ, տալիս են խորհուրդներ, պատրաստում են օրենքի նախագծեր: Փորձն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ փաստաթղթերի կիրառությունը ոչ պատշաճ մակարդակի վրա է գտնվում: Այսօրվանից պետք է հրաժարվենք վարկային միջոցների հաշվին տեխնիկական օժանդակություն ստանալուց: Տալիս եմ հանձնարարական բոլոր նախարարություններին` վերանայել իրենց վարկային ծրագրերը Համաշխարհային բանկի հետ եւ տեխնիկական օժանդակության խնդրանքները հանել ծրագրերից։ Մեր նախարարություններն ունեն բավարար ինտելեկտուալ կարողություններ, որպեսզի ինքնուրույն վերլուծություններ իրականացնեն բոլոր բնագավառներում եւ համաշխարհային փորձը կարողանան ուսումնասիրել», - ասել է վարչապետը: