Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Մեդիամաքս-ին ասել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում:
Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նախարարը պարզաբանել է այսօրվա ասուլիսում իր հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումը ժամանակավորապես դուրս է բերվել Կոսովոյից:
Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ հայ խաղաղապահները Կոսովոյում ծառայում էին հունական հրամանատարության ներքո, իսկ հունական կողմը, ֆինանսական պատճառներից ելնելով, կրճատել է իր մասնակցությունը KFOR գործողությանը:
Նախարարն ասել է, որ Կոսովոյին դուրս բերված հայկական ստորաբաժանումը ներկայումս գտնվում է Երեւանում, սակայն եթե գործընկեր-երկրներից որեւէ մեկը առաջարկի նույն պայմանները, որոնք գործում էին հունական հրամանատարության ժամանակ, Հայաստանը պատրաստ է շարունակել խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում: Խոսքը հիմնականում գնում է թիկունքային ապահովման ծախսերի մասին:
Նախարարն ասել է, որ Հայաստանը նման նախնական առաջարկ է ստացել Հունգարիայից, որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում:
Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, Սեյրան Օհանյանը բացառել է, որ Կոսովոյից դուրս բերված ստորաբաժանումը համալրի Աֆղանստանում հայկական կոնտինգենտի շարքերը:
Այսօրվա ասուլիսում նախարարը հիշեցրել էր, որ 2011թ. Հայաստանը եռապատկել էր Աֆղանստանում ծառայող իր զինվորների քանակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: