Երեւան: Մեդիամաքս: Այսօր՝ ժամը 04:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով` հետ շպրտել նրանց ելման դիրքերը:
Ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Գրիգորյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, դեկտեմբերի 3-ին եւ լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82-միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17, ՌԳՊ-7 նռնականետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:
ՊԲ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի ականանետային եւ հրթիռային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
«ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկվում են պատժիչ գործողություններ` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար»,- նշել են ՊԲ-ում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: