Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ արեւելյան սահմանագոտու հատվածում երեկ իրականացրած գործողությունների արդյունքում «բալանսը չի փոխվել, նրանք ոչ ավելի խորացել են ՀՀ տարածքում եւ ոչ էլ հակառակը»։
Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի 41 քառակուսի կիլոմետր տարածքը օկուպացրել է մայիսի 12-ից հետո ընկած ժամանակահատվածում։
«Այնպես չէ, որ այդ տարածքն ամբողջությամբ ու լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Մայիսի 12-ից հետո տեղի ունեցած գործընթացի հետեւանքով տարբեր հատվածներում մեր եւ Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը դասավորվել են շախմատաձեւ, երբեմն մխրճված են մեկը մյուսի մեջ։ Մայիսի 12-ից առաջ էլ ՀՀ շուրջ 40 եւ ավելի քառակուսի կիլոմետր տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ առաջին պատերազմի հետեւանքներով։ Առաջին պատերազմի արդյունքներով նաեւ Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել եւ գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո, այս հանգամանքների բերումով է, որ շատ կարեւորվում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրությունն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսեն քննարկել, լուծման բանաձեւեր գտնել եւ գործընթացը դնեն լուծման ռելսերի վրա։
«Քանի դեռ այս իրավիճակները կան, միջազգային հանրությունը դրանք դիտում է որպես լարվածության աղբյուր։ Մենք ընդունում ենք միջազգային հանրության ուղերձը»,- ասել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից դրա ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու պատճառով:
«Ես դեռեւս 2021 թվականի մայիսին կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը՝ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ: Մայիսին եւ դրանից հետո Ռուսաստանը երեք անգամ հանդես է եկել առաջարկով, եւ բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով գնալ առաջ: Կարծում եմ, որ սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարեւոր է եւ նախկինում մեր արած առաջարկություններն ուժի մեջ են, այդ թվում՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»,- ասել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: