Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն այսօր հայտարարել է, որ «այս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում»։
Ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույց, որտեղ նշվում է՝ «միաժամանակ, պայմանագրահենք խաղաղության եւ միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում, որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների եւ էսկալացիայի առաջացման ռիսկը»:
«Որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024 թվականից մեկնարկած սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների նորմալացման գործընթացի ձգձգումները էականորեն ավելացնում են կայուն խաղաղության հաստատման մասով Ադրբեջանի իրական մտադրության վերաբերյալ անորոշությունը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագրահենք խաղաղության եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը ստեղծում է միջպետական լարված հարաբերությունների պահպանման իրական ռիսկ, որն ավելի կարող է խորանալ տարածաշրջանում դաշնակցային վերադասավորումների կամ պատմական դաշնակցային հարաբերությունների վերափոխումների ազդեցությամբ։
Այս շրջանակում Ադրբեջանը շարունակելու է ավելի շարժունակ ստորաբաժանումների անցման, դրանց ռեզերվի պատրաստման, նոր սպառազինության ձեռքբերման եւ ներկրման, ինչպես նաեւ ռազմական ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները»,- ասվում է ծառայության զեկույցում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: