Ռուբեն Վարդանյան. Արցախի հարցը իշխանությունների համար վերջին տեղում է - Mediamax.am

1025767 դիտում

Ռուբեն Վարդանյան. Արցախի հարցը իշխանությունների համար վերջին տեղում է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանն այսօր հանդես է եկել իշխանությունների քննադատությամբ՝ միաժամանակ նշելով, որ «պատերազմի ժամանակ անթույլատրելի է վտանգել սեփական երկրի իշխանությունների լեգիտիմությունը` ինչպիսին էլ որ դրանք լինեն»:

Նա, մասնավորապես, ասել է.

 

«Մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում,  որտեղից շատերը ելքի երկու տարբերակ են տեսնում, որոնք երկուսն էլ ինձ համար անընդունելի են:

 

Մի տարբերակը ձեւացնելն է, թե իրավիճակը վերահսկողության տակ է, որ բանակն ամեն ինչով ապահովված է, որ իշխանություններն ամեն ինչ ճիշտ են անում, եւ որ նրանց քաղաքականությունը կհանգեցնի ստատուս քվոյի վերականգնման եւ երկարաժամկետ խաղաղության: Ես չեմ հավատում դրան, քանի որ գիտեմ եւ տեսնում եմ, որ դա այդպես չէ: Ես հասկանում եմ, որ այս պատերազմում ներքաշված են շատերը, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարությունը:  Ինձ համար անընդունելի է նաեւ, որ Արցախի հարցի առաջնահերթությունը, մեր հայրենակիցների ճակատագիրը եւ շատ կարեւոր այլ արժեքներ նրանց համար վերջին տեղում են:

 

Մյուս տարբերակը՝  իշխանություններին դավաճանության մեջ մեղադրելն է, հանրահավաքներին միանալն ու նրանց հրաժարականը պահանջելը:  Ակնհայտ  է, որ իշխանությունները չեն կարողանում  հաջողել ո՛չ պաշտպանության, ո՛չ  դիվանագիտության մեջ, ո’չ տեղեկատվական պատերազմում եւ, ամենակարեւորը` չեն կարողանում վտանգի պահին համախմբել հասարակությունը: Նրանք առհասարակ որեւէ բանում չեն հաջողում: Բայց այս երկրորդ տարբերակը եւս այս պահին ընդունելի չէ ինձ համար, քանի որ պատերազմի ժամանակ անթույլատրելի է վտանգել սեփական երկրի իշխանությունների, ինչպիսին էլ որ դրանք լինեն, լեգիտիմությունը:

 

Նախ՝ պետք է առնվազն հաղթահարել պատերազմի սուր փուլն ու վտարել ագրեսորին մեր երկրի սահմաններից:  Դրանից հետո արդեն՝ մտածել երկրի ներքին հարցերով զբաղվելու մասին:

 

Ես անում եմ ու շարունակելու եմ անել այն, ինչ կարող եմ եւ  ա՛յն ուղղություններով, որտեղ իսկապես կարող եմ օգտակար լինել: Ես վստահաբար հավատում եմ մեր հաղթանակին, քանի որ ճանաչում եւ շփվում եմ իրական հայրենասերների հետ, եւ  հավատացեք, որ մենք շատ ենք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին