Հայաստանը ՆԱՏՕ-ից ընթացիկ փորձագիտական օժանդակություն կստանա - Mediamax.am

4222 դիտում

Հայաստանը ՆԱՏՕ-ից ընթացիկ փորձագիտական օժանդակություն կստանա


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության վարչության գործընկերության եւ համագործակցության բաժնի պետ Դոկտոր Ալբերտո Բինի գլխավորությած պատվիրակությունը օգոստոսի 7-9-ին Երեւանում քննարկել է «Բարեվարքության ամրապնդումը - Building Integrity» նախաձեռնության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող քայլերը եւ մեթոդական օժանդակություն տրամադրել նախաձեռնության ինքնագնահատման հարցաշարի լրացման հարցերում:

Ըստ ՀՀ ՊՆ լրատվական ծառայության, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ուղեկցում էր Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ուիլյամ Լահյուն: 

 

Խմբի անդամներն առանձին հանդիպումներ են ունեցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հետ:

 

Նախարարի առաջին տեղակալի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բարեվարքության ամրապնդման նախաձեռնության քաղաքականությունը` ՀՀ պաշտպանական բարեփոխումների, Պաշտպանության ռազմավարական վերանայման եւ միջազգային գործընկերների հետ համագործակցության համատեքստում: Կարեւորվել է ծրագրի ինքնագնահատման փուլի ընթացքում այլ պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության անհրաժեշտությունը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՆԱՏՕ-ի կողմից ընթացիկ փորձագիտական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ:

 

ՀՀ ՊՆ առաջարկությամբ, ՆԱՏՕ-ի խմբի անդամներն այցելել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ եւ ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտ:

 

«Բարեվարքության Ամրապնդում» նախաձեռնությունը ՆԱՏՕ-ի, մի շարք երկրների եւ միջազգային հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով մշակված պաշտպանական ոլորտի հակակոռուպցիոն ծրագիր է, որին 2013թ. միացել է նաեւ Հայաստանը` ի դեմս ՊՆ-ի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին