Վարչապետն անդրադարձել է Մեդիամաքս-ի հրապարակմանը եւ հանձնարարական տվել ոստիկանապետին - Mediamax.am

6295 դիտում

Վարչապետն անդրադարձել է Մեդիամաքս-ի հրապարակմանը եւ հանձնարարական տվել ոստիկանապետին


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր անդրադարձել է այն խնդրին, որի մասին երեկ գրել էր Մեդիամաքս-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:

 

“Վերջին շրջանում բողոքներ ենք ստանում ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններից, մասնավորապես, վարորդական իրավունքների եւ մեքենաների գրանցման հարցերում: Այս խնդրի շուրջ տրվել են հանձնարարականներ ոստիկանապետին, եւ մենք կարճ ժամանակում պետք է բարելավենք ծառայությունների որակը: Սա այն ոլորտն է, որտեղ տարեկան 300 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ շփվում են պետության հետ: Ձեւավորվում է վերաբերմունք պետության նկատմամբ, եւ եթե այդ ծառայություների որակը մեզ չի բավարարում, նշանակում է` կա դժգոհություն: Խնդրի արմատական լուծման համար ապրիլին մենք շահագործման ենք հանձնելու Նուբարաշենում ճանապարհային ոստիկանության ծառայության նոր մասնաշենքը, որը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով: Մենք արդեն իսկ ծրագրային ապահովման ուղղությամբ եւ տվյալների միասնական բազայի ուղղությամբ աշխատանքները սկսել ենք: Իրատեսական ենք համարում, որ ապրիլին մեր քաղաքացիները պետք է սպասարկվեն առավելագույնը 20 րոպեի ընթացքում` այսօրվա մեկ ժամվա փոխարեն: Այսօր կուտակվում են հերթեր, եւ ես հանձնարարել եմ ոստիկանապետին, որպեսզի այս խնդիրը վերցնի իր անձնական հսկողության տակ. ավելացնել աշխատողների քանակը եւ նվազեցնել այսօրվա ծանրաբեռնվածությունը, որն առկա է այս ոլորտում”, - ասել է վարչապետը:

 

Անդրադառնալով պետության կողմից մատուցվող ծառայությունների որակին, Տիգրան Սարգսյանն ասել է, որ առաջընթաց է գրանցվել Կադաստրի պետական կոմիտեում, ձեռնարկությունների գրանցման, անձնագրերի տրամադրման ոլորտում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին